Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը ներկայացրեց հայկական խեցեգործությունը

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը ներկայացրեց հայկական խեցեգործությունը

ԳԱՎԱՌ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում տեղի գիտաշխատողների ուժերով Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի  քաղաքապետարանի աշխատակիցներին, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներին, ուսանողներին ներկայացվեց  թանգարանում պահպանվող խեցեգործական իրերի մասին դասախոսություն եւ ընդհանուր տեղեկատվություն: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում ներկաները ծանոթացան  Գեղարքունիքի մարզի  տարբեր բնակավայրերից պեղված, տարբեր պատմական ժամանակաշրջաններ արտացոլող  եւ թանգարանում ցուցադրվող խեցեղեն նմուշներին:

«Նախորդ դարի 80-ականների սկիզբն էր, երբ մեր համաքաղաքացի Ռազմիկ Մելոյանը իր տան բակում, շինարարություն կատարելիս, անակնկալ հայտնաբերել է Ք.Ա. 1-ին հազարամյակի դամբարան: Դամբարանում նա գտավ մարդու ամբողջական ոսկորներ, ապարանջան, երկաթե սուր եւ խոյակերպ մի սափոր: Ռազմիկին հաջողվել է անվնաս հողից դուրս բերել միայն սափորը, որն այսօր խնամքով պահպանվում է Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում»,- նշեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը:

Ռազմիկ Մելոյանը, ով հրավիրված էր միջոցառմանը, կոչ արեց համերկրացիներին՝ ցանկացած հնագիտական նշանակության իր հանձնել թանգարանի պահպանությանը:

«Հնում  մարդիկ իրենց սերումը կապել են ինչ-որ կենդանու հետ եւ պատրաստել  տվյալ  կենդանուն պատկերող կավե նմուշներ ու դրանք դարձրել պաշտամունքի առարկաներ: Գտնված  խոյակերպ սափորն էլ դրա վկայությունն է. այն ունի բացառապես ծիսական նշանակություն: Այս խոյակերպ սափորի կողքին, պահպանվում են շատ ու շատ խեցեղեն նմուշներ, որոնք թվագրվում են Ք.Ա. 3-րդ հազարամյակով եւ դրան հաջորդող ժամանակներով: Խեցեգործական արվեստը մեզանում գալիս է հազարամյակների խորքից, որի հիմնական մասը դեռեւս գտնվում է չպեղված` հազարավոր  դամբարաններում, հողի տակ թաղված հին կամ միջնադարյան բնակատեղիներում»,- ընդգծեց  թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը: Բանախոսը ներկայացրեց  նաեւ խեցեգործական իրերի պատրաստման տեխնոլոգիական միջոցները: «Մարդիկ ծեփելու, ձեռքի կամ ոտքի դուրգի միջոցով պատրաստել են տարատեսակ կավե նմուշներ: Հետաքրքիր են հատկապես կովի ստինքին նմանվող գնդաձև ամանները, որոնց թվաքանակը հնում ցույց է տվել, թե որքանով է տվյալ ժամանակաշրջանում ու տվյալ տարածքում զարգացած եղել կաթնարտադրությունը»,- հավելեց  Մանյա Չարվադարյանը:

«Խոսում է կավը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը: Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզում  խեցեգործության  բացառիկ  նմուշներ են ժամանակին գտնվել Նոր Բայազետում, Հացառատում, Սարուխանում, Լճաշենում, բազմաթիվ այլ համայնքներում: «Հայկական կավը աշխարհին հայտնի է եղել իր յուրօրինակությամբ: Օրինակ` մի արաբ բժիշկ նշել է, որ եթե հայկական կավը խառնեն թույլ գինու հետ, այն պարզապես հրաշքներ կգործի՝ բուժելով ամենատարբեր հիվանդություններ: Կավն այսօր օգտագործվում է նաեւ օճառի բաղադրության մեջ: Կավի ուժը ժամանակին գովերգել է Օմար Խայամը՝ իր քառատողերից մեկում  կուժը համարելով վշտոց  սիրահար: Հողը լռություն է, լուռ իմաստություն, նրան միանում է կրակը, հետո` ջուրը, եւ ծնվում է կավը: Սակայն, երբ այդ երեքին գումարվում է Արարչի ոգին, ծնվում է ոգեղեն նյութը»,- հայկական խեցեգործությունն այսպես  արժեւորեց  թանգարանի ավագ գիտաշխատողը:

 

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]