1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սիրո մասին`«Առանց սահմանների». կինոթատրոններում նոր կատակերգություն կցուցադրվի

Սիրո մասին`«Առանց սահմանների». կինոթատրոններում նոր կատակերգություն կցուցադրվի

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ ֆիլմում ամփոփվել են գեղեցիկ սիրո չորս պատմություններ, որոնք անտարբեր չեն թողնի կինոսերներին: Սեպտեմբերի 25-ին «Սինեմա Սթար» կինոթատրոնում անցկացվեց միջազգային արտադրության «Առանց սահմանների» կատակերգության նախադիտումը, որին մասնակցեցին նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Վառ ու կրքոտ, միամիտ ու անհեթեթ, հուզիչ ու տխուր, երջանիկ ու անխոհեմ սիրո մասին նոր` «Առանց սահմանների» կատակերգության միջոցով պատմում են հայտնի ռեժիսորներ Ռեզո Գիգինեիշվիլին («Տապ», «Սեր ակցենտով»), Ռոման Պրիգունովը («Դուխլես», «Դուխլես 2») և Կարեն Հովհաննիսյանը («Հինգ հարսնացուներ»): Ֆիլմը հայկական կինոթատրոններում կցուցադրվի հոկտեմբերի 22-ից:

«Մենք այսօր առավոտյան պրեմիերա ենք ունեցել Թբիլիսում, և եթե դուք տեսնեիք, թե դերասան Հրանտ Թոխատյանի անունը լսելիս ինչպես էին մարդիկ ծափահարում, ևս մեկ անգամ հպարտություն կապրեիք: Երջանկություն է նրա նման ընկեր ունենալը, ում անունը Հայաստանում լսելիս մեր առջև բացվում էին բոլոր դռները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆիլմի ցուցադրությունից հետո նշեց ռեժիսոր Ռեզո Գիգինեիշվիլին` հավելելով, որ առաջին հերթին ֆիլմում խաղալու համար ընտրել են Հրանտ Թոխատյանին:

Հրանտ Թոխատյանն ընդգծեց, որ Հայաստանը չճանաչող մարդիկ կծանոթանան մեր երկրին կինոնկարի միջոցով: «Հայաստանին ծանոթ մարդն այս ֆիլմի միջոցով մեկ անգամ ևս կվերադառնա այն վայրերը, ուր եղել է»,- նշեց նա:

«Առանց սահմանների» ռոմանտիկ կատակերգության դեպքերը սկսվում են Մոսկվայի օդանավակայանում, որտեղից գլխավոր հերոսները ուղևորվում են հետաքրքիր ճամփորդության: Այցելում են Հայաստանի գեղեցիկ լեռնային հովիտները, սուզվում են Թբիլիսիի կանաչ փողոցների և Մոսկվայի տոնական լույսերի մեջ: Կինոնկարի ռեժիսորներն են Ռեզո Գիգինեիշվիլին, Կարեն Հովհաննիսյանը, Ռոման Պրիգունովը: Դերերում հանդես են գալիս Իննա Չուրիկովան, Օլեգ Բասիլաշվիլին, Ալեքսանդր Ադաբաշյանը, Հրանտ Թոխատյանը, Նատալիա Վդովինան, Աննա Չիպովսկայան, Իվան Յանկովսկին, Ռավշանա Կուրկովան, Ալեքսանդր Պալը, Միլոշ Բիկովիչը, Մարիա Շալաևան, Սայերա Սաֆարին, Եգոր Կորեշկովը, Անաստասիա Ստեժկոն, Ռոման Մայակին:

Ֆիլմի պրեմիերաները կկայանան այն բոլոր քաղաքներում, որտեղ կատարվել են դեպքերը` Մոսկվայում, Թբիլիսիում, Երևանում և Ալմաթիում: Ֆիլմի դերասանները և նկարահանող խմբի մասնակիցները կներկայացնեն իրենց աշխատանքը Վրաստանի, Հայաստանի և Ղազախստանի հանդիսատեսին` սեփական փորձով ցույց տալով, որ, ինչպես «Առանց սահմանների» կատակերգությունում, կյանքում ևս կան երեւույթներ, որոնք սահմաններից, պայմանականություններից և կարծրատիպերից ուժեղ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]