Երևանյան բեսթսելեր 3/31. Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը վերադարձել է վարկանիշային աղյուսակ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Գրիգոր Նարեկացու` «ՄՀՄ», «Նաիրի» հրատարակչությունների լույս ընծայած «Մատյան ոբերգության» ժողովածուն երկրորդն է:
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը: Գիրքը, որ Հայոց ցեղասպանության փաստը մեկնաբանում է նորովի, արդեն թարգմանվել է մի քանի լեզուներով, իսկ ԱՄՆ-ում ճանաչվել է բեսթսելեր: «Ավազե ամրոցի աղջիկները» հրատարակվել է 2012թ.: Այս վեպի հիման վրա ԱՄՆ-ում գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում: «Սա լավագույն գիրքն է, որ ես երբեւէ կգրեմ ու ամենակարեւորը`իմ բոլոր գրածների մեջ: Սրտի խորքում ես դա գիտեմ»,- մի առիթով ասել է հեղինակը:
Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ չորրորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:
Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:
Ռումինահայ քաղաքական գործիչ և գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը վեցերորդ հորիզոնականում է: Հայոց ցեղասպանության արհավիրքների և օտար ափերում վերապրել փորձող հայ տարագիրների մասին գրեթե փաստագրական ճշգրտությամբ պատմող այս ցնցող գործը վերահրատարակվել է հայերեն:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, յոթերորդն է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը ութերորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը», իններորդ հորիզոնականում է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:
Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Ջորջ Օրուելի «1984» վեպը: Այն ընդգրկված է «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23 ): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | 0 |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես/Էդիթ Պրինտ | 15/8 | |
2 | 0 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ոբերգության» |
ՄՀՄ/Նաիրի | 12/10 | |
3 | * |
Քրիս Բոհջալյան «Ավազե ամրոցի աղջիկները» |
Ծիծեռնակ | 10 | |
4 | +3 |
Վահան Հովհաննիսյան «Մանդիլիոն» |
Անտարես | 10 | |
5 | 0 |
Անրի Վեռնոյ «Մայրիկ» |
Առ Էդիթ | 8 | |
6 | * |
Վարուժան Ոսկանյան «Շշուկների մատյան» |
Անտարես | 8 | |
7 | +1 |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 6 | |
8 | -2 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 6 | |
9 | * |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» |
Անտարես | 6 | |
10 | 0 |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 6 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում