1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հրանուշ Հակոբյանն ու ֆրանսիացի սենատորը քննարկել են փախստականների ինտեգրման հարցը

Հրանուշ Հակոբյանն ու ֆրանսիացի սենատորը քննարկել են փախստականների ինտեգրման հարցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Ֆրանսիայի սենատի անդամ Ժան-Իվ Լեկոնտին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի պատերազմի հետևանքով Եվրոպայում հայտնված հազարավոր փախստականների տեղավորման, սոցիալական և այլ խնդիրների լուծման, ինտեգրման գործընթացին առնչվող հարցեր: Սենատորը նշել է, որ իրենք լուրջ խնդրի առջև են կանգնած, և խնդրել է սփյուռքի նախարարին ներկայացնել Հայաստանում սիրիահայերի հետ կատարված և կատարվող աշխատանքները:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախարարը, մասնավորապես, նշել է. «Սիրիայում մենք շատ հզոր, կազմակերպված, ամուր համայնք ունեինք, որը, ցավոք սրտի, 4 տարի շարունակվող պատերազմի հետևանքով այսօր գրեթե փլուզվել է. 17 հայ զոհվել է, 300-ից ավելին վիրավորվել, տասնյակ մարդկանց առևանգել է «Իսլամական պետություն»-ը և համայնքի 80 տոկոսն այսօր փախստական է: Նրանցից 17 հազարն այսօր ապաստանել է Հայաստանում, իսկ տասնյակ հազարներն էլ մեկնել են Եվրոպա, ԱՄՆ, Կանադա: Բոլորին տուն, աշխատանք է պետք, պետք է լուծել նաև նրանց ուսման, առողջապահական, սոցիալական այլ խնդիրները, ինտեգրման հարցեր: Կառավարության կազմակերպած աշխատանքներին զուգահեռ` մեծ օգնություն և աջակցություն են ցուցաբերում հայկական բարեգործական կազմակերպությունները: Սփյուռքը մեծ օգնություն է ցուցաբերում Սիրիայում մնացած մեր հայրենակիցներին, որոնք ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ էլ ապրուստի միջոց: Վերջին ամիսներին ավելացել է փախստականների հոսքը Իրաքից՝  հատակապես քրդական տարածքներից»:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի սենատի դերը ֆրանս-հայկական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև հայ համայնքի քաղաքական ակտիվ դերակատարությունը՝ հավելելով, որ Ֆրանսիայի հայ համայնքի նման գործելակերպը օրինակ է հայկական սփյուռքի շատ այլ համայնքների համար:

Սենատոր Ժան-Իվ Լեկոնտը շնորհակալություն է հայտնել նախարար Հրանուշ Հակոբյանին հայ ֆրանսիական բարեկամական կապերը ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ կատարված հսկայական աշխատանքի համար՝ օրինակ բերելով այս տարի հուլիսի 5-ին Ալֆորվիլում հայկական դպրոցի բացման արարողությունը, ջերմ մթնոլորտը: Սենատորը նշել է, որ ազգային պատկանելությունը չի խանգարել որդեգրելու միմյանց մշակույթի, քաղաքակրթության ձեռքբերումները, դրանց միջոցով սեփական մշակույթը զարգացնելու քաղաքականություն իրականացնելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]