Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ալիեւը որոշել է պատժել իր քաղաքականությունը քննադատող դիվանագետներին

Ալիեւը որոշել է պատժել իր քաղաքականությունը քննադատող դիվանագետներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որոշել է խստացնել իր քաղաքականությունը քննադատել համարձակված ադրբեջանցի դիվանագետների պատիժները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, այդ երկրում ընդլայնվում է աշխատանքի մեջ թերություններ թույլ տված ադրբեջանցի դիվանագետներին պատժելու շրջանակը: Դրա համար Ադրբեջանի նախագահն առաջարկել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում լրացում կատարել, որի համաձայն` «ծառայողական պարտականությունների կոպիտ խախտման եւ դիվանագիտական ծառայության ժամանակ ոչ պատշաճ գործողությունների» համար իջեցնել դիվանագիտական ծառայության աշխատակիցների աստիճանը կամ զրկել կարգից:

«Այն դեպքում, երբ դիվանագիտական ծառայության աշխատակիցները մեղավոր կճանաչվեն իրենց գործողություններում, որոնք պատասխանատվություն են նախատեսում Ադրբեջանի Հանրապետության եւ այն պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում են, նրանց աստիճանները կարող են իջեցվել կամ նրանք կարող են զրկվել կարգից», -ասվում է օրենքի հին խմբագրության մեջ:

Փաստորեն նոր օրենքի 11.2 հոդվածում ավելացվում է «ծառայողական պարտականությունների կոպիտ խախտում կամ դիվանագետի կողմից ոչ պատշաճ գործողություն» լղոզված ձեւակերպումը:

Լրացումից հետո 11.2 հոդվածը հետեւյալն է. «Դիվանագիտական ծառայության աշխատակիցների աստիճանը կարող է իջեցվել կամ կարող է զրկվել կարգից այն դեպքում, եթե մեղավոր ճանաչվի պատասխանատվություն պահանջող գործում, կամ ծառայողական պարտականությունների կոպիտ խախտման դեպքում, կամ այնպիսի գործողությունների համար, որոնք վայել չեն դիվանագետներին` Ադրբեջանի Հանրապետության կամ այն պետության օրենսդրության համաձայն, որտեղ գտնվում են»:

Օրենքի նախագիծն Ադրբեջանի խորհրդարանի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերի 30-ին տեղի ունենալիք լիագումար նիստում:

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում նման լրացում կատարելու Ալիեւի որոշումը պայմանավորված է նրանով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի արտասահմանյան դիվանագիտությունների 4 աշխատակիցներ ապաստան են խնդրել տարբեր երկրներում:  

Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար մի քանի ամիս առաջ զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր Իսլամական համագործակցության կազմակերպությունում եւ Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովն նրա համար, որ հրապարակայնորեն քննադատել էր իշխանություններին մարդու հիմնարար իրավունքները երկրում խախտելու համար: Իսկ Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան արդեն նախկին երրորդ քարտուղար Անար Հասանովն աշխատանքից հեռացվել էր դեսպան Ռովշան Ջամշիդովին եւ ԱԳՆ-ի ղեկավարությանն ընդհանրապես կոռուպցիայի մեջ մեղադրելու համար:

Ադրբեջանի ԱԳՆ-ն Արիֆ Մամեդովի եւ Անար Հուսեյֆովի  նկատմամբ անմիջապես շինծու քրեական գործեր են հարուցել` մեղադրելով ինչ-որ ապօրինի գործողությունների մեջ:

«Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան երրորդ քարտուղար Անար Հասանովի պաշտոնանկությունից առաջ աշխատանքից հեռացվել էր դեսպանատան աշխատակից Ֆարիդ Սուբհանվերդիեւը: Դիվանագիտական ծառայությունից հետ կանչվելուց հետո Ֆարիդ Սուբհանվերդիեւը հրաժարվել է վերադառնալ հայրենիք: Հիշյալ 3 դիվանագետները, ինչպես եւ Նիդերլանդներում Ադրբեջանի հյուպատոսության աշխատակից Նահիդ Ջաֆարովն ապաստան են խնդրել իրենց ծառայության երկրներում:

 Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների եւ հարկադիր վերաբնակների հարցերով Պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովը սեփական երկրի ԱԳՆ-ում տիրող այդ խայտառակ փաստերի առնչությամբ հայտարարել է, որ «Ադրբեջանի որոշ դեսպաններ զբաղված են բիզնեսով, իսկ մյուսներն էլ դավաճանում են»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]