Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին

ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, 
դեսպան Պյոտր Սվիտալսկին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին սեպտեմբերի 18-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ՝ ընդգծելով, որ Եվրոպական միության հետ համագործակցությունը Հայաստանի անկախացումից ի վեր եղել է և շարունակում է մնալ մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպական միության և նրա բոլոր կառույցների հետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը: Զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները զարգանում են դինամիկ, ինչը վկայում է երկկողմ քաղաքական կամքի և հանձնառության մասին։ Հանրապետության Նախագահը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու լայնածավալ բարեփոխումները, որտեղ մեծ է ԵՄ կողմից տրամադրվող շարունակական աջակցության դերը։ Սերժ Սարգսյանը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում կարևորել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության աշխատանքը։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման վերաբերյալ ՀՀ Նախագահի կարևոր քաղաքական ուղերձի համար, վստահեցնելով, որ իր թիմի հետ միասին կանի ամեն հնարավորը՝ մինչ այժմ իրականացված աշխատանքի հիման վրա շարունակելու ջանքերը և նոր որակի հասցնելու ՀՀ-ԵՄ հարաբերությունները։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը Եվրոպական միության համար կարևոր գործընկեր է, և դա ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանը Եվրոպական միության հարևանության քաղաքականության մեջ է ներգրավված, այլև օրգանապես հանդիսանում է եվրոպական ավելի լայն տարածաշրջանի մաս, և հայերը հազարամյակների ընթացքում լրջագույն ներդրում են ունեցել Եվրոպայի պատմության, քաղաքակրթության զարգացման մեջ ու կիսում են ընդհանուր արժեքներ։ ՀՀ Նախագահը և ԵՄ պատվիրակության ղեկավարը երկուստեք կարևորել են Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման և նորացման նախաձեռնությունը, որը Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում ևս ամրագրվեց տարբերակված մոտեցմամբ` կարևորելով ընդհանուր արժեքներին հավատարմությունն ու բարեփոխումների իրականացման գործում գրանցված առաջընթացը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]