Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճանաչված արտիստների համախմբող «Բրավո՛, վիրտուոզ» ֆիլմի նկարահանումը մեկնարկել է

Ճանաչված արտիստների համախմբող «Բրավո՛, վիրտուոզ» ֆիլմի նկարահանումը մեկնարկել է

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական դասական նվագախմբերից մեկը վտանգի տակ է, և երաժիշտներից մեկն ամեն ինչ անում է այն փրկելու համար: Սա հայ-ֆրանսիական համատեղ արտադրության նոր` «Բրավո՛, վիրտուոզ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի սցենարն է: Հայկական կինոարտադրող «Էյչ Քեյ Փրոդաքշնզ» ընկերությունը և ֆրանսիական «Ագաթ ֆիլմզ»-ն արդեն իսկ սկսել են ֆիլմի նկարահանման աշխատանքները:

««Բրավո՛, վիրտուոզ» ֆիլմն ամբողջովին հայերեն է լինելու: Այն Հայաստանում է նկարահանվում: Ֆիլմի խորքում մենք տեսնում ենք չարի և բարու պայքարը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ֆիլմի սցենարի հեղինակ ու բեմադրող ռեժիսոր Լևոն Մինասյանը:

Ֆիլմի գլխավոր արտադրող հայկական «Էյչ Քեյ Փրոդաքշնզ» ընկերության հիմնադիր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի խոսքով` իրենք Agat films & Co-ի հետ երեք տարի աշխատել են այս կինոնկարն ստեղծելու համար:  

«Երեք տարի հետո համագործակցությունն իրականություն դարձավ: Ուրախ եմ, որ Հայաստանն ունի նման հնարավորություն` միջազգային ընկերության հետ գեղարվեստական ֆիլմ նկարահանել: Երեկ նկարահանումների երկրորդ օրն էր, արտադրությունը սկսված է, ունենք մեծ թիմ, նաև` բելգիացի, վրացի, ռուս գործընկերներ»,- հայտնեց Հրաչ Քեշիշյանը:

Ըստ նրա` ֆիլմի հիմքում ոչ իրական պատմություն է, որը կարող էր լինել նաև իրական:

«Սա կատակերգության ժանրում նկարահանված ֆիլմ է, որտեղ սոցիալական բարդ խնդիրներ են ներկայացված` դասական արվեստի ծանր վիճակը, Հայաստանում գտնվող մարդու բարդությունները, արատավոր երևույթների ծաղրումը: Շատ վառ ու գեղեցիկ դերասանական կազմ ունենք: Ֆիլմում խաղում են Արմեն Ջիգարխանյանը, Սամվել Թադևոսյանը, Մարիա Ախմետզյանովան, Մկրտիչ Արզումանյանը և այլք»,- հավելեց նա:

Նկարահանել ֆիլմ, որը կունենա միջազգային հնչեղություն. ահա սա է կինոնկարն ստեղծողների նպատակը: Մինչև հաջորդ տարվա մարտ նրանք փորձելու են ավարտել այն և մասնակցության հայտ ներկայացնել Կաննի, Վենետիկի, Բեռլինի փառատոններին: Փառատոնային կյանքի ավարտից հետո այն կներկայացվի մեծ էկրաններին:

Ֆիլմի համարտադրող, միջազգային ճանաչում ունեցող կինոռեժիսոր և պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանը ցանկություն է ունեցել Հայաստանում ֆիլմ նկարահանել:

«Ուզում էինք, որ հայերեն լինի լեզուն: Ֆիլմը պատմում է այժմյան Հայաստանի մասին, այն ժամանակակից է: Տարբեր ժանրեր են ներառված` մելոդրամա, կատակերգություն, և ամեն ինչ արվում է կինոլեզվի միջոցով»,- նկատեց նա:

Ֆիլմի կոմպոզիտորներն են Տիգրան Համասյանը և Միշել Պետրոսյանը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ձայնագրելու են կինոնկարի ողջ երաժշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am