Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Առաջին անգամ Հայաստան այցելած հունահայ երգչուհին ցանկանում է ավելի լավ ճանաչել հայրենիքը

Առաջին անգամ Հայաստան այցելած հունահայ երգչուհին ցանկանում է ավելի լավ ճանաչել 
հայրենիքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը չի վախենում ձախողումներից: 21-ամյա երգչուհին փաստում է` եթե ձախողումներ չունես, չես կարող հաջողության հասնել: Երիտասարդ տարիքում հաջողության հասած Աթենային նկարագրելիս երկրպագուներն առաջին հերթին խոսում են նրա գեղեցիկ և անկեղծ ժպիտի մասին: Իսկ երկրպագուների պակաս Աթենա Մանուկյանը չունի. հայաստանաբնակ երաժշտասերները վաղուց էին սպասում երգչուհու հետ հանդիպմանը:

«Արմենպրես»-ն Աթենայի` Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում հանդիպել է նրա հետ և զրուցել հայկական արմատների, հաջողությունների ու ձախողումների, ստեղծագործական գործունեության և այլ թեմաների շուրջ:

Աթենան առաջին անգամ է Հայաստանում

Շատ լավ եմ ինձ զգում, իմ ամենամեծ երազանքներից էր գալ Հայաստան, որովհետև ես հայկական արմատներ ունեմ: Հիասքանչ է: Ես եղել եմ Կարապի լճում, Կասկադում, իսկապես շատ հրաշալի էր, Օպերա եմ այցելել, ինչպես նաև տեսել Կոմիտասի գեղեցիկ արձանը: Ես շատ կցանկանամ լինել Երևանից դուրս: Հավանաբար Գեղարդ կգնամ, կփորձեմ ժամանակ գտնել, բայց շատ կցանկանամ տարբեր տեղեր այցելել և շատ լավ իմանալ Հայաստանը:

Հայաստանում երաժշտական փառատոնին մասնակցելու մասին

Իսկապես հիասքանչ էր, ես ելույթ ունեցա The Gentleman's band-ի հետ, շատ լավ համագործակցություն էր: Շատ մեծ էներգիա ստացա և իսկապես հիասքանչ էր: Ամենալավ փորձերից մեկն էր:

Ես զգացի, որ արդեն գիտեմ հայերին, գիտեմ նրանց, որովհետև իմ արմատներն այստեղից են: Ես ինձ տանը զգացի:

Հայկական ընտանիքի զավակը

Իմ ապուպապը հայ էր, իմ ծնողները ծնվել են Հունաստանում: Մի հետաքրքիր պատմություն պատմեմ, թե ինչպես իմ հայկական արմատները հաստատվեցին Հունաստանում: Իմ պապիկի հայրը հայ էր, նա ցանկանում էր ընտանիքով հաստատվել Հունաստանում: Հայաստանում նա գիտեր մի շատ հարուստ մարդու: Այդ մարդը նրան ասաց` եթե կարողանաս ադամանդներով գոտի տեղափոխես Հունաստան, ես քեզ կօգնեմ ընտանիքով տեղափոխվել: Նա արեց դա, և ահա թե ինչու ընտանիքս հաստատվեց Հունաստանում:

…Ես ունեմ եղբայր, ով 17 տարեկան է, նա երաժիշտ է, նվագում է տարբեր գործիքներով: Մենք երաժշտական ընտանիք ենք, հայրիկս էլ ժամանակին երգում էր:

Իմաստության աստվածուհին

Աթենան իմաստության աստվածուհին է, կարծում եմ, որ նրանք (Աթենայի ծնողները) ինձ ցանկանում էին այդպիսով իմաստության գիծ հաղորդել: Ես կարծում եմ, որ երբեմն փոքր-ինչ իմաստուն եմ, ես փորձում եմ լինել լուրջ, իմաստուն ձևով մտածել: Սիրում եմ իմ անունը:  

Առաջին քայլեր

Պրոֆեսիոնալ ձևով սկսեցի հանդես գալ երբ 12 տարեկան էի, մասնակցեցի երաժշտական հեռուստատեսային շոուի: Հետո մասնակցեցի «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի ընտրական փուլին: Ես 13 տարեկան էի, երբ մասնակցեցի «Եվրատեսիլ»-ին: Մենք բոլորս երեխաներ էինք, հաճույք էինք ստանում, ուզում էինք բեմում հայտնվել, երգել: Ես շատ սիրեցի բեմում լինելը:

«Եվրատեսիլ»-ին շատ կցանկանամ մասնակցել: Ինձ համար պատիվ կլինի: Ես շատ երջանիկ կլինեմ ներկայացնել Հայաստանը:

Նպատակներին հասնելու մասին

Ես շատ նպատակներ ունեմ, շատ եմ սիրում ինքնակատարելագործվել: Ես չեմ կարող ասել, որ հասել եմ ամենին, ամեն օր դու ավելին ու ավելին ես ցանկանում: Ահա թե ինչպես կարող ես աշխատանքում աճի հասնել:  

Ձախողումներից վախենալու մասին

Ամեն ինչ կարող ես ակնկալել: Եթե ձախողումներ չունես, չես կարող հաջողության հասնել: Եթե միշտ հաջողություններ ես ունենում, չես հասկանա` ինչ է հաջողությունը: Պետք է տխրություն զգաս, հասկանալու, թե ինչ է նշանակում երջանիկ լինել: Ձախողումների համար պետք չէ տխրել, որովհետև ձախողում պետք է զգաս, անցնես դրա միջով և հետո երջանիկ լինես:

Ես շատ երազանքներ ունեմ

Շատ ուրախ եմ, որ կյանքիս այս պահին ես անում եմ այն, ինչ սիրում  և ցանկանում եմ: Ես երազանքի մեջ եմ ապրում, որովհետև ես համատեղում եմ երազանքն ու աշխատանքը: Ես շատ երազանքներ ունեմ, այնքան շատ, որ չեմ էլ հիշում, որ ասեմ:

Առաջիկա ծրագրեր

Աշխատում եմ իմ հաջորդ երգերի վրա, շատ աշխատանք կա, նոր համերգների եմ պատրաստվում: Դեռ չգիտեմ, որտեղ համերգներ կունենանք:

…Ես կցանկանայի ավելի հաճախ գալ այստեղ: Հայաստանում իսկապես շատ երջանիկ եմ: Չգիտեմ` երբ կունենամ ալբոմ, բայց շատ եմ ցանկանում, իմ հաջորդ նպատակներից է:

Հայ երկրպագուների հետ հանդիպման մասին

Շատ երկրպագուների եմ հանդիպել: Ուզում եմ նրանց ասել, որ իսկապես շատ եմ սիրում, շատ լավ ժամանակ անցկացրի նրանց հետ: Ավելի հաճախ եմ գալու, որպեսզի նրանց տեսնեմ: Եղեք երջանիկ, երբեք տխուր մի եղեք: Եթե ուզում եք մի բան անել, ուղղակի արեք դա: Շատ ձախողումներ կլինեն, ուղղակի անտեսեք դրանք:  

Հեղինակ` Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները` Տաթև Դուրյանի 

Լուսանկարները` Տաթև Դուրյանի








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]