Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էռնա Յուզբաշյանը հոբելյանական շրջագայություն կունենա Հայաստանում և Արցախում

Էռնա Յուզբաշյանը հոբելյանական շրջագայություն կունենա Հայաստանում և 
Արցախում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչված երգչուհի Էռնա Յուզբաշյանը հոբելյանական շրջագայությամբ հանդես կգա Հայաստանում և Արցախում: «Արմենպրես»-ի հետ զրույցում շրջագայության կազմակերպիչ, պրոդյուսեր և ռեժիսոր Էմիլ Կարատը նշեց, որ երգչուհին ելույթ կունենա Երևանում, Ստեփանակերտում, Գյումրիում և Վանաձորում:

«Այս տարվա սեպտեմբերին` ստեղծագործական գործունեության 35-րդ տարում, Էռնա Յուզբաշյանը հոբելյանական համերգներ կունենա Հայաստանում, Լոս Անջելեսում և Մոսկվայում: Էռնա Յուբաշյանը էստրադային երգի ճանաչված վարպետ է, նրա հետ հանդիպումը Ռոբերտ Ամիրխանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Արթուր Գրիգորյանի, Էլվինա Մակարյանի, Խաչատուր Ավետիսյանի անմոռանալի երաժշտության հետ հանդիպում է հիշեցնում»,-նշեց Էմիլ Կարատը: Նա տեղեկացրեց, որ Ստեփանակերտում կանցկացվի երկու համերգ`սեպտեմբերի 25-ին և 26–ին, այնուհետև Յուզբաշյանը սեպտեմբեր 28-ին հանդես կգա Վանաձորում: Հոկտեմբեր 7–ին նախատեսվում է, որ երգչուհին ելույթ կունենա Գյումրիում, իսկ հոկտեմբեր 8-ին և 9–ին` Երևանում:

Սեպտեմբերի 21-ին էլ Էռնա Յուզբաշյանի ընկերները և գործընկերները հնարավորություն կունենան ERNA Party-ի ժամանակ շնորհավորելու սիրելի երգչուհու բեմական գործունեության 35-ամյակը և ներկա լինելու նրա ձայնասկավառակի շնորհանդեսին: Հոբելյանական շրջագայության անցկացմանն աջակցում են Հայաստանի և Արցախի մշակույթի նախարարությունները:

Երգչուհի Էռնա Յուզբաշյանը ծնվել է 1958թ. դեկտեմբերի 16-ին Երևանում: Մի քանի ամսական էր, երբ հայրը նրան տեղափոխել է Բաքու, որտեղ ապրել է մինչև 20 տարեկանը: Առաջին պրոֆեսիոնալ բեմական քայլերն արել է 16 տարեկանում, երբ եղել է «Գայա» պետական ջազ կվարտետի մենակատար: Բաքվում ավարտելով բարձրագույն երաժշտական կրթությունը` տեղափոխվել է Երևան: 1980թ. «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի հետ հյուրախաղերով ելույթ է ունեցել Ուկրաինայում և Մոլդովայում: Համագործակցել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ և մասնակցել տարբեր երաժշտական մրցույթների, որտեղ արժանացել է առաջատար մրցանակների: 1982-ից եղել է Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մեներգչուհի, նվագախմբի հետ հյուրախաղերով եղել է ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրներում: 1984-ից հանդես է գալիս որպես անհատ երգչուհի, այս ընթացքում մասնակցել է բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների, փառատոնների, հեռուստահաղորդումների: 1994-ից տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ աշխատել է բազմաթիվ ակումբներում` որպես երգչուհի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]