Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

Օպերլիազորի մասնակցությամբ վաշխառության գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ


ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացի Ռոզա Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Անահիտ Մ.-ից ամսեկան 5 տոկոս տոկոսագումար վճարելու պայմանով վերցրել է 11 հազար ԱՄՆ դոլար գումար և նշված գումարը վերցնելու հետ կապված բոլոր պայմանավորվածություններն ինքը ձեռք է բերել նրա որդու՝ Սերգեյ Մ.-ի հետ: Վերջինիս հետ պայմանագիրը չի կնքվել միայն այն պատճառով, որ Սերգեյ Մ.-ն հայտնել է, որ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերլիազոր է և խնդրել է պայմանագիրը կնքել մոր՝ Անահիտ Մ.-ի անունով ու որպես գումարի վերադարձման երաշխիք վերջինիս անունով գրավադրվել է Ռոզա Հ.-ի տունը:

Բացի այդ, Ռոզա Հ.-ն հայտնել է, որ երբ ինքը չի կարողացել վճարել ամսեկան տոկոսագումարները, Անահիտ Մ.-ն դիմել է դատարան, հայցադիմումը դատարանի կողմից բավարարվել է, որից հետո իր տունը ԴԱՀԿ ծառայության կողմից էլեկտրոնային աճուրդով վաճառվել է, և այն գնել է Անահիտ Մ.-ն: Ռոզա Հ.-ն նշել է նաև, որ իրեն աճուրդի մասին պատշաճ չեն ծանուցել, միայն այն ժամանակ է տեղյակ եղել, երբ տունը Անահիտ Մ.-ի կողմից գնվել է և նշված աճուրդը կասկած է հարուցել, քանի որ այն ձեռք է բերվել իրական արժեքից մի քանի անգամ ցածր գնով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է: 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ