Արփինե Հովհաննիսյանը հիմնավորեց, թե ինչու է ԱՆ-ն դեմ Էդմոն Մարուքյանի նախագծին
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը դեմ է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Դրանով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ պատասխանատվություն սահմանելով իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարության կամ կոչի համար:
ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար:
Անդրադառնալով նախագծով առաջարկվող փոփոխությանը՝ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարությունը կամ կոչը քրեականացնելու մասով, ՀՀ արդարադատության նախարարը նշեց, որ գործող քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսվող հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր անելով:
«Կոչերը դրսևորվում են այնպիսի գործողություններով, մարդկանց նկատմամբ այնպիսի ազդեցությամբ, որոնց արդյունքում նրանց մեջ ցանկություն է առաջանում բռնությամբ զավթել իշխանությունը: Այդպիսի գործողություններ կարող են հանդիսանալ մարդկանց դիմելը, նրանց համոզելը, հրահրելը և այլն: Կոչերի նպատակն է համախմբել մարդկանց, ուղղություն տալ նրանց արարքներին, մղել նրանց պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, տարածքային ամբողջականությունը, սահմանադրական կարգը տապալելուն ուղղված արարքների կատարման: Այսինքն` գործող հոդվածի դիսպոզիցիան արդեն իսկ քրեական պատասխանատվություն է նախատեսում տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված հրապարակային կոչերի համար, հետևաբար այս մասով նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին նշված է կառավարության սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծի հիմնավորման մեջ:
Միաժամանակ նշվում է, որ «հայտարարություն» և «կոչ» հասկացությունների միջև առկա է ողջամիտ տարանջատվածություն: Մասնավորապես, հայտարարության տեսքով արված քննադատությունը չի կարող որակվել բռնության կոչ, որն անհամատեղելի է խոսքի ազատության իրավունքի հետ: «Հանցակազմի առկայության համար էական է, որ բռնության կոչերը հրապարակային բնույթ կրեն, այսինքն` լինեն բացահայտ և ընկալելի, ուղղված մարդկանց լայն շրջանակի` նրանց դրդելով բռնության կիրառման: Վեճի առարկա դրույթների համատեքստում իրավունքի ամեն մի չարաշահում պետք է գնահատվի միայն ու միայն իրական սպառնալիքի և դրա կանխման անհրաժեշտության տեսանկյունից»,- ասված է ՀՀ ԱՆ հիմնավորման մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում