Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Կանադայի պաշտպանության նախարարը հանդիպել է այդ երկրում ապաստան գտած սիրիահայերի և իրաքահայերի հետ


ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի ազգային պաշտպանության և բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քենին հայկական համայնքային կենտրոնում ունեցած հանդիպման ժամանակ խոսել է Սիրիայից և Իրաքին «Իսմական պետություն» իսլամիստական կազմակերպության գործողությունների հետևանքով մեծ թվով փախստականների խնդրի մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ-կանադական պահպանողական ասոցիացիայից, նախարարը հիշեցրել է, որ վերջին 5 տարվա ընթացքում վարչապետ Սթիվեն Հարփերի գլխավորած կառավարությունն ընդունել և բնակեցրել է 25 հազար փախստականների Սիրիայից և Իրաքից:

Քենին ընդգծել է, որ Կանադան չի ցանկանում դատարկել քրիստոնյաներին Մերձավոր Արևելքից և Միջագետքից, սակայն կփորձի օգնել բոլոր այն մարդկանց, ովքեր արդեն թողել են իրենց բնակավայրերը` Կանադայում ապահով ապաստարան տրամադրելով:

Հանդիպման վերջում ազգային պաշտպանության և բազմամշակութայնության նախարարը հանդիպել է նոր ժամանած 50 սիրիահայ և իրաքահայ փախստականների, ովքեր կանադական կառավարության աջակցության ծրագրով բնակեցվել են այդ երկրում:

Կանադայի իշխող պահպանողական կուսակցությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 19-ին խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո ջանքեր կգործադրի Իրաքից եւ Սիրիայից ավելի քան 10.000 փախստականներ ընդունելու համար: Նման հայտարարություն է արել կուսակցության առաջնորդ եւ երկրի վարչապետ Սթիվեն Հարփերը: «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Կանադան առաջիկա չորս տարվա ընթացքում կկարողանա ընդունել եւս 10.000 քաղաքացիների Իրաքից եւ Սիրիայից, ովքեր լքել են իրենց բնակարանները Իսլամական պետության ահաբեկչական գործողությունների հետեւանքով»,- հայտարարել է նա:

Կանադան արդեն ընդունել է 20.000 փախստականի Իրաքից եւ 2.500 փախստականի Սիրիայից:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ