Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Տիգրանակերտում պեղումներով հայտնաբերված նյութերը վկայում են բնակիչների քաղաքային կենցաղի մասին

Տիգրանակերտում պեղումներով հայտնաբերված նյութերը վկայում են բնակիչների քաղաքային 
կենցաղի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Տիգրանակերտի այս տարվա հնագիտական հետազոտության էական արդյունքերից են Ամրացված թաղամասի հարավային պարսպապատի նոր հետքերի հայտնաբերումն ու նրա մի հատվածի պեղումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նշեց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը` ներկայացնելով 2015թ. հնագիտական հետազոտություննների նախնական արդյունքները:

Հնագետի խոսքով, Ամրացված թաղամասի հարավային պարսպապատի պեղումների արդյունքում բացվել են ժայռի վրա դրված հարավային պարսպաշարի վերին երեք շարերը (1,60մ երկարությամբ, 0,90մ լայնությամբ և 0,70մ բարձրությամբ,) և վերջինից մի փոքր դեպի հյուսիս կրաքարի երկու բլոկներ (2,0մ երկարությամբ, 1,20մ լայնությամբ և 0,80մ բարձրությամբ): Դրանք դրված են ժայռի մշակված և հարթեցված մակերեսին, իսկ միացման հատվածը ամրացված է կրաշաղախով: «Չնայած այս բլոկներից դեպի հարավ քարերը բացակայում են, սակայն ժայռի վերին մշակված մակերեսը և կրաշաղախի հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ այս հատվածը ևս կառուցապատված է եղել»,- նկատում է հնագետը:

Պարսպապատի այս հատվածում բացվել են նաև պարսպի վերին երեք շարերը: Այստեղ շարված քարերը, չնայած մշակված և հարթեցված են, սակայն կանոնիկ ուղղանկյուն չեն. կոպտատաշ են, չունեն ռուստիկ ու ֆասկա և էապես տարբերվում են հյուսիսային պարսպի շարերից: Բացակայում են նաև Տիգրանակերտին բնորոշ ծիծեռնակապոչ կապերը: Հնագետների եզրակացությամբ՝ բացված հատվածը կամ հարավային պարսպի մի մասն է, կամ նրա հետ որոշակի կապի մեջ գտնվող կառույցի մի մասը:  

Արշավախումբը շարունակել է աշխատանքները նախորդ տարիներին Անտիկ առաջին թաղամասում (մ.թ.ա.  1-ին - մ.թ. 7-րդ դարեր) բացված բնակելի-տնտեսական համալիրի տարածքում: «Մենք ամեն օր աշխատանքները սկսել ենք վաղ առավոտից ու ավարտել ժամը 11-ին, որովհետև Տիգրանակերտում շատ շոգ է, այնուհետև վերսկսել ենք ժամը 16-ից՝ հիմնականում կատարելով ուսումնասիրություններ այն ամենի, ինչ գտել ենք տարածքից»,-ասաց նա։

«Բացվել են Անտիկ թաղամասի արևմտյան սենյակների հատակները, որի արդյունքում դուրս են եկել համալիրի բնկիչների տնտեսական ու կենցաղային գործունեության վրա լույս սփռող արտեֆակտեր: Առանձնապես հետաքրքիր է միջանցք-անցուղու բացահայտումը, որը, ամենայն հավանականությամբ, համալիրի համար ծառայել է որպես արևմտյան կենտրոնական մուտք»,- հավելեց Պետրոսյանը:

Արշավախմբի ղեկավարի գնահատմամբ՝ պեղումներով հայտնաբերված նյութերը լրացուցիչ փաստարկներ են ընձեռում այն մասին, որ թաղամասում ապրել են քաղաքային կենցաղ վարող բնակիչներ, ովքեր զբաղվել են երկրագործական, անասնապահական մթերքների մշակմամբ և արհեստագործությամբ, ունեցել են աշխույժ առևտրական և մշակութային հարաբերություններ հարևան հելլենիստական կենտրոնների հետ:

Իսկ Վաղքրիստոնեական հրապարակում այս տարի ուսումնասիրվել են սարկոֆագային և քարարկղային թաղումները, որոնք, ենթադրվում է, որ բացված են եղել ավելի վաղ և դրանց նախնական վիճակը պահպանված չէ: Սարկոֆագի կմախքը ծածկված է եղել հողով, իսկ քարարկղի մեջի կմախքը թաղված է եղել փայտյա դագաղում. քարարկղում պահպանվել են դագաղի տախտակներին ամրացվող երկաթե մեխերն և ամրակները: Կմախքներն ուսումնասիրվել և վերաթաղվել են իրենց տեղերում: 

Լուսանկարները՝ Համլետ Պետրոսյանի




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ