Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի անկախացումը հայերի առաջին քայլն էր հաջորդող մեծ հաղթանակների ճանապարհին

Արցախի անկախացումը հայերի առաջին քայլն էր հաջորդող մեծ հաղթանակների 
ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունը 24 տարեկան է. 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունը հռչակվեց անկախ: Այդ օրվա շնորհիվ է, որ «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» ցուցանակն ավելի քան խոսուն է: Օրվա խորհրդի, Արցախի անցյալի ու ներկայի, ինչպես նաև ապագայի մասին իրենց տեսլականով «Արմենպրես»-ի հետ կիսվել են Արցախի ազատագրման գործում մեծ ներդրում ունեցող կին ազատամարտիկը, լուսանկարիչն ու երիտասարդ սերնդի կարկառուն ներկայացուցիչը:

Արցախյան ազատամարտի մասնակից, Ծովակալ Իսակովի անվան մեդալակիր, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիների» հուշամեդալակիր, ԽՍՀՄ լրագրողների միության և Հայաստանի լրագրողների միության անդամ Շուշանիկ Աբրահամյանի համար Արցախը դրախտավայր է. երբ պատկերացնում է դրախտը, աչքերի առջև Արցախն է գալիս: Նրա խոսքով, մինչև հանրաքվեն, Արցախն արդեն ինքնորոշվել ու կողմնորոշվել էր, որ Հայաստան է: «Հանրաքվեն միայն դրսի աշխարհի համար էր, որ այս ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի: Մինչև հռչակագիրն էլ Արցախն արդեն ինքնորոշվել էր, 88-ի շարժման տարիներին, գուցե դրանից առաջ էլ մարդիկ են եղել, ձայն են բարձրացրել, ըմբոստացել են: Ինչպես Լեոնիդ Ազգալդյանն էր ասում` սա Հայաստանն է ու վերջ»,-նկատեց Շուշանիկ Աբրահամյանը:

Ազատամարտիկի խոսքով, Արցախում ապրում են ուրիշ, ավելի լավ հայեր, ովքեր արթնացրեցին խլված հայրենիքը վերադարձնելու ձգտումը: «Շատ եմ ասել, մեկ անգամ էլ կրկնեմ. մենք արցախցու նկարի առաջ մոմ կվառենք, որ այս շարժումն սկսվեց, Հայաստանն ու սփյուռքը զարթնեցին, տեսան, որ կորուստների հետևից գնում են: Հիսուսն էլ ասաց, որ կորածներին գտնելիս ավելի են ուրախանում, «Անառակ որդու վերադարձը» հիշեք: Մենք Արցախը վերագտել էինք, մենք այն չէինք կորցրել, պարզապես մեզանից խլել էին այն: Մեր 10-րդ նահանգն էր, բայց առաջինը ձայն բարձրացրեց. այսինքն դեռ առաջ գնալու տեղ ունենք»,-շեշտեց Շուշանիկ Աբրահամյանը:

Տիկին Շուշանիկն այժմ էլ, չնայած առողջական խնդիրներին, հաճախ այցելում է Արցախ, որովհետև կարոտում է: Կարոտում է անգամ ցեխոտվող ոտքերին կոշիկների վրայից գուլպա հագնելը, որ իրենց հետքը կորցնեին, կարոտում է ամեն-ամեն ինչ: «Արցախն այսօր եվրոպական քաղաք է հիշեցնում: 1988 թվականին, երբ գնացինք Արցախ, զարմացած էինք, մաս մաքուր քաղաք էր Ստեփանակերտը. մենք այնտեղ կոտրված աղբամաններ, թափված աղբակույտեր չտեսանք: Այսօր Ստեփանակերտն առավել լավ քաղաք է դարձել, պատերազմի հետքն էլ չի մնացել` չնայած դիրքերում ամեն օր 1000-ից ավելի փամփուշտ են կրակում: Պատասխանն էլ ստանում են, իհարկե: Արցախցին շուտ ընկալելու, արագ կողմնորոշվելու հատկություններ ունի, դրանով էլ ուրիշ է»,-նշեց ազատամարտիկը` հավելելով, որ արցախցին միայն առաջ ընթանալու տեղ ունի: «Ոչ մեկ թող չասի` վայ ծախեցին, վայ տվեցին, վայ տարան, դրանք չարախոսներ են: Արցախցին հետդարձի ճանախարհ չունի, առաջ գնալու տեղ շատ ունի»:

Լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը, ով Արցախյան պատերազմի հերոսական և ոչ այնքան ուրախալի իրադարձություններն է անմահացրել իր լուսանկարների միջոցով,  կարծում է, որ Արցախն արթնացրեց հայրենիքի պատկանելության կարևոր զգացում, կորցրած բանը վերագտնելու ցանկություն: «Արցախի անկախության հռչակումը  լուսավոր մի կտոր էր բոլորիս համար` անկախ քաղաքական հայացքներից: Իսկապես, մեծերը, որ ասում են հայրենիքից այն կողմ բան չկա, ճիշտ է: Ղարաբաղի անկախության հռչակման օրը հայկական իղձերի կիզակետն էր, չնայած մինչ այդ էլ Հայաստանի Հանրապետության հռչակման օրն էր, որը էլի շատ կարևոր էր»,-նշեց լուսանկարիչը:

Հակոբ Բերբերյանի խոսքով, Արցախի անկախացումը թույլ տվեց վերարժևորել հարուստ մշակույթը: «Տարածքների հետ չկապենք, ես ավելի շատ դա կարևորում եմ ազգային մշակույթի հետբերման տեսանկյունից: Հետագայում ես շատ ման եկա Արցախով, տեսա` ինչ մշակութային հարստություն կա: Այդ ժողովուրդն այնքան հզոր է պահպանել իր մեջ հայությունը, Նախիջևանում այդպես չի պահպանվել` չնայած այն մեզ Նժդեհ է նվիրել: Ես Արցախի հռչակման գինը հասկացա, երբ պատերազմից հետո ծանթացա Արցախի մշակույթին` պահպանված ու, ցավոք սրտի, ոչ պահպանված: Անկախության հռչակումը միայն թուղթ չէ, որ սեպտեմբերի 2-ին Արցախը դարձավ առանձին հանրապետություն ու վերջ: Այն ինձ պարտավորեցրեց, որ այդ մշակույթն ավելի խորն ընկալեմ: Արցախը մի լավ իմպուլս տվեց, որ մենք մեզ թողնված արժեքները գնահատենք»,-իր զգացողություններով կիսվեց լուսանկարիչը:

Նա տեղեկացրեց, որ վերջերս իր գործընկերների և ռուս հայագետ Կիմ Բաքշիի հետ տպագրել են «Արցախի հոգևոր գանձեր» անվանումով գիրք-ալբոմ, որտեղ ներառել են Արցախի հայտնի ու անհայտ եկեղեցիները, հուշարձանները, այնտեղ պահպանված ավետարաններն ու գրքերը:  

Հակոբ Բերբերյանը հիացած է արցախցիների ոչ միայն արիությամբ, այլ նաև նրանց խառնվածքով, նպատակասլացությամբ: «Եթե գնաք Արցախ, մտեք գյուղերն ու ժողովրդի հետ խոսեք, կտեսնեք, թե հասարակ գյուղացին ինչ ազգային հոգեբանություն ունի, զարմանալի է` իրենք ինչպես են կարողացել դա պահպանել»,-նկատեց նա: Լուսանկարիչն Արցախի ապագան տեսնում է ավելի զարգացած ու հզորացած: Նրա դիտարկմամբ` անգամ խոսք լինել չի կարող Արցախի զինաթափման մասին, բանակը հզորացման առաջին նախապայմանն է: «Արցախը դարձել է դեմոկրատիայի ցայտուն օրինակ, դա շատ մեծ ձեռքբերում է ու այդ ժողովրդին է բնորոշ: Այնտեղ ապրողները միասնական են իրենց ընտրության մեջ ու դրանում ոչ մի թշնամանք չեն դրսևորում: Իրենք շատ լավ զգում են իրենց մաշկի վրա ազատ կամքն արտահայտելու արժեքը»,-հավելեց Հակոբ Բերբերյանը:

Արցախում ծնված ու մեծացած Արտակ Բեգլարյանը, որ ներկայում Արցախի վարչապետի մամուլի խոսնակն է, անկախության հռչակումը համարում է որոշում, որով արցախցին հաստատեց, որ իր ճակատագրի տերն է: Ինքն է որոշում իր կենսակերպը, իր անելիքները, խնդիրները լուծելու ուղիներն ինքն է ընտրում: «Ինձ համար անկախությունը կարող էր լինել նաև Հայաստանի Հանրապետության սահմաններում, արցախցին էլի անկախ կլիներ, իր գլխին չէր լինի ադրբեջանցին»,-նշեց նա:

Արցախի ապագան նա տեսնում է ավելի ու ավելի զարգացած, ավելի շատ հայերով բնակեցված, բայց այդ ուղղությամբ պետք է աշխատեն բոլորը: «Այս շրջանում մեր կարգավիճակը պետք է մեզ հնարավորություն տա, որ հնարավորինս զարգանանք:
Դե յուրե ինչ կարգավիճակում կլինի Արցախը, ինձ համար անձամբ, շատ կարևոր չէ, չճանաչված լինելով էլ կարող ես զարգացնել քո պետությունը: Բայց ավելի շատ կուզեի, որ մեկ օր Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը միավորվեն: Եվ դա ժամանակի հարց է»,-վստահեցրեց Արտակ Բեգլարյանը:

Արցախցու պայքարելու և արարելու յուրահատուկ կարողության մասին էլ նա խոսեց այսպես. «Դժվար է խմբի մտածողությունը պայմանավորել այս կամ այն հանգամանքով. բնականաբար, կարող են տեսություններ լինել, որոնք կբացատրեն, նաև պատմական փորձը հաշվի առնելով: Բայց, ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ լեռնային տարածքներում բնակվող ժողովուրդը հակված է պայքարի, ըմբոստության, ավելի ինքնուրույն ու անկախ լինելուն: Գուցե սա է, բայց նաև պատմությունից կարող ենք ասել, որ Արցախի ժողովուրդը հակված է եղել ազատության ու անկախության»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]