Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ծովասարցիները հիմնանորոգում են գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Ծովասարցիները հիմնանորոգում են գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին

ԳԱՎԱՌ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բարերաների նվիրատվությամբ փլատակներից վեր է հառնում գյուղի պատմական հուշարձաններից մեկը` 1882 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովասարի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը, շինարարական եւ վերականգնողական աշխատանքները սկսվել եւ ընթանում են ավելի քան կես ամիս: Հուշարձանի վերականգնման համար գումար են հանգանակել արտերկրում աշխատող մի խումբ գործարարներ, որոնց նախաձեռնությանը միանում են նաեւ շատ ծովասարցիներ: Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կատարվում է իր պատմաճարտարապետական հին տեսքով, որին կավելանա է միայն թիթեղյա ծածկը:

Ծովասարի բազիլիկ եկեղեցու պատմաճարտարապետական նախկին տեսքը պահպանելու համար գյուղապետարանը համագործակցում է ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ: «Նախագիծը պատվիրված է, շինարարությունն ընթանում է առանց ընդհատումների: Պահպանվում են փայտե սյուները, որոնց վրա հավաքվում է փայտյա ծածկը: Վերականգնվում է քարե սալիկապատ հատակը, տեղադրվելու է բազալտակուռ զանգակատունը: Մոտ մեկ ամսից գյուղի համար կարեւորագույն հուշարձանի եւ հավատի տան վերականգնումն ավարտված կլինի»,- հավաստեց համայնքի ղեկավարը:

Ծովասար գյուղի բնակիչ, վաստակաշատ մանկավարժ, ազգագրագետ, մի քանի փաստավավերագրական գրքեր հեղինակած Դերենիկ Գեւորգյանի ներկայացմամբ` Սուրբ Աստվածածին եկեղեցին Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից գաղթած եւ Սեւանի ափին վերահաստատված  գյուղի բնակիչների համար հավատի տուն է ծառայել մինչեւ նախորդ դարի 30-ական թվականները, որից հետո այն վերածվել է կոլեկտիվ տնտեսության պահեստի: Ըստ հավաստի տվյալների` այն կառուցել են հույն շինարարները, ովքեր տարածքին մոտիկ պատմական գերեզմանոցից բերել են  սրբատաշ խաչքարեր եւ օգտատործել եկեղեցու պատերի շինարարության մեջ: Պատկերազարդ եւ չափերով մեծ մի խաչքար էլ տեղադրվել է խորանի պատի մեջ: «Շինարարներն ավելի քան ութ մեքենա հող են դուրս թափել եկեղեցուց: Վերականգնումն ընթանում է հուշարձանի նախկին տեսքին համահունչ, ամենայն բծախնդրությամբ ու բարեխղճությամբ:Մոտ է պահը, երբ ութ տասնամյակ լռության մատնված Աստծո տունը կրկին կլցվի աղոթքով, հավատավորների բազմությամբ, ժամերգությամբ, պատարագով:Սա Աստվածային գործ է, հայրենի հավատին ծառայող, ազգը միավորող գործ»,- նշեց Դերենիկ Գեւորգյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]