Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երկու հարյուր աշակերտ բացահայտում է ծրագրավորման գաղտնիքները Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում

Երկու հարյուր աշակերտ բացահայտում է ծրագրավորման գաղտնիքները Գյումրու 
տեխնոլոգիական կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում դպրոցականների համար նախաձեռնել է «Ամառային դպրոց» ծրագիրը։ Այն մեկնարկել է օգոստոսին և տևելու է մինչ սեպտեմբեր։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմադրամից, ծրագրի շրջանակում աշակերտները սովորում են  վեբ ծրագրավորում, Adobe Photoshop և Corel Draw ծրագրեր և խաղերի պատրաստում` KODU միջավայրում: Վերոնշյալ դասընթացների շնորհիվ աշակերտների մոտ կզարգանան թիմում աշխատելու, գործարար ներկայացումներ իրականացնելու հմտություններ: Ամառային դպրոցի ավարտին աշակերտները կներկայացնեն իրենց կողմից պատրաստած կայքերը  և խաղերը:

Գյումրու Գ. Նժդեհի անվան թիվ 17 հիմնական դպրոցի ուսուցչուհի Մարգարիտա Գևորգյանը տեղեկացնում է, որ Գյուրմու տեխնոլոգիական կենտրոնում իրականացվող ամառային դպրոցին մեծ ոգևորությամբ մասնակցում են նաև իրենց դպրոցի աշակերտները։

«Շատերը ցանկանում են, որ ծրագիրը լինի շարունակական: Նորագույն տեխնոլոգիաները կարծես թե ժամանակի շունչն են, և այդ առումով ԳՏԿ-ի համագործակցությունը դպրոցների հետ ողջունելի է: Ծրագրի մասնակից երեխաները հնարավորություն ունեցան ավելի հետաքրքրիր անցկացնել արձակուրդը՝ ստանալ նորանոր գիտելիքներ հաճելի միջավայրում: ԳՏԿ-ի ամառային դպրոցին մասնակցելուց հետո շատերը որոշել են շարունակել այս ոլորտում: Վստահ կարող եմ ասել, որ դրական արդյունքն ապահովված է»,- նշում է Մարգարիտան։

Ծրագրին մասնակցում է շուրջ 200 աշակերտ Գյումրի քաղաքի տարբեր դպրոցներից: Դպրոցականներից շատերի համար Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը մեծ բացահայտում էր և խթան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գիտելիքներ ձեռք բերելու և մասնագիտանալու որոշում կայացնելու հարցում:

Ակադեմիական վարժարանի սան Հայկ Պապոյանը, ով մասնակցում է Ամառային դպրոցի ծրագրին, փոխանցել է իր տպավորությունները. «Մի քանի պարապմունք է, ինչ հաճախում եմ և սովորում կայքերի դիզայն: Շատ է դուր գալիս այս տեղի մթնոլորտը: Դասընթացն ավարտելուց հետո շարունակելու եմ այս ուղղությամբ, ու հենց ԳՏԿ-ում որոշել եմ խորացնել գիտելիքներս»:

«Երեխաներս հաճախում եմ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն: Շատ ուրախ ու ոգևորված եմ` որպես ծնող, որ մեր քաղաքում նման կենտրոն կա, նման հնարավորություն մեր երեխաների համար: Մեծ ակնկալիքներ ունեմ, որ հետագայում երեխաները ստացած գիտելիքները հնարավորություն կունենան զարգացնել»,- նշում է Թերմինե Մխոյանը, ում երկու երեխաներն էլ մասնակցում եմ Ամառային դպրոցին։

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կարևորագույն բաղադրիչներից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի իրականացումը: Կենտրոնը, հիմնվելով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից,  նպատակ է հետապնդում Գյումրին վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը, տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարար գիտահետազոտական աշխատանքների առևտրայնացմանը, նոր տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]