Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 3/26. «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը վարկանիշային աղյուսակ է վերադարձել

Երևանյան բեսթսելեր 3/26. «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը վարկանիշային աղյուսակ է 
վերադարձել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, երկրորդն է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը երրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն չորրորդ հորիզոնականում է: Գրիգոր Նարեկացու` «ՄՀՄ», «Զանգակ» հրատարակչությունների լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն հինգերորդն է: 

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցներն ամփոփող ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է:

Յոթերորդ հորիզոնականը զբաղեցնում է ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը: Գիրքը, որ Հայոց ցեղասպանության փաստը մեկնաբանում է նորովի, արդեն թարգմանվել է մի քանի լեզուներով, իսկ ԱՄՆ-ում ճանաչվել է բեսթսելեր: «Ավազե ամրոցի աղջիկները» հրատարակվել է 2012թ-ին: Այս վեպի հիման վրա ԱՄՆ-ում գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում: «Սա լավագույն գիրքն է, որ ես երբեւէ կգրեմ ու ամենակարեւորը`իմ բոլոր գրածների մեջ: Սրտի խորքում ես դա գիտեմ»,- մի առիթով ասել է հեղինակը:

Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ»–ն ամփոփող ժողովածուն ութերորդ հորիզոնականում է: Ամուսին, կին, սիրեկան, պարտադրված ամուսնություն..Բոլոր ժամանակների համար արդիական այս խնդիրներն է արծարծել համաշխարհային արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկը` Ֆյոդոր Դոստոևսկին այս գրքում: Ժողովածուում տեղ գտած ստեղծագործություններում հերոսների կյանքի ողբերգական դրվագները համեմված են սուր հումորային նկարագրություններով, որոնք որոշ դեպքերում էլ վերածվում են հեգնանքի և կծու ծաղրի:

Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ իններորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Ջորջ Օրուելի «1984» վեպը: Այն ընդգրկված է «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:  

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես/Էդիթ Պրինտ 20/16
2 +7

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 16
3 +1

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 14
4 *

Էդգար Հարությունյան

«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 13
5 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

ՄՀՄ/ Զանգակ 12/10
6 +4

Գաբրիել Գարսիա Մարկես

«Նահապետի աշունը»

Բուկինիստ 10
7 *

Քրիս Բոհջալյան

«Ավազե ամրոցի աղջիկները»

Ծիծեռնակ 10
8 *

Ֆյոդոր Դոստոևսկի

«Պատմվածքներ»

Բուկինիստ 9
9 -6

Վահան Հովհաննիսյան

«Մանդիլիոն»

Անտարես 8
10 -8

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 8

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]