1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մտավորականներն անհանգստացած են Ծիծեռնակաբերդում զվարճանքի վայրերի և խաղատան ստեղծման ծրագրից

Մտավորականներն անհանգստացած են Ծիծեռնակաբերդում զվարճանքի վայրերի և  
խաղատան ստեղծման ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մտավորականներն առավելապես անհանգստացած են Մարզահամերգային համալիրի վաճառքի արդյունքում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշահամալիրի հարևանությամբ խաղատան ստեղծման հնարավորությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանն ասուլիսի ժամանակ անհանգստություն հայտնեց, որ կառավարության համապատասխան որոշման շնորհիվ ժամանակին մայրաքաղաքից դուրս մղված խաղատները կրկին կարող են վերադառնալ Երևան: «Մարզահամերգային համալիրը մեր կառավարությունը չի կարող պահել: Այն պետք է սեփականաշնորհվի: Դրա համար մենք ողջունում էինք համալիրի սեփականաշնորհումը լուրջ ընկերության կողմից: Սակայն հիմա մեզ ներկայացրել են շատ հապճեպ կայացրած որոշում, որտեղ բոլորս տեսնում ենք անհասկանալի երևույթներ. մի կազմակերպություն, որը չունի անցյալ, իսկ ապագայի մասին ոչինչ չգիտենք: Այստեղ մի հարց է առաջանում, թե ո՞ւմ ենք տալիս այդ կառույցը»,- նշեց Գրիգոր Ազիզյանը, ով Մարզահամերգային համալիրի համահեղինակներից մեկն է և 1987թ. ԽՍՀՄ պետական մրցանակ է ստացել կառույցի ստեղծման համար:

Ճարտարապետը հիշեցրեց, որ Մարզահամերգային համալիրն իր տարածքում ունի 6 դահլիճ, ռեստորանային համալիրների տարածքներ, որտեղ ճիշտ կառավարման դեպքում կարելի է կազմակերպել բոլոր անհրաժեշտ ժամանցի վայրերը՝ առանց հավելյալ շինությունների ստեղծման:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ընդգծեց, որ համալիրի տարածքը պետք է անձեռնմխելի լինի: «Գործընկերների հետ  նայեցինք Մարզահամերգային համալիրի տարածքը` ներառյալ անտառային շերտը, որը պաշտպանիչ գոտի է: Այստեղ տարածք չկա, որ հյուրանոցներ ու մեծ կառույցներ կարելի լինի ստեղծել: Նախատեսվող այդ հսկայական կառույցները, որոնք բնույթով տարբեր են նրանցից, ինչ մենք ունենք, իրատեսական չեն: Մարզահամերգային համալիրի տարածքը, որն իր ֆունկցիաները պետք է պահպանի, և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը անձեռնմխելի են: Դրանք մնում են մեր ազգային արժեքներից մեկը»,- հավելեց ճարտարապետը:

Նա նաև մատնանշեց այն հանգամանքը, որ այսօր Ծիծեռնակաբերդի տարածքում գործում է 3-4 ռեստորան, որոնցից մեկը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարևանությամբ է: Այս տարածքում, լանջով իջնող, սակայն ոչ անտառային տարածքի հաշվին, ճարտարապետի կարծիքով, կարելի է կառուցել հյուրանոց. բայց ոչ թե 10-հարկանի, այլ՝ 2-3:

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի դիտարկմամբ` եթե Մարզահամերգային համալիրը կառուցված լիներ այլ վայրում, միգուցե ընդունելի լիներ այն զվարճանքի կառույց դարձնելը, բայց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողի տարածքում դա անընդունելի է:

«Ինչ բան է ռեստորան, հյուրանոց, խաղաղատուն, լողավազաններ` դրանք բոլոր հաճույքի համար են: Ծիծեռնակաբերդի բլուրում հաճույք` անբարոյականություն է»,- շեշտեց քանդակագործը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ևս անհարիր է համարում Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում նման կառույց ունենալը: Նա հիշեց, որ տարիներ առաջ, երբ խոսք կար այդ տարածքում փոքրիկ եկեղեցի կառուցելու մասին, հանրային ընդվզում բարձրացավ: «Նույնիսկ եկեղեցի, մատուռ կառուցելն առաջացնում էր լուրջ հանրային բողոք, քանի որ եկեղեցու տրամաբանությունն ուրիշ է, այս հուշահամալիրի տրամաբանությունն` այլ: Մենք հիմա մարմնական վայելքն ու հոգեկան ծանրագույն ապարումները ցանկանում ենք կողք կողքի ունենալ»,- ավելացրեց Հրանուշ Խառատյանը:

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը մտահոգություն հայտնեց նշված տարածքում խաղատուն հայտնվելու հնարավորության կապակցությամբ: «Ազգային Ժողովը քննարկեց և ընդունեց օրենք. որտեղ հստակ գրված է, թե խաղատները Հայաստանի որ մասերում կարող են լինել: Երևանում դրանք կարող են լինել միայն այն դեպքում, երբ 100 մլն դոլարի ներդրում արվի այդ կառույցում: Արմեն Զավենի Գևորգյանը 100 մլն դոլարի ներդրում է խոստացել անել ամբողջ համալիրի համար, հետևաբար այդ գումարը միայն խաղատանը չի վերաբրում, ևօրենքով չթույլատրված խաղատուն է նախատեսվում կառուցել»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 13-ին հավանություն է տվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օտարման որոշման նախագծին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող համալիրը 30 մլն դոլարով կօտարվի «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերությանը, որն առաջիկա 4 տարում համալիրում կիրականացնի ավելի քան 100 մլն դոլարի ներդրումային ծրագիր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]