Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Փաստաբանները կփորձեն պարզել Պերմյակովի միայնակ կամ այլ անձի աջակցությամբ գործելու հանգամանքը

Փաստաբանները կփորձեն պարզել Պերմյակովի միայնակ կամ այլ անձի աջակցությամբ գործելու 
հանգամանքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբաններն սպասում են 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության վերաբերյալ հայկական կողմի նախաքննության արդյունքներին: Այդպիսով նրանք կկարողանան համադրել սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի ցուցմունքներն ու փորձագիտական եզրակացության արդյունքները և ստանալ տեղի ունեցածի պատկերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարեցին փաստաբանները` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Մենք ստիպված ենք սպասել հայկական կողմի նախաքննության արդյունքներին, որպեսզի տեղեկանանք արդեն Ավետիսյանների տանը տեղի ունեցած իրադարձությունների մասին: Դրա արդյունքում հնարավոր կլինի պարզել` Պերմյակովը ճի՞շտ ցուցմունք է տվել, թե` ոչ: Բազմիցս շոշափվել է այն հարցը, որ նա միայնակ չի գործել. փաստերի համադրությունը այդ հարցին ևս կարող է պատասխանել»,- նշեց փաստաբան Երեմ Սարգսյանը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ ավելացրեց, որ իրենք փորձագիտական եզրակացության հիման վրա ունեն բուն սպանության գործընթացի մասին ընդհանուր պատկերացումներ, այժմ այն ամբողջականացնելու համար սպասում են Պերմյակովի ցուցմունքների հրապարակմանը: «Եթե ցուցմունքները լինեն, մենք կարող ենք համադրել ու հասկանալ` արդյոք դրանք համընկնո՞ւմ են օբյեկտիվ իրականության հետ, թե` ոչ»,- նկատեց Երվանդ Վարոսյանը:

Անդրադառնալով ռուսական կողմի իրականացրած դատավարությանը` փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ Պերմյակովը բավական տարօրինակ պահվածք էր դրսևորում` չարձագանքելով դատարանում ընթացող ոչ մի գործողության,  ձայնի: «Շատ տարօրինակ էր նրա պահվածքը, և այդ պահվածքի ֆոնին հետաքրքրիր էր լսել ռուսական կողմի փորձագետների եզրակացությունը: Ռուսական կողմը եկել էր եզրակացության, որ նա առողջ է, ագրեսիվ չէ և մեղսունակ է: Այն, որ նա մեղսունակ է, փաստ է, բայց որ նա ունի որոշակի խնդիրներ, սա էլ միանշանակ է»,- ընդգծեց Լուսինե Սահակյանը` ունենալով մտավախություն, որ ռուսական կողմը Պերմյակովին ամեն կերպ առողջ ներկայացնելով` փորձում է պատասխանատվությունից ազատել պաշտոնյաներին, ովքեր նրան զորակոչել են բանակ, նրան զենքով կրակելու իրավունք տվել: «Ակնհայտ է, որ նա չպետք է զորակոչվեր, բայց թե զորակոչվել էր, նրա ձեռքում չպետք է զենք հայտնվեր: Ստացվում է, որ որոշակի անձինք անգործության են մատնվել, որի համար էլ պետք է լուրջ պատասխանատվության ենթարկվեն»,- ավելացրեց Լուսինե Սահակյանը: 

Նրա դիտարկմամբ` դատավարության ընթացքում տարօրինակ կերպով անընդհատ շեշտադրվում էր այն միտքը, թե Հայաստանում ծառայության են բերում լավ պատրաստված զինվորների: «Իբրև նրան ընտրել են բազմաթիվ զինվորների միջից, մինչդեռ անձնական գործում երևում է, որ Պերմյակովն ութ անգամ դասալքություն է կատարել»,- շեշտեց փաստաբանը:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը դասալքության, զենքի հափշտակման եւ ապօրինի կրման հոդվածներով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Դատաքննությունն անցկացվեց օգոստոսի 12-ին Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Հյուսիսկովկասյան օկրուգի 5-րդ կայազորային զինվորական դատարանի արտագնա նիստում` Ալեքսանդր Շելդյաևի նախագահությամբ: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադարձավ երկժամյա քննարկումից հետո եւ հրապարակեց վճիռը: Դատաքննությունն անցկացվեց մեկ օրում: Պերմյակովը մեղադրվում էր Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338-րդ հոդվածի 2-րդ կետի« 226-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի եւ 222-րդ հոդվածի առաջին կետի պահաջներով: Պատիժը կրելու ժամկետը հաշվվում է 2015թ-ի հունվարի 13-ից՝ Պերմյակովի կալանավորման օրվանից:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան` ժամը 06:00-ի սահմաններում: Նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Սպանության մասով գործը փոխանցված է հայկական կողմին:



 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]