1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միացյալ Նահանգները մեծապես արժևորում է խորացող տնտեսական կապերը Հայաստանի հետ. Ռիչարդ Միլս

Միացյալ Նահանգները մեծապես արժևորում է խորացող տնտեսական կապերը Հայաստանի 
հետ. Ռիչարդ Միլս

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի ուղեկցությամբ օգոստոսի 15-ին այցելել է «Լիդիան» ընկերության Ամուլսարի ծրագիր: Ամուլսարի ծրագիրն ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, Ռիչարդ Միլսը, վարչապետը և էներգետիկայի նախարարը շրջայց են կատարել Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման վայրում ՝ «Լիդիանի» հայաստանյան մասնաճյուղ «Գեոթիմ» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի ուղեկցությամբ, ով ներկայացրել է մանրամասներ պլանավորվող ներդրումների ու ծրագրի շինարարական ու գործառնական փուլերում ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ:

Այցի ընթացքում դեսպան Միլսը նշել է, որ այս հանքավայրի գործարկումը կարևոր տնտեսական հնարավորություն է Հայաստանի համար և շեշտել է, որ հավասարապես կարևոր է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելը: Այս առումով դեսպան Միլսը նշել է, որ «Լիդիան» ընկերությունը հայտնի է բնապահպանական միջազգային ստանդարտների ապահովման ու պատասխանատու հանքարդյունահանման իր գործելակերպով: Դեսպան Միլսը հույս է հայտնել, որ «Լիդիան» ընկերության Ամուլսարի ծրագիրը կդառնա պատասխանատու հանքարդյունահանման օրինակելի ծրագիր, որը ցույց կտա, որ հնարավոր է ապահովել բնապահպանական ու տնտեսական շահերի հավասարակշռում:

 Իր խոսքում դեսպան Միլսը ջերմորեն ողջունել է ՀՀ կառավարության վերջերս կայացրած որոշումը` «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը» (ԱՃԹՆ) անդամակցելու վերաբերյալ: ԱՃԹՆ հիմքում այն սկզբունքն է, որ հասարակությունը հնարավորություն ունենա տեսնել և վստահություն ունենալ, որ երկրի բնական պաշարների արդյունահանումն ընթանում է լավագույն մեթոդների կիրառմամբ և հասույթի բաշխումն  իրականացվում է պատշաճ ձևով:. «ԱՃԹՆ ստանդարտներն ապահովող երկիր դառնալու ճանապարհին անելիքներ շատ կան, սակայն երբ դա ապահովված լինի, ավելի մեծ հասարակական թափանցիկություն կապահովվի հանքարդյունաբերության ոլորտում, ինչն էլ կօգնի այս ճյուղի կայուն զարգացմանը»,-ասել է դեսպանը: «Միացյալ Նահանգները մեծապես արժևորում է խորացող տնտեսական կապերը Հայաստանի հետ և ողջունում է գործարար միջավայրի բարելավման հարցում ՀՀ կառավարության ստանձնած հանձնառությունները»,-ամփոփելով խոսքը` նշել է Միլսը:

Դեսպանը, վարչապետը և էներգետիկայի նախարարը ծանոթացել են նաև «Լիդիանի» կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում իրականացվող համայնքային զարգացման երկու ծրագրերի՝ արվեստի դպրոցի և մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների ընթացքին Ջերմուկում: Դեսպան Միլսը շեշտել է այն օգուտները, որ ստացվում են արևմտյան կորպորատիվ բիզնես գործելակերպի լավագույն ավանդույթներից մեկի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի արդյունքում, որոնց միջոցով տնտեսավարող ընկերությունները մասնակից են դառնում տեղի համայնքի խնդիրների լուծմանն ու իրենց ներդրումն են ունենում համայնքի զարգացման ու բարելավման հարցում:  

Հայաստանում  առողջ ու պատասխանատու հանքարդյունաբերության զարգացմանը աջակցելու նպատակով վերջերս ԱՄՆ դեսպանությունը բնապահպանների ու հանքարդյունաբերության ներկայացուցիչների համար կազմակերպել է երկու ճանաչողական այց դեպի Միացյալ Նահանգներ, որտեղ մասնակիցները ծանոթացել են հանքերի շահագործման, շահագործման դադարեցման (կոնսերվացման) ու կրկնակի շահագործման ամերիկյան փորձին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]