Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքական շաբաթ. թուրք դատախազների փախուստից մինչև կոալիցիայի տապալում

Թուրքական շաբաթ. թուրք դատախազների փախուստից մինչև կոալիցիայի տապալում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հուլիսի վերջից սկսված ահաբեկչական ալիքը չի դադարում: Երկրի տարբեր շրջաններում մեկը մյուսին հետևող հարձակումներն ու բախումները ահաբեկչական խմբավորումների և իրավապահ մարմինների միջև շարունակում են նոր կյանքեր խլել: Եվ մինչ երկրում շարունակվում է քաոսային իրավիճակը, այս շաբաթ տապալվեց նաև կոալիցիոն կառավարություն կազմելու վերջին փորձը: «Արմենպրես»-ը հետևել է անցնող շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած ամենաուշագրավ դեպքերին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Շաբաթվա սկզբին երկիրը ցնցեց ահաբեկչական հարձակումը Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի վրա: Հարձակումից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ահաբեկչական գործողության հեղինակը երկու կանայք են: Նրանցից մեկին, ով նաև վիրավոր էր, հնարավոր եղավ ժամեր անց հայտնաբերել և ձերբակալել: Արձագանքեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը: Դեսապնության խոսնակը նշեց, որ իրենք փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվել իրականում:

Նույն օրը՝ օգոստոսի 10-ին Ստամբուլում ուժեղ բախում տեղի ունեցավ Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների և իրավապահների միջև: Ահաբեկիչները ռումբ կիրառեցին եռահարկ ոստիկանական շենքի վրա հարձակման ժամանակ, ինչի հետևանքով շինության մի մասում հրդեհ բռնկվեց, որն էլ շինության մասնակի փլուզման պատճառ դարձավ: Ահաբեկչության հետևանքով վիրավորվեց 5 ոստիկան և 2 քաղաքացի, ովքեր տեղափոխվեցին հիվանդանոց: Հարձակմանը հաջորդած ժամերի ընթացքում երկուստեք կրակոցները չդադարեցին: Արդյունքում զոհվեց մեկ ոստիկան և երկու ահաբեկիչ:

Սիլոփիում PKK-ի գործողություններից զոհվեց 4 ոստիկան, իսկ Բեյթուշեբափ գավառում ռազմական ինքնաթիռի վրա հարձակումից՝ մեկ զինվոր: Դիարբեքիրի Լիջե գավառում քուրդ զինյալները հարձակվեցին գավառի անվտանգության վարչության և ժանդարմերիայի հրամանատարության վրա: Շըրնաքում նրանց գործողությունների հետևանքով զոհվեց մեկ զինվոր:

Այս ընթացքում թուրքական ուժային կառույցների գործողություններից զգալի տուժեցին նաև քուրդ զինյալները: Թուրքիայի զինուժը օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը ռմբակոծեց երկրի հարավային Հաքքարի նահանգի տարածքում գտնվող PKK-ի 17 հենակետ: Մուշ նահանգի Վարթո գավառում և Բինգյոլում իրավապահ մարմինները սպանեցին երկուականղ, իսկ Արարատ և Թոնդրակ լեռների տարածքում՝ 7 քուրդ զինյալի: Ավելի ուշ Աղրըում սպանվեց ևս երեք քուրդ զինյալ:

Այս ընթացքում դեմոկրատական ինքնավարություն հայտարարեցին Թուրքիայի երկու քրդաբնակ քաղաքներ՝ Շըրնաքը և Յուքսեքովան: Սիլոփիում PKK-ն հարձակվեց ոստիկանական տան և ոստիկանական բաժանմունքի վրա, Մարդինում՝ կառավարական տան վրա: Դերսիմի հարձակումից մեկ ոստիկան վիրավորվեց, իսկ Դիարբեքիրում՝ մահացավ: Դիարբեքիրի Սիլվան գավառում Քրդական բանվորական կուսակցության հարձակումից տուժեց երկու կին, Բինգյոլում զոհվեց մեկ սպա, իսկ Դերսիմի Փյուլումուր գավառում վիրավորվեցին չորսը:

Իրանը փակեց Թուրքիայի հետ ցամաքային ամենամեծ սահմանային անցակետը՝ Գյուրբուլաք-Բազարգյանը: Պատճառն օրերս Թուրքիայի տարածքում իրանական մեքենայի վրա գործած հարձակումն էր:

Այս ընթացքում Թուրքիան սկսեց Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումը: Պատն ունի 2 մետր լայնություն, 3 մետր բարձրություն և 8 կմ երկարություն:

Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» ու քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունների միջև կոալիցիոն կառավարություն չի կազմվի: Այս մասին քեմալական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի վարչապետ, իշխող կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն՝ մեծ հավանականություն տալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Բանակցությունների մասին խոսեց նաև քեմալական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով հայտնեց, որ թուրքական իշխանություններն առաջարկել են ոչ թե կոալիցիա կազմել, այլ խոսել են միայն անցումային կառավարություն ստեղձելու մասին:

Օգոստոսի 11-ին թուրքական ԶԼՄ-ները գրեցին, թե Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող երկու նախկին դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան Վրաստանի տարածքով մտել են Հայաստան: Թեպետ ՀՀ ԱԱԾ-ից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ իրենք նման տեղեկատվության չեն տիրապետում, այդուհանդերձ Էրդողանը չվարանեց՝ կրկնելու դատախազների՝ Հայաստան փախչելու վարկածը: Հետագայում շրջանառվեց դատախազների՝ Կիև գնալու տարբերակը, որը ևս չհաստատվեց: Արդյունքում հայտնի դարձավ, որ երկրի իրավապահ մարմինները նախատեսում են միջազգային հետախուզում հայտարարել նախկին դատախազների նկատմամբ:

Օգոստոսի 13-ի գիշերը` 23.30-ին անհայտ անձինք երկու մեքենաներով եկան Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող հայկական որբանոցի տարածք՝ «Արմեն ճամբար» և ծեծի ենթարկեցին այնտեղ մշտական հերթապահություն սահմանած երկու երիտասարդի: Թուրքիայի քեմալական կուսակցության կողմից ընտրված հայ պատգամովր Սելինա Դողանն իր վրդովմունքը հայտնեց կատարվածի առնչությամբ և հայտարարեց, որ քանի դեռ հարձակման իրական մեղավորները չեն հայտնաբերվել, դրանց պատասխանատուն մնում է իշխանությունը:

Այս շաբաթ հիվանդանոցում մահացավ Սուրուչի ահաբեկչությունից վիրավորված 19-ամյա Մերթ Ջոմերթը: Այդպիսով, հուլիսի 20-ի ահաբեկչության զոհերի թիվը հասավ 33-ի:

Ամփոփեց Արաքս Կասյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]