Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Համահայկական խաղերի մասնակիցները եղան Շուշիում. նրանց սիրտը հավերժ կապվեց Արցախ աշխարհի հետ

Համահայկական խաղերի մասնակիցները եղան Շուշիում. նրանց սիրտը հավերժ կապվեց 
Արցախ աշխարհի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական 6-րդ ամառային խաղերը քիչ-քիչ թափ են հավաքում՝ հայրենիք ժամանած հայորդներին կապելով հայրենի հողի հետ և նրանց նոր ընկեր ձեռք բերելու հնարավորություն տալով: Համահայկական խաղերի ֆուտբոլի և վոլեյբոլի ենթախմբերի մի քանի մրցաձևեր անցկացվում են Ստեփանակերտում և Ասկերանում: Մրցումներից զատ, Արցախ ժամանած մարզիկները ծանոթացան են նաև մայրաքաղաք Ստեփանակերտին և հայոց բերդաքաղաք Շուշիին: Համահայական խաղերի Սպահանի թիմն այցելեց Շուշի, եղավ Ղազանչեցոց եկեղեցում:

Սպահանի ֆուտբոլի թիմի կազմում և Հայոց պատմության անթերի իմացությամբ, արցախյան ազատամարտի պատմության հետաքրքրաշարժ մանրամասների իմացությամբ առանձնացավ Արմո Մինասյանը, ով 5 տարվա դադարից հետո կրկին եկել է հայրենիք: Ստեփանակերտից Շուշի երկար չէ, բայց եթե այն անցնում է հաճելի ընկերակցությամբ, թվում է վարկյաններ: Հայոց բերդաքաղաք բարձրանալու ամբողջ ճանապարհին Արմոն մեկ րոպե անգամ չդադարեց հայրենասիրական երգեր երգելուց և անընդմեջ կրկնում էր, որ պետք է 5 որդի ունենա՝ շեշտելով, որ «աղջիկը զինվոր չի դառնա»:

Արմոյի հետ մեր զրույցը ծավալվեց խորհրդանշական մի վայրում՝ Ստեփանակերտի մուտքի մոտ տեղադրված «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ (Տատիկի պապիկի արձանը):

«Չկա մի հայ, որ, իմանալով Հայոց պատմությունը, հայրենասեր չլինի»

«Ծնվել և մեծացել եմ շատ հայրենասեր մի ընտանիքում, բայց միշտ էլ հայրենիքիս կարոտն եմ զգացել: Կարդալով ֆիդայինների հուշերը և լսելով նրանց մասին` ավելի հասու և իրական թվաց Հայաստանը: Այն գրքերի էջերում թաքված մտածումներս կրկին վերադարձել են ինձ մոտ, քանի որ կրկին Արցախ աշխարհում եմ: Ամեն անգամ տեսնելով Շուշին, Ստեփանակերտը` ազատ և ազատագրված, հպարտանում եմ իմ հայ լինելով: Ինչպես ասում է «Լիսբոն 5»-ի տղաներից Սիմոնը՝ «Ես հայ ծնվել եմ և հայ պիտի մեռնեմ, քանի որ հայ ազգի զինվոր եմ»»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում մեծ հիացմունքով, մեծ հավատով և հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ մեծ վստահությամբ ասաց Արմոն:

«Այս տարի, քանի որ 2015 թվականն է և սա Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարին է, կարևորն այն է, որ ամբողջ աշխարհի հայերս հավաքվենք և մեր պահանջատիրության հարցը բարձրացնենք: Մենք ճանաչման փուլից անցել ենք պահանջատիրության փուլին: Մենք մեր հողերի վերադարձն են ուզում, մեր կորուստների վերադարձն ենք ուզում: Մեզ համար այժմ ճանաչումը չէ խնդիր՝ մենք ունենք մեկ նպատակ պահանջատիրություն: Մենք անկախ Հայաստան ունենք և մեզ չպետք է իրենց կարծիքը թելադրեն: Ունենք այնպիսի ժողովուրդ, որ պատրաստ է իր կյանքն էլ տալ ազգի համար»,-ասաց սպահանահայը:

«Կարոտն է, որ մեզ կապում է մեր երկրին, հենց դրա պատճառով է, որ մենք շատ ավելի ակնառու կերպով ենք սիրում մեր հայրենիքը, քան մյուսներն են: Երբ դու միայն գրքերում ես կարդում և նկարներով ես տեսել Հայաստանը, երբ չես տեսել քո հայրենիքը, ամեն ինչ անում ես այնտեղ հասնելու համար: Վստահաբար մի օր ինձ էլ կտեսնեք այս հողերի վրա ապրելիս, բայց երբ ամուսնանամ: Մենք պետք է արժանի լինենք մեր նախնիների հիշատակին, ինչպես Մոնթեի, այնպես էլ մյուս հերոսների: Ինչ գնով էլ լինի, պետք է շարունակենք նախնիների սկսած գործը, եթե շարունակելու համար հարկ լինի նորից զենք վերցնել կամ գերազանց կրթություն ստանալով: Գուցե հիմա դարն է փոխվել, բայց գաղափարը նույնն է, պետք է շարունակենք նրանց գործը, թեկուզ դրան հասնենք այլ կերպ: Կուզեի, որ իմ զավակները ևս ինձ պես կապված լինեն հայրենիքի հետ: Չկա մի հայ, որ, իմանալով հայոց պատմությունը, հայրենասեր չէ:

Եթե մի օր տեսնեի մեր հերոսներին՝ Մոնթեին կամ Բեկորին, պիտի հարցնեի, թե ինչպես են ամեն անգամ գնացել մարտադաշտ: Կցանկանայի տեսնել և զգալ, թե ինչպես են միմյանց հետ խոսում կամ գնում պաերազմի դաշտ: Կուզեի կանգնած լինել Շուշիում երբ այն ազատագրվեց»,-նշում է Արմոն:

Ցավոք, Սպահանի ֆուտբոլի թիմի համար Համահայկական խաղերն ավարտված են, քանի որ իր ենթախմբում երկու պարտությունից հետո նրանք վերջին տեղում են: Բայց Արմոն և նրա ընկերները, Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցելով, կապում են ոչ միայն Սփյուռքը հայրենիքին, այլ մի աննկատ թելով` իրենց սիրտը Արցախ աշխարհի և մայր հայրենիքի հետ: Ժամանակի և տարածության մեջ Արմոյի և նրա ընկերների գիտելիքները «կծառայեն հայրենիքի լուսավոր ապագայի և նոր սերնդի ճիշտ դաստիարակմանը»:

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]