Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օսմանյան կայսրությունում հայ մարզիկների անուրանալի ավանդի մասին է պատմում ժամանակավոր ցուցադրությունը

Օսմանյան կայսրությունում հայ մարզիկների անուրանալի ավանդի մասին է պատմում 
ժամանակավոր ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 1-ը կգործի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» ժամանակավոր ցուցադրությունը: Ներկայացված են բացառիկ նյութեր և լուսանկարներ: Ցուցադրությունը բաղկացած է 12 խորագրից, որոնք վերաբերում են 1900-1923 թվականներին մարմնակրթական շարժմանն Օսմանյան կայսրությունում: Ժամանավոր ցուցադրության բացմանը զուգահեռ տեղի ունեցավ համանուն գրքի շնորհանդեսը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ժամանակավոր ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազայանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, այլ հյուրեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջոցառման պատվավոր հյուրերի թվում էին նշանավոր մարզիկներ և սկաուտապետեր Գրիգոր Ճոլոլյանի, Շավարշ Քրիսյանի, Վահան Չերազի ժառանգները: 

Նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին մեծածավալ աշխատանք կատարելու համար: «Եթե պատմական ակնարկ անենք ու գնանք հետ, ապա կտեսնենք, որ հայերը դեռ հին հունական խաղերի ժամանակ, երբ Տրդատ ու Վարազդատ թագավորները դարձան օլիմպիական չեմպիոններ, շատ լավ են պահել հայկական սպորտի պատիվը: Ինչ վերաբերում է այս ցուցարությանն ու գրքին, ապա մենք չունենք նման նախադեպ, սա իրականում առաջին գիրքն է, որն ունի պատմական բնույթ»,-ասաց նախարարը:

Մարզիկ և լուսանկարիչ Գրիգոր Ճոլոլյանի որդին` Պատրիս Ճոլոլյանն իր հերթին հայտնեց մեծ ուրախություն միջոցառմանը մասնակցելու համար: «Հայրիկս Ստամբուլում լուսանկարչի գործ էր սկսել ու նաև մարզիկ էր: Ցեղասպանության ընթացքում նրա հայրն ու եղբայրը մահացան, մյուս եղբայրը` Հակոբ Սիրունին, գնաց Ռումինիա, հայրս գնաց Ֆրանսիա ու լուսանկարիչ դարձավ` շարունակելով մարզական լուսանկարչության ավանդույթները: Նրա շնորհիվ է, որ այս ցուցադրությունը ներկայացնում է նաեւ Առնոլդ Շվարցնեգերին»,-ասաց Պատրիս Ճոլոլյանը:

Նա նշեց, թե ինչու որոշեց իր հոր ողջ հավաքածուն նվիրաբերել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին. «Ցանկացա տանս չմնա այն, որպեսզի ապագա սերունդներն իմանան, թե ինչպիսին էր իրենց նախնիների կյանքը և ինչպես են նրանք ապրել Օսմանյան կայսրությունում»:

«Մարմնամարզ» մարզական թերթի խմբագիր Շավարշ Քրիսյանի եղբորորդին` Շավարշ Քրիսյանն էլ նշեց, որ ցուցադրությունն ու գիրքը գալիս են ապացուցելու, թե ովքեր են եղել հայերը, թե ինչպիսի կարևոր ժառանգության տեր են նրանք: «Նրանք, ովքեր այցելել են Պատմության թանգարան, գիտակից պետք է լինեն այն հսկայական ավանդին ու ժառանգությանը, որ ունենք մենք: Ես անցյալ անգամ զարմացա, երբ այցելեցի, ականատես եղա հինգ հազարից յոթ հազար տարվա հնություններին, որոնց հավասարները երևի չգտնեք Եգիպտոսի և Հունաստանի նման երկրներում: Այս ենք մենք: Մեր գիտակից ճանաչման մեջ կա այս ժառանգությունը, որը մեզանից խլելու փորձեր եղան»,-ասաց Շավարշ Քրիսյանը: Նրա խոսքով` մեր նոր ժառանգությունը ոչ միայն հատուկ է հայերին, այլև համաշխարհային արժեք է: «Սպորտային, ֆիզիկական կոփվածությունը, առողջ ապրելակերպի քարոզչությունը  քաջալերվեց մի քանի երիտասարդների կողմից, ովքեր եվրոպական կրթություն ունեին, նրանցից մեկն էլ իմ մեծ հորեղբայրն էր»,-նշեց նա:

Շավարշ Քրիսյանի խոսքով` մենք պետք է տեղյակ լինենք մեր ժառանգությունից, որ կարողանանք արժևորել մեր գոյությունն աշխարհում:
Ցուցադրությունն առաջին անգամ ներկայացվել է հայ հասարակությանը դեռևս 2009 թվականին, այժմ համալրվել է հարյուրավոր նորահայտ նյութերով և հազվագյուտ լուսանկարներով, որոնք անդրադառնում են Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաշատ քաղաքներում սկիզբ առած մարմնակրթական շարժման պատմությանը:

Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի զարգացման պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջերից, երբ առաջացան առաջին մարմնամարզական ակումբներն ու խմբակները: Սուլթան Աբդուլ Համիդի օրոք սպորտով կամ ֆուտբոլով զբաղվելը խստիվ արգելված էր, իսկ այս արգելքը խախտողները ենթարկվում էին պատժի
20-
րդ դարի սկզբներին Պոլսում և Զմյուռնիայում ձևավորվեցին առաջին հայկական ֆուտբոլային թիմերը: Այս ընթացքում ի հայտ եկան նաև պրոֆեսիոնալ մարզական կրթություն ստացած մարզիկներ, սպորտսմենի կրթություն ստացած Շավարշ Քրիսյանը, Մկրտիչ Մկրյանը և այլոք, ովքեր նշանակալից դերակատարություն ունեցան օսմանահպատակ հայերի շրջանում սպորտի մասսայականացման և դրա հանդեպ հետաքրքրության մեծացման գործում
Կայսրության սպորտային տարեգրության մեջ յուրահատուկ դրվագ էր Ստոկհոլմի հինգերորդ միջազգային օլիմպիական խաղերին երկու հայ մարզիկների՝ Վահրամ Փափազյանի և Մկրտիչ Մկրյանի մասնակցությունը, որոնք դարձան կայսրությունը ներկայացնող առաջին օլիմպիականները՝ հանդես գալով օսմանյան դրոշի ներքո: Օսմանյան կայսրության անդրանիկ սպորտային պարբերականի՝ «Մարմնամարզի» հրատարակումը (1911-1914թթ.) Շավարշ Քրիսյանի կողմից լրացուցիչ խթան հանդիսացավ կայսրության հայ բնակչության շրջանում սպորտի հանդեպ հետաքրքրության մեծացման հարցում
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին միայն Պոլսում գործում էին շուրջ 40 հայկական մարմնամարզական ակումբներ: Հայկական ֆուտբոլային թիմերը մասնակցում էին կայսրության մայրաքաղաքում գործող մի քանի լիգաներում ընդգրկված թիմային ու միջազգային մրցաշարերին: Առավել հայտնի էին «Բալթա Լիման», «Արաքս», «Տորք» ֆուտբոլային թիմերը: Պոլսից զատ հայկական սպորտային ակումբներ ստեղծվեցին Զմյուռնիայում, Նիկոմեդիայում, Կարինում, Ադանայում, Վանում, Կեսարիայում, Դորտյոլում, Տրապիզոնում և այլուր
1911-1914
թթ. տասնյակ հայկական սպորտային և մարմնամարզական ակումբների ու խմբակների մասնակցությամբ կազմակերպվեցին Հայկական օլիմպիական խաղեր, որոնցում սահմանվում էին ռեկորդներ, իսկ հաղթողները պարգևատրվում էին արծաթե մեդալներով: 1913թ. Ադանայում անցկացվեցին նաև առաջին «Կիլիկյան օլիմպիական խաղերը»: 
Հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհ դարձան բազմաթիվ հայ մարզիկներ, որոնց թվում նաև «Մարմնամարզի» խմբագիր Շավարշ Քրիսյանը, որից հետո պարբերականը դադարեց լույս տեսնել: 1915-1920 թթ. բազմաթիվ հայ մարզիկներ դարձան ցեղասպանության զոհ, հայկական սպորտային ակումբների մեծ մասը դադարեցին գործել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]