Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Համահայկական խաղերին Արտաշատը կներկայանա նաեւ ֆուտբոլային թիմով


ԱՐՏԱՇԱՏ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական 6-րդ ամառային խաղերին ֆուտբոլ մարզաձեւում հանրապետության եւ արտերկրի մասնակից 34 թիմերի կազմում հանդես կգա նաեւ Արտաշատի թիմը, որը կխաղա ութերորդ խմբում: Վիճակահանության արդյունքում ընտրված այդ խմբում ընդգրկված են նաեւ Վորոնեժի, Բուենոս Այրեսի եւ Սիդնեյի թիմերը: Արտաշատը կխաղա բոլորի հետ` շրջանաձեւ խաղի սկզբունքով: «Մեր թիմի համար մեծ պատիվ եւ հպարտություն է խաղալ նման երկրների հայազգի ներկայացուցիչներց բաղկացած թիմերի հետ, մանավանդ, երբ նրանց երկրներում ֆուտբոլն այդչափ զարգացած է: Միակ խնդիրն այն է, որ խաղերին մեր մասնակցության մասին իմացել ենք հուլիսի երկրորդ կեսին, իսկ ըստ պատշաճի մասնակցելու համար անհրաժեշտ էր, որ մենք պատրաստվեինք ամիսներ շարունակ, նույնիսկ` սկսած մեկ տարի առաջվանից»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց մարզադաշտի տնօրեն Հենրիկ Սիմոնյանը:

Թիմի կազմը հավաքվել է Արտաշատ համալիր մարզադպրոցի 1997 թվականին ծնվածների հին ֆուտբոլիստների թիմի հիմքի վրա: Երկու շաբաթների ընթացքում անց են կացվել ամենօրյա եւ լարված պարապմունքներ մարզիչ Գրիշա Պողոսյանի հետ: «Միակ խնդիրն այն է, որ ժամանակն էր սահմանափակ: Իսկ ֆուտբոլիստները լավ եւ մարտական են տրամադրված: Մեր ֆուտբոլիստները նման խաղերի մասնակցության փորձ չունեն: Չնայած այս ամենին` նրանց համար սա փորձի փոխանակում է, արտերկրի հայերին եւ նրանց սպորտային վարպետությանը ճանաչելու հնարավորություն»,-ասաց Սիմոնյանը:

Համահայկական խաղերին հանրապետությունից ֆուտբոլային թիմեր ունեն նաեւ Էջմիածնը, Երեւանը, Սիսիանը, ինչպես նաեւ Ստեփանակերտը: Այս օրերին, ուժերը չափելու նպատակով Արտաշատի թիմը ընկերական խաղ է անցկացրել Էջմիածնի թիմի հետ:

Լիլիթ Մաճկալյան




Այս թեմայով

... վերջին լուր "Համահայկական խաղեր" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ