Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

«Լինենք միասին, որ այլևս չպարտվենք». ՀՀ Նախագահը Համահայկական խաղերը հայտարարեց բացված


ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հանդիսավոր, մեծ և յուրօրինակ արարողությամբ մեկնարկեցին Համահայկական 6-րդ ամառային խաղերը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքպետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք: Պաշտոնական բացման արարողությունը ներկաներին մի պահ տարավ Հայաստանի հնամյա մայրաքաղաք Էրեբունի՝ անցնելով Հայոց պատմության ամենալուսավոր և հիշարժան էջերով: Այնուհետև պատվո պահակախմբի ուղեկցությամբ մարզադաշտ բերվեց ՀՀ պետական դրոշը: Մարզական շքերթը բացեցին հայկական երկրորդ պետության ներկայացուցիչները՝ ԼՂՀ պատվիրակութունը (3 քաղաք՝ Ստեփանակերտ, Շուշի և Բերձոր. ընդհանուր 138 մարզիկ): Այնուհետև միմյանց հաջորդեցին 165 երկրներից պատվիրակությունները, որոնց թվում էր նաև Իրանի մայրաքաղաք Թեհրանը ներկայացնող պատվիրակությունը՝ 197 մարզիկ: Մեծագույն կազմով է ներկայացրել նաև ԱՄՆ թիմը՝ 13 քաղաք, 256 մարզիկ: Արգենտինայի մայրաքաղաքը ևս մեծաթիվ ներկայություն ունի՝ 191 մարզիկ: Գերմանական Քյոլն քաղաքը Համահայական 6-րդ խաղերին ներկայացել է 106 մարզիկով: 881 մարզիկներով ներկայացել էր Թուրքիայի պատիրականությունը: Շքերթը եզրափակեց մայրաքաղաք Երևանի պատվիրակությունը, որը Համահայկական խաղերին ներկայացել է բոլոր մարզաձևերում՝ 500 մարզիկով:

«Այստեղ ներկա բոլոր մարդիկ կապված են մեկ ընդհանրությամբ` հայկական ինքնությամբ: Որքան էլ նոր ու լրացուցիչ տարբեր ինքնությունների շերտեր ավելանան, հայությունը, հայ լինելը մեր բոլորի մայր ինքնությունն է: Այդ ինքնությունն է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներով բնորոշվող այս տարում մեզ կրկնել է տալիս 2015-ի կարգախոսը՝ հիշում ենք և պահանջում: Այսօր այս հանդիսավոր արարողությանը մասնակցում են մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր օջախների երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: Դուք այս օրերին այս խաղերի ընթացքում պիտի մրցեք հայերին վայել` ազնիվ ու արդար, իսկական օլիմպիական ոգով: Այս օրերին դուք կգտնեք նոր բարեկամներ, և ձեր այդ ընկերության կրակը վառ կպահեք ձեր ամբողջ կյանքի ընթացքում: Վստահ եմ, որ Համահայկական խաղերի կրակը ձեզ դեռ շատ երկար կուղղորդի»,-հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Համահայկական խաղերի դրոշը մարզադաշտ բերեցին հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշ Արամ Մարգարյանը, շախմատային օլիմպիադաների չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը և Ռաֆայել Վահանյանը: Համահայկական խաղերի մարզիկի երդումը կարդաց Սիրիայի Հալեպ քաղաքի ներկայացուցիչ Շողիկ Ավետիսյանը, իսկ մրցավարների անունից երդվեց Մարիա Մելքոնյանը՝ Երևանից: Համահայկական խաղերի երեք ջահերը, որոնք վառվել էին Շուշիում, Լիբանանում՝ Անթիլիասում և Վանում, միավորվել էին մեկում և խաղերի կրակը վառեց հայկական մարմնամարզության և համաշխարհային սպորտի լեգենդ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խաղերը հայտարարեց բացված:

Ամբողջ արարողության ընթացքում մարզադաշտի վերին հատվածում իրար էին հաջորդում հայրենիք ժամանած սփյուռքի հայորդիներին միավորող ուղերձները՝ «Մեկ հայրենիք, մեկ երազանք», «Աշխարհասփյուռ հայերի հայրենիքը մեկն է՝ Հայաստանը», «Լինենք միասին, որ այլևս չպարտվենք», «Լինենք միասին, որ այլևս անցյալը չկրկնվի», «Երեք վառվող ջահ, երեք վառվող սիրտ և մի պատգամ՝ միասնություն սպորտով», «Միշտ վերադարձիր»: 

«ՀՀ մեծարգո նախագահ, սիրելի հայրենակիցներ. 16 տարի առաջ առաջին անգամ կազմակերպեցինք Համահայկական առաջին խաղերը: Խոստովանենք, որ հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման գործում Համահայկական խաղերն ունեն իրենց ուրույն և հաստատուն գրանցումը: Խաղերն անցկացնելու գաղափարը և դրա իրականացումը նպաստում է ոչ միայն մարզական կյանքի ակտիվացմանը, այլ նաև Հայաստան-Սփյուռք կապեր ամրապնդմանը: Տարեց տարի մեծացող աշխարհագրությունը և մարզիկների թվի աճը վկայում  է խաղերի ուժի մասին: Համահայկական ամառային 6-րդ խաղերը համընկնում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին  և ընդգրկված են պետական միջոցառումների ծրագրում… Հայրենիք, Արցախ Սփյուռք եռամիասնությունը մեր ապագան է և պետք դառնա գալիք սերունքների ուխտը: Միասնության բռունքը մենք սեղմել ենք Ավարայրում, չեն բռունքվել 1915 թվականին ունեցել ենք անդառնալի կորուստներ, բռունցքվել ենք 88 թվականին և ունենք ազատ, անկախ Հայաստան»,-ասաց Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: 

Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Այս խաղերը իսկապես, որ աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ այլ նաև մասնիկներից քանակով, որը գերազանցում է 6350-ը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի, Գևորգ Պերկուպերկյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ