Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Համահայկական խաղերին առաջին անգամ մասնակցող Քուվեյթի թիմն արդեն հայրենիքում է «Հելիոս»-ի շնորհիվ


ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՊՐԵՍ: Համահայկական խաղերին առաջին անգամ մասնակցող Քուվեյթի հավաքականն արդեն հայրենիքում է: Հավաքականի մասնակցությունը Համահայկական խաղերին հովանավորում է Քուվեյթում գործող «Հելիոս» բժշկական կենտրոնը, որի հիմնադիրներ Ֆիլիպ Փաթաթանյանն ու Հելեն Ազարյանը մասնաճյուղեր են հիմնել նաև Երևանում` «Հելիոս» բժշկական կենտրոնն ու «Հելիոս» պոդոլոգիայի կենտրոնը` աշխատատեղով ապահովելով իրենց բազմաթիվ հայրենակիցների: 

Քուվեյթի հավաքականին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին մեծ պատվով, ծաղիկներով ու ոգևորությամբ: Թիմը հանգրվանեց «Արմենիա Մարիոթ» հյուրանցում: Համահայկական 6-րդ ամառային խաղերին Քուվեյթի թիմը մասնակցում է 45 մարզիկներով:

«Ի սկզբանե մեր սկզբունքն այն էր, որ ծառայենք հայրենիքին: Մենք հիմնեցինք այստեղ «Հելիոս» բժշկական կենտրոնը, իսկ մարզական տեսանկյունից, սա աշխատանք է, որ պիտի արվի ցանկացած հայի կողմից: Սա ևս մեկ առիթ է հայրենիքում լինելու, հայրենիքի զավակների համար ևս մեկ աշխատանք կատարելու: Հայաստանի անկախությունից հետո արտասահմանի հայ երիտասարդությունը ցանկանում է գալ հայրենիք: «Հելիոս» կենտրոն էլ որպես հովանավոր առիթ է տալիս երիտասարդներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հելիոս» բժշկական կենտրոնի հիմնադիր Ֆիլիպ Փաթաթանյանը:

Վերջինս լիահույս է, որ Քուվեյթը ներկայացնող մարզիկները Համահայկական 6-րդ խաղերին կկարողանան իրենց լավ դրևորել: «Ուրախ ենք, որ հայրենիքում են որպես մարզիկներ և նրանցից միայն հաղթանակ ենք ակնկալում»,-եզրափակեց Փաթաթանյանը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Թիմին իր օրհնությունը բերած Հայ առաքելական եկեղեցու Քուվեյթի թեմի առաջնորդ գերապտիվ Տեր Մասիս Ծ. Վարդապետ Զոբույանը համոզված է՝ Համահայկական 6-րդ ամառային խաղերը մի նոր հիմք կհանդիսանան հայրենիք- սփյուռք կապերի ամրապնդման գործում: «Նախ և առաջ շատ ուրախ ենք, որ երիտասարդների հետ եկանք, հասանք հայրենիք: Մեր երիտասարդության ներկայությունը մեծապես դրական եմ համարում: Բոլորս էլ ներշնչված ենք, որ Հայաստանում լինելու նման առիթ ունենք: Սա լրացուցիչ խթան է Քուվեյթի և Հայաստանի միջև ամրապնդելու կապերը՝ ի նպաստ հայրենիքի հզորացման, զարգացման և բարգավաճման: Մեր ներկայությունն այսօր այստեղ Սփյուռքի միասնության խորհուրդն է: Ես վստահ եմ, որ ամեն մեկը լավ տպավորություններով կվերադառնա իր տուն»,-շեշտեց հոգևոր առաջնորդը:

«Այս խաղերին մասնակցելու ենք ֆուտբոլի, հանդբոլի, սեղանի թենիսի և թենիսի մրցաշարերին: Հայրենիքում կլինենք մոտ երկու շաբաթ: Քուվեյթը հայկական փոքր գաղութ ունի` առավելապես 4-5 հազար հայերով: Դժվար է այդքանի մեջ մարզիկներ հավաքել և մասնակցել այս խաղերին: Բայց բոլորս մեծ ձգտում ունենք հաղթաակի և եկել ենք հաղթելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Կուզեյանը` Համահայկական խաղերի Քուվեյթի թիմի պատասխանատուն:

Բոլոր մասնակիցները լավ են տրամադրված և մեծ սպասելիքներ ունեն: «Քուվեյթի թիմը մասնակցել է համահոմենընդմենական խաղերի, սա առաջին համահայկական խաղերն են, որին մասնակցում են երիտասարդները: Եվ մենք սպասելիքներ ունենք մեր ֆուտբոլի թիմից»,-շեշտեց Կուզեյանը:

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվեց Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով կուղևորվի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Ջահը կանցնի հայկական մի շարք քաղաքներով: Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Այս խաղերը իսկապես, որ աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ այլ նաև մասնիկներից քանակով, որը գերազանցում է 6200-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ