Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աշխատանք փնտրող 85.5 հազար մարդ, թափուր աշխատատեղեր ու պահանջված մասնագիտություններ. հարցազրույց

Աշխատանք փնտրող 85.5 հազար մարդ, թափուր աշխատատեղեր ու պահանջված 
մասնագիտություններ. հարցազրույց

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 85.5 հազար մարդ, որից 58.1 հազարը կանայք են, 20.9 հազարը՝ երիտասարդ: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 87 տոկոսը կամ 74.4 հազար: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը 49.2 տոկոս է կամ 36.6 հազար մարդ, որից երիտասարդները կազմում են 15.3 հազար կամ 41.8 տոկոս: Սրանք Զբաղվածության պետական գործակալության տվյալներն են: Ըստ այդ տվյալների` շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, ովքեր կազմում են գործազուրկների թվի 70.4 տոկոսը կամ 52.4 հազար մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.2 տոկոսը կամ 18 հազար մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք՝ 3.2 տոկոս կամ 2.4 հազար մարդ:

«Արմենպրես»-ը զրուցել է Զբաղվածության պետական գործակալության Աշխատաշուկայի վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժնի պետ Անահիտ Փարսադանյանի հետ գործազրկության մակարդակի, գործազուրկներին ուղղված ծրագրի, դրանցում ներգրավված աշխատանք փնտրողների թվաքանակի, աշխատաշուկայում թափուր աշխատատեղերի վերաբերյալ:

Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 13.3 տոկոս, նրանցից թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները 19.3 տոկոս են, նախնական մասնագիտական կրթություն ունեցողները՝ 6.1 տոկոս, միջնակարգ, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները՝ 61.3 տոկոս: Զրուցակցի խոսքով` մասնագիտական կրթություն ունեցողների մեջ մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, բուժքույրերը, տեխնիկները, ֆինանսիստները, տնտեսագետները, իրավագետները և բանվորական մասնագիտացում ունեցողները:

Անահիտ Փարսադանյանի տեղեկացմամբ` Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` գործազուրկների թվաքանակի աճ է նկատվում վերջին երկու տարիներին` պայմանավորված նրանով, որ այս տարվա առաջին եռամսյակում նվազել է զբաղվածների թիվը, հետևաբար, ավելացել են գործազուրկները` դառնալով 19.1 տոկոս: «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 1.3 տոկոսով: Երբ համեմատում ենք 2014-ը 2013-ի հետ, տեսնում ենք, որ 16.2 տոկոսից գործազրկության ցուցանիշը դարձել է 17.6 տոկոս: Այսինքն` գործազրկության մակարդակն աճել է նաև 2013-ի համեմատ: Դրա արդյունքում աճել է նաև մեզ մոտ գրանցված ու գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց թվաքանակը: Մյուս կողմից էլ գործակալությունում գործազուրկ գրանցվածների թվաքանակի աճը կապված է նրա հետ, որ մենք նոր ծրագրեր ենք իրականացնում, աճել է գրանցվողների թվաքանակը»,-ասաց Անահիտ Փարսադանյանը:

Ըստ տարիքային ցենզի՝ գործազուրկների թվում 16-25 տարեկանները կազմում են 24.2 տոկոս, 30-44 տարեկանները՝ 40.1 տոկոս, 45-54 տարեկանները` 20.7 տոկոս, 55-ից բարձր տարիքի անձինք` 15 տոկոս: Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 64.1 հազար անձ կամ 86.1 տոկոս:

Ինչպես նշեց Անահիտ Փարսադանյանը, 2015 թվականի հունվար-հունիս ամիսներին աշխատանքի է տեղավորվել 4 հազար 566 աշխատանք փնտրող, որից 2 հազար 992-ը` կին, 3 հազար 833-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձ: Աշխատանքի տեղավորվածներից 1205-ը երիտասարդ են:

Ներկայում գործակալությունն օգտագործում է կայուն զբաղվածության ցուցանիշը, որով տարբեր ժամանակահատվածներում ճշգրտվում է աշխատանքի անցածների վերաբերյալ տեղեկտվությունը: «Յուրաքանչյուր ծրագիր ունի իր կայուն զբաղվածության ցուցանիշը: Երբ աշխատանք փնտրողներն ընդունվում են աշխատանքի, հետևում ենք, թե որքան ժամանակ մարդը մնաց զբաղված»,-ասաց Անահիտ Փարսադանյանը: Նրա խոսքով` պատահում է, որ աշխատանքի անցնելուց որոշակի ժամանակ անց մարդն ազատվում է աշխատանքից, ու հիմնականում դա լինում է սեփական դիմումի համաձայն ` պայմաններին չհարմարվելու, ցածր աշխատավարձի պատճառով:

Ինչ վերաբերում է աշխատաշուկայում թափուր աշխատատեղերին, ապա հունիսի ընթացքում գործակալություն է ներկայացվել 2 հազար 380 թափուր աշխատատեղ, որից 67.7 տոկոսը՝ կրկնվող: Աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող բժիշկները` մարզերում, ճարտարագետները, հաշվապահները, դասավանդողները, դաստիարակները, մենեջերները, գործակալները, միջին մասնագիտական կրթության բնագավառում` բուժքույրերը, դիզայներները, վաճառողները, մատուցողները, խոհարարները, հացթուխները, վարսահարդարները, սարքավորումների և համակարգչային օպերատորները: Արհեստավորներից` ավտովերանորոգողները, էլեկտրիկները, որմնադիրները, դերձակները, վարորդները, կոշկագործները, կռունկավորները, փականագործները, խառատները, ատաղձագործները, եռակցողները:

Անահիտ Փարսադանյանի խոսքով` բժիշկների և մանկավարժների թափուր աշխատատեղեր կան հատկապես մարզերում, ինչը պայմանավորված է տեղական աշխատաշուկայում համապատասխան մասնագետների պակասով: «Մենք ունենք «Այլ վայրի գործուղման» ծրագիր, որն իրականացվում է երկու տարի ժամկետով բայց կրթության ոլորոտում այլ վայր գործուղել մենք չենք կարող: Մանկավարժները կրթության համակարգում պետք է մրցույթը շահեն, որ մենք նրանց ընդգրկենք ծրագրում: Մասնագետները երկու տարի ժամկետով գնում են մայրաքաղաքից դուրս որևէ համայնք պայմանագրով, մենք տրամադրում ենք ամսական նվազագույն աշխատավարձի եռապատիկը միանվագ, տրամադրում ենք տրանսպորտային ծախսերը, աշխատավարձի հավելում` վեց ամիս ժամկետով հավելավճար ենք տրամադրում»,-նշեց զրուցակիցը:

Աշխատաշուկայի լարվածությունը մեղմելու նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր: 2015 թվականի հունիսի 30-ի դրությամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը.

 «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ուեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում» ծրագրի առաջին կիսամյակում նախատեսված է ամսական միջին թվով 450 անձի ընդգրկվածություն:  Այս տարի ծրագրում ընդգրկված ամսական միջին թիվը կազմում է 290: 

«Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում», որով առաջին կիսամյակում գործակալություն է ներկայացվել 902 անձի` այդ թվում` 76 հաշմանդամություն ունեցող, հայտ-պահանջագիր, իսկ ծրագրում արդեն ընդգրկվել է 437 գործազուրկ` այդ թվում` 33 հաշմանդամություն ունեցող, 95 երիտասարդ` նախատեսված 840 անձի փոխարեն: 

«Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում» ծրագրում առաջին կիսամյակում նախատեսված է 30 գործազուրկի  ընդգրկվածություն: Այլ բնակավայր աշխատանքի է գործուղվել 34 անձ, որից 20-ը այս տարի: 

«Ձեռք բերած մասնագիտությամբ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկին աջակցության տրամադրում» ծրագրում առաջին կիսամյակում նախպատեսված է 140 գործազուրկի ընդգրկվածություն: Ծրագրում ընդգրկվել է 134 գործազուրկ:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուի միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագրում առաջին կիսամյակում նախատեսված է 299 անձի ընդգրկվածություն: Ծրագրում ներառվել է 257 անմրցունակ անձ, որից 18 հաշմանդամություն  ունեցող անձի համար հարմարացվել է աշխատատեղ:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիարական գործունեության աջակցության տրամադրում» ծրագրով առաջին կիսամյակում նախատեսված է 47 անձի ընդգրկվածություն: ՓՄՁ-ի կողմից իրականացվող դասընթացներում ընդգրկվել է 56 անմրցունակ անձ: Տարեսկզբից ֆինանսական աջակցություն է ստացել 28 անձ:

«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագրով առաջին կիսամյակում նախատեսված 2015 ծրագրի փոխարեն իրականացվել է 3 հազար 367-ը: Յուրաքանչյուր ծրագրի արժեքը մինչև 350 հազար դրամ է:

«Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում» ծրագրով կնքվել է 7 հուշագիր: Անմրցունակ անձինք Զբաղվածության պետական գործակալության կողմից ուղղորդվում են մասնավոր գործակալություններ: Աշխատանքի տեղավորման դեպքում գործակալություններին որոշակի գումարներ են տրմադրվում:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում» ծրագրում առաջին կիսամյակում նախատեսված 1214 անձի փոխարեն ընդգրկվել է  992 անձ և կատարվել է 1089 այց:

«Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում» ծրագրով նախատեսվել է իրականացնել 4 տոնավաճառ, որից 3-ն իրականացվել է Երևան, Հրազդան և Իջևան քաղաքներում: Աշխատանքի տոնավաճառներին մասնակցել է 127 գործատու, շուրջ 3 հազար 750 աշխատանք փնտրող, գործատուների կողմից ներկայացվել է 550 առկա և սպսավելիք 133 թափուր աշխատատեղ: Արդյունքում աշխատանքի է տեղավորվել 139 աշխատանք փնտրող: 

Զբաղվածության պետական գործակալության ծրագրերի շահառու կարող են դառնալ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողները, որոնք  ստացել են գործազուրկի կարգավիճակ և պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]