Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի և Սփյուռքի մասնագետները կփնտրեն արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման ուղիները

Հայաստանի և Սփյուռքի մասնագետները կփնտրեն արևելահայերենի և արևմտահայերենի 
մերձեցման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանությունը մեծ հարված հասցրեց հայերենին, որը կտրվեց իր իրական հայրենիքից, դարձավ աշխարհասփյուռ, արմատախիլ եղավ` կորցնելով բազում բարբառներ: Այս մասին հուլիսի 29-ին «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովի բացմանն ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Ցեղասպանության պատճառած անդառնալի վնասներից են նաև մեր լեզվական կորուստները, որոնց հաղթահարման ուղղությամբ շատ անելիքներ ունենք: Անդառնալի կորստի մատնվեցին տասնյակ արևմտահայ բարբառներ, իր պատմական հայրենիքից և բնականոն զարգացման հնարավորությունից զրկվեց գրական արևմտահայերենը, որը ծվեն-ծվեն եղած գոյամարտ է մղում աշխարհի չորս ծագերում: Այն մեծ աջակցության կարիք ունի, քանզի Սփյուռքում արևմտահայերենն ունի հայապահպանական կարևորագույն գործառույթ: Մայրենին, իրավամբ, տունն է հայի աշխարհի չորս ծագերում: Ցեղասպանության պատճառած անդառնալի վնասներից են նաև մեր լեզվական կորուստները, որոնց հաղթահարման ուղղությամբ շատ անելիքներ ունենք», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաժողովի բացմանն ասաց Հրանուշ Հակոբյանը:

Խոսելով արևմտահայերենի խնդիրների մասին` սփյուռքի նախարարը մատնանշեց հայկական դպրոցներում աշակերտների թվի նվազումը, այդ դպրոցների փակումը: Նա փաստեց, որ խառնամուսնությունները նույնպես նպաստում են սփյուռքում արևմտահայերենի կորստին:

«Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրների թեման այսօր բավականին ակտուալ է, քանի որ կան լեզվի և բառախմբի հարստացման կանոնակարգման որոշակի խնդիրներ: Այս խնդիրների ակտուալությունն ավելի է սրանում, քանի որ լեզվի գործածման աշխարհագրությունը գնալով ավելի է սեղմվում, կրճատվում է նաև լեզուն գործածողների թիվը», - նկատեց ԳԱԱ անդամ Յուրի Սուվարյանը:

ԳԱԱ անդամը հիշեցրեց, որ երկու տարի առաջ Լեզվի ինստիտուտում ստեղծվել է արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման հարցերով զբաղվող բաժին, որը մշակում է հայոց լեզվի երկու ճուղերի մերձեցման գիտական հիմքը:

Համաժողովին «Հայոց լեզվի առջև ծառացած մարտահրավերները Ցեղասպանությունից 100 տարի անց» զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: Նա անդրադարձավ լեզվի երկու ճյուղերի ներկա վիճակին և առկա խնդիրներին, Ցեղասպանության հետևանքով և խորհրդային շրջանում Ադրբեջանում հայկական բարբառների կորստին, լեզվի զարգացման ու երկու ճյուղերի մերձեցման խոչընդոտներին:

Երկօրյա գիտաժողովին զեկույցներով հանդես կգան Հայաստանի և Սփյուռքի անվանի լեզվաբանները, գրականագետները և ոլորտի այլ մասնագետներ: Սփյուռքի նախարարի խոսքերով` գիտաժողովի ավարտին ակնկալվում է ստեղծել առաջարկների փաթեթներ, որոնք հետագայում կդրվեն քննարկման և կընտրվի աշխատանքի ամենաօպտիալ տարբերակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]