Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Փելեշյանի լռությունը» ֆիլմում չբացահայտվեցին նրա լռության պատճառները. Արտավազդ Փելեշյանը հանդիպեց երկրպագուների հետ

«Փելեշյանի լռությունը» ֆիլմում չբացահայտվեցին նրա լռության պատճառները. 
Արտավազդ Փելեշյանը հանդիպեց երկրպագուների հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեփ-լեցուն դահլիճ, հոտնկայս ու անվերջ ծափահարություններ, գովեստի ու սիրո խոսքեր. Ճանաչված ու սիրված ռեժիսոր և սցենարիստ Արտավազդ  Փելեշյանի արվեստի երկրպագուներն ժողովրդական արտիստի հետ հանդիպելու և նրա ֆիլմերը դիտելու հնարավորություն ստացան: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Օրդֆիլմ» ընկերության և «Մոսկվա» կինոթատրոնի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում անցկացվեց հանդիպում-երեկո Արտավազդ Փելեշյանի հետ: Երեկոյի ընթացքում կցուցադրվեցին անվանի վավերագրողի «Բնիկներ», «Տարվա եղանակներ», «Կյանք» և «Վերջ» ֆիլմերը, այնուհետև ներկաները հնարավորություն ստացան հարցեր ուղղելու ականավոր ռեժիսորին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Փելեշյանի հետ հանդիպման ուշագրավ դրվագները: 

Արտավազդ Փելեշյանն ամենակարևոր` առաջին աշխատանքի մասին

Երիտասարդ ռեժիսորներին կասեմ, որ առաջին աշխատանքին մեծ ուշադրություն դարձնեն: Ամենակարևորը դա է:

Ֆիլմերում ինչ-որ բան փոխելու հնարավորություն

Երևի չէի փոխի։ Նայում եմ, որ երիտասարդ տարիներին բեղեր էի թողնում։ Ի”նչ միտք ունի այդ նկարը ոչնչացնեմ:

Նոր ֆիլմը չարվեց ֆինանսական պատճառներով

Ես գրել էի սցենար` «Հայոց աշխարհ» անունով, բայց այդ ֆիլմը չարվեց տարբեր, առաջին հերթին, ֆինանսական պատճառներով:

«Էպիզոդնիկ» և «մասսովկա»

«Տարվա եղանակների» հետ կապված մի հետաքրքիր պատմություն եղավ. երբ նկարահանում էինք, խմբի անդմինիստրատորին և օպերատորին ուղարկեցի Գյուղատնտեսության նախարարություն, որ իմանան, թե քաղաքակրթությունից հեռու ինչ գյուղ կա Հայաստանում, որը պահպանում է հին սովորույթները: Նախարարությունն իմացավ, որ Զանգեզուրի ձորում նման գյուղ կա, գյուղն էլ իր հերթին իմացավ, որ սովետական կարգեր են հաստատվել: Որոշեցինք գնան այդտեղ, մի կերպ գտանք ճանապարհը: Ձորի մեջ էր գյուղը, 10-12 տուն ուներ։ Ոտքով որոշեցինք գնալ, մեքենայի համար ճանապարհ չկար, իսկ վարորդն ասաց. «Չէ, կտանեմ»:  Մեքենայի յուրաքանչյուր մասը կոտրվեց, հասանք տեղ: Թումանյանի հեքիաթների նման մի գյուղ տեսանք։ Երեք ծերունի, կրակի շուրջ նստած, օղի էին պատրաստում: Բարևեցին, զարմացան մեքենայի վրա, ասացինք` կինո ենք ուզում նկարահանել, զարմացան, թե ինչ է կինոն, մեզ հետաքրքեց ու 2 օր հետո գնացինք:

…Եթե «մասսովկա» էինք նկարահանում` մեծ ամբոխ, դեմքերը չեն երևում, ստանում էին 3 ռուբլի: Կային նաև «էպիզոդնիկներ», որոնք 7 ռուբլի 50 կոպեկ էին ստանում: Այս մարդկանց որպես «մասսովկա» էինք գրել, ծերունիներից մեկն էլ թե` ես «էպիզոդնիկ» եմ:

Փելեշյանի լռությունը չբացահայտվեց

Ինձ թվաց, որ «Փելեշյանի լռությունը» ֆիլմում կբացահայտվեն իմ լռության պատճառները: Բայց այդ ֆիլմի ռեժիսորն էլ ինձնից բան սովորեց և լռեց:

Թղթի վրա ֆիլմը տեսնելու մասին

Ես սցենար եմ գրում, և եթե չեմ տեսնում ամբողջական ֆիլմը, չեմ նկարահանում այն: Իհարկե, սցենարը ֆիլմը չէ, ես պետք է թղթի վրա տեսնեմ ֆիլմը, նոր նկարահանեմ:

«Homo Sapiens» ֆիլմի համար չափազանց շատ գումար կպահանջվի

Մենք այս ֆիլմը նկարահանելու համար այդպիսի ֆինանսական ռեսուրսներ չունենք։ Ամբողջ աշխարհով մեկ բարդ է. այդքան միլիոններ` դոլարով, չկա։ Ես փորձեցի դուրս գալ արտասահման, արդյունք չեղավ: Ժան Լյուկ Գոդարը տվեց իր պրոդյուսերին ինձ, սցենար գրեցինք, աշխատեցինք։ Պարզվեց՝ շատ գումար է պետք։ Պրոդյուսերը կին էր, չկարողացավ այդքան դոլար հավաքել:

Դիստանցիոն մոնտաժ

Մոնտաժը հարևան պատկերների միացումն է: Ես իմ աշխատանքներում զգացի, որ դա ինձ չի հետաքրքրում. ես ոչ թե միացնում եմ պատկերները, այլ անջատում եմ, հեռավորության վրա եմ դնում: Հեռավորության վրա ավելի ուժեղ են խոսում մեկը մյուսի հետ, նրանց միջև եղած պատկերների հետ: Դա է դիստանցիոն մոնտաժը:

Գյումրիում ծնված կիրովականցի

Կիրովականցի եմ, բայց ծնվել եմ Գյումրիում: Ավելի ճիշտ` լոռեցի եմ:

Հանդիպման ընթացքում Արտավազդ Փելեշյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` երեկոն կազմակերպելու համար:

Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ նշեց, որ  Արտավազդ Փելեշյանի հաղթանակը կինոյի, հայ ոգու հաղթանակն է:

Արտավազդ  Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Գյումրիում: Մինչև 1963 թվականը ապրել է Վանաձորում: 1963-67-ին սովորել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութեանական պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: Դեռ ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը, որ առանձնանում են նուրբ ճաշակով, գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով, բազմաթիվ մրցանակների են արժանացել, իսկ Փելեշյանը մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների շրջանում: Փելեշյանը դերակատարմամբ հանդես է եկել «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում (1969): 1996-ին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, 2006-ին «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում ստեղծագործական վաստակի համար արժանացել «Փարաջանովյան թալեր» մցրանակին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]