Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լիբանանում կայացել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Լիբանանում կայացել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում հուլիսի 18-20-ին տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հուլիսի 18-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հովանավորությամբ Ջբեյլի «Թռչնոց բույն» հաստատությունում տեղի է ունեցել «Արամ Բեզիկյանի» անունը կրող թանգարանի բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանությունից փրկված և հաստատությունում ապաստան գտած որբերի հիշատակին:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Լիբանան ժամանած օտար եկեղեցիների հոգևոր պետեր և ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիո բոլոր թեմակալ առաջնորդները, մարոնի համայնքի պատրիարք Բշարա Ռայը, Լիբանանի վարչապետի և խորհրդարանի նախագահի ներկայացուցիչ, Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոնդ Արեյժին, ՀՀ Նախագահի ներկայացուցիչ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Սուրբ Աթոռի պատվիրակը, Ջբեյլի քաղաքապետը, Լիբանանի քրիստոնեական համայնքը ներկայացնող մի շարք հոգևոր առաջնորդներ, քաղաքական և մշակութային գործիչներ, բազմաթիվ օտարերկրյա հյուրեր:

Բացման խոսքով հանդես են եկել «Թռչնոց բույն»-ի խնամակալության ատենապետ Սեդա Խդշյանը, բարերար Ալեկո Բեզիկյանը, Ջբեյլի քաղաքապետ Զիադ Հավադը, Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոնդ Արեյժին, մարոնի պատրիարք Բշարա Ռայը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընթերցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին՝ «Թռչնոց բույն» հաստատության վերանորոգման և թանգարանի ստեղծման, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում նրա գահակալության 20-րդ տարեդարձի և սրբալույս մյուռոնի օրհնության արարողության առթիվ: Եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արամ Ա կաթողիկոսը, ով իր գնահատանքն է հայտնել ներկաներին՝ նշելով, որ վերջիններիս մասնակցությունը թանգարանի բացմանը հայ ժողովրդի պայքարի զորակցության վկայություն է:

Նույն օրը երեկոյան Բիքֆայայի Աստվածամոր հայ առաքելական վանքում՝ Հայոց ցեղասպանության հուշարձանի առջև, Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է սրբալույս մյուռոնի օրհնության արարողություն, որը տեղի է ունենում 7 տարին մեկ անգամ:

Հուլիսի 19-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում մատուցվել է սուրբ և անմահ պատարագ: Նույն օրը Բիքֆայայի Սուրբ Աստվածամոր վանական համալիրում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ, որտեղ Բեյրութի ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարել է Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլ հայ անվանի երգահանների ստեղծագործությունները: Ելույթներով հանդես են եկել նաև աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը և տենոր Բարսեղ Թումանյանը:

Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարն այցելել է Այնթուրա, որտեղ տեղադրված է Այնթուրայի որբանոցում մահացած հայ երեխաներին նվիրված հուշարձանը: Նույն օրը դեսպան Քոչարյանի ուղեկցությամբ նախարար Հակոբյանը Բիքֆայայում հանդիպում է  ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք գործակցությանը վերաբերող հարցեր, տարածաշրջանային զարգացումները և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am