Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունիս

Բուենոս Այրեսում հանդիսավորությամբ վառվել է Համահայկական VI-րդ խաղերի ջահը


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի բակում` Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ, հուլիսի 18-ին տեղի է ունեցել Համահայկական VI-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ջահը վառելու և կրելու պատվավոր պարտականությունը կատարել է արգենտինահայ հայտնի մարզիկ Ալբերտո Բարսեղյանը:

Արարողությանը մասնակցել են Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, արգենտինահայ համայնքնային կազմակերպությունների ղեկավարները, Համահայկական VI-րդ խաղերի Արգենտինայի կազմակերպչական կոմիտեի անդամները, մարզիկներ և հյուրեր:

Արարողության սկզբում Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի հանդիսապետությամբ եկեղեցում տեղի է ունեցել Համահայկական խաղերին մասնակցող արգենտինական պատվիրակության շուրջ 200 անդամների, ինչպես նաև խաղերի բացումը խորհրդանշող օլիմպիական կրակի օրհնության և բարեմաղթանքի արարողություն:

Այնուհետև ելույթներով հանդես են եկել Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը, արգենտինահայ համայնքային և սպորտային կառույցների ղեկավարները:

Իր խոսքում դեսպան Հարությունյանը կարևորել է համահայկական խաղերի դերն ու նշանակությունը աշխարհասփյուռ հայության համախմբման, հայ երիտասարդներին հայրենիք բերելու, Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու առումով:

ՀՀ դեսպանն ընդգծել է նաև Համահայկական VI-րդ խաղերի անցկացման կարևորությունը հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ