1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵՄ-ի նպատակն է Հայաստանի հետ հասնել ազատ վիզային ռեժիմի. Տուսկ

ԵՄ-ի նպատակն է Հայաստանի հետ հասնել ազատ վիզային ռեժիմի. Տուսկ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պատրաստակամ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, առաջ գնալ, շուկաներ բացել, նպաստել ժողովրդավարության զարգացմանը գործարար ներդրումների բարելավմանը: Այս մասին հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը` ՀՀ նախագահական նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում: «Մենք բարեհաջող ավարտել ենք երկկողմ հարաբերությունների նոր` համապարփակ համաձայնագրի շուրջ քննարկումների առաջին փուլը եւ նախանշել ապագա համագործակցության ոլորտները: Եվրամիության պետություններն արդեն քննարկում են մանդատի տրամադրման հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Տուսկը` խիստ կարեւորելով կողմերի միջեւ շարժունակության առնչությամբ ունեցած առաջխաղացումը` հավելելով, որ վերջնական նպատակը ազատ վիզային ռեժիմն է:

«Մեր համագործակցության կարևոր ոլորտ է Հայաստանի եւ Եվրամիության միջև ճանապարհորդության դյուրացումը: Ես ողջունում եմ շարժունակության դյուրացման հարցերում Հայաստանի առաջընթացը: Ռեադմիսիայի եւ վիզայի դյուրացման համաձայնագրի արդյունավետ իրագործումը վճռական պայման է վիզայի ազատականացման երկխոսությունն սկսելու համար: Ազատ վիզային ռեժիմը վերջնական նպատակն է: Հուսով եմ, որ մյուս քայլը կարելի կլինի կատարել հաջորդ ամիսներին»,-ընդգծեց Տուսկը:

Եվրոպական խորհրդի նախագահն ասաց, որ ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի հետ ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: «Կարծում եմ` թե ԵՄ-ն, թե ՀՀ-ն լիովին գոհ կլինեն այս համաձայնագրից: Մեզ անհրաժեշտ են ԱլԳ-ում որոշ փոփոխություններ, քանի որ ԱլԳ-ն եղել եւ պետք է լինի հարմարավետ ձեւաչափ ընդգրկված պետությունների համար:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Արեւելյան գործընկերության հենց սկզբից Հայաստանը խոսում էր տարբերակված մոտեցման մասին, քանի որ դժվար է հասկանալ, թե ԱլԳ ընկերները` այդքան տարբեր իրենց բնույթով, նպատակով եւ ակնկալիքով, ինչպես կարող են գործել, բանակցել մի ընդհանրական փաթեթի շրջանակում: «Նախ դուք բոլորդ վկաներն եք և կարող եք հանգիստ հաստատել, որ Արևելյան գործընկերության հենց սկզբից մենք խոսում էինք տարբերակված մոտեցման մասին: Ես երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարող են Արևելյան գործընկերության ընկերները՝ այդքան տարբեր իրենք բնույթով, իրենց նպատակներով, իրենց ակնկալիքներով, գործել, բանակցել մի ընդհանրական փաթեթի շրջանակներում: Այսօր, երբ խոսում էինք պարոն Տուսկի հետ, ես ասացի՝ տարիներ առաջ էլ եմ իրեն ասել, այսօր էլ, որ մի ընդհանրություն կա: Եկեք այդ ընդհանրության մասին մոռանանք, որովհետև այդ ընդհանրությունը հատկանշական չէ: Ես այն ժամանակ էլ համոզված էի, հիմա էլ համոզված եմ` եթե Ադրբեջանը նավթ ու գազ ունի, խնդրեմ՝ թող Եվրամիությունը համագործակցի Ադրբեջանի հետ այդ ոլորտում: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երկրում բարեփոխումներ լինեն, մենք ցանկանում ենք, որպեսզի ամրապնդվեն ժողովրդավարական հաստատությունները, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը: Եկեք ա՛յս ոլորտում մենք համագործակցենք: Ես չեմ պատկերացնում Հայաստանի զարգացումն առանց բարեփոխումների, ես չեմ պատկերացնում Հայաստանում բարեփոխումներ առանց եվրոպական փորձի և օժանդակության: Ուստի, մենք, անդամակցելով ԵԱՏՄ-ին, շարունակելու ենք սերտորեն համագործակցել Եվրամիության հետ: Այո՛, կարծում եմ, և պարոն Տուսկն իր ներածական խոսքում ասաց ու մեր հանդիպման ժամանակ էլ ասաց, թե եկել է հաստատելու, որ՝ այո՛, մենք սկսելու ենք նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները»,- ասաց Սերժ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]