Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավարտվեց սիրված կինոտոնը. «Ոսկե ծիրան»-ի մրցանակները գտան հասցեատերերին

Ավարտվեց սիրված կինոտոնը. «Ոսկե ծիրան»-ի մրցանակները գտան հասցեատերերին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաթիվ աստղային հյուրեր, յուրահատուկ կինոնկարներ, սպասված և հագեցած շաբաթ. երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը: Կինոտոնի փակման արարողությունն անցկացվեց հուլիսի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Հանդիսավոր արարողության ընթացքում մրցանակներ հանձնվեցին հաղթող ֆիլմերին:

Փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ առանց լավ բարեկամների շատ դժվար է փառատոն կազմակերպել: «Ես երջանիկ եմ այն խոսքերի համար, որ լսում եմ Հայաստանի մասին: Այսօր մեր հյուրն է Նաստասյա Կինսկին, մեծ ռեժիսորներ, կինոյի մասնագետներ, հեղինակներ, մենք իրենցից դժգոհել չենք կարող: Նրանք էլ Երևանում շատ երջանիկ են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արարողության մեկնարկին նշեց Հարություն Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով ժյուրիի անդամներին փառատոնի ընթացքում մեծ աշխատանք կատարելու համար:

Հանդիսատեսի համակրանք նոր մրցանակն ստացավ գերմանացի կինոռեժիսոր Մարկ Բրումունդը՝ «Սրբարան» կինոնակարի համար: Խաղարկային ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» ստացավ Սիռո Գեռայի «Օձի գրկում» կինոնկարը: «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Կիմ Դե-Հուանի «Ձմռան վերջը»:

Փառատոնի պատվավոր հյուր, անվանի դերասանուհի Նաստասյա Կինսկին խաղարկային անվանակարգում հատուկ մրցանակ հանձնեց Խայրո Բուստամանտեի «Իշկանուլ» կինոնկարին: Վավերագրական ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան»-ի արժանացավ Սիմոնե Ռապիզարդա Կազանովայի «Իմաստի ստեղծումը» ֆիլմը: «Արծաթե ծիրան» ստացավ Ժան-Գաբրիել Պերիոյի «Գերմանական երիտասարդությունը»:

«Հայկական համայնապատկեր» ծրագրում լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար մրցանակ շնորհվեց Աննա Գորոյանի «Բժիշկը», իսկ վավերագրականի համար՝ Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեք» կինոնկարներին: Խաղարկային ֆիլմի համար մրցանակ չշնորհվեց: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում էլ լավագույնը ճանաչվեց Պատրիկ Ֆոլռաթի «Ամեն ինչ լավ կլինի» կինոնկարը:

Էկումենիկ ֆիլմերի ժյուրին մրցանակ հանձնեց Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» կինոնկարին: Կինոնկարը ստացավ նաև FIPRESCI-ի մրցանակը: Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնադրամի մրցանակը Գագիկ Մադոյանի «Ճանապարհ» ֆիլմին հանձնեցին Նաստասյա Կինսկին և Հրանտ Մաթևոսյանի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը: Մադոյանը Կինսկիին առաջարկեց խաղալ իր ֆիլմում, ինչին դերասանուհին դրական պատասխան տվեց:

Մի շարք ֆիլմերի շնորհվեցին հատուկ մրցանակներ և պատվոգրեր: Հաղթողներն արժանացան նաև դրամական պարգևների: Մրցանակակիրներն ստացան նաև ծիրաններով խորհրդանշական զամբյուղներ:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]