Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Քշիշտոֆ Զանուսին «Ոսկե ծիրան»-ի շրջանակում անցկացրեց վարպետության դաս


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի լեհ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Քշիշտոֆ Զանուսին վստահ է՝ կինոյում ամենակարևորը դերասանների ընտրությունն է: Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի հյուրը նկատում է՝ դերասանների ճիշտ ընտրության դեպքում նրանք կարողանում են հաջողությամբ աշխատել՝ առանց ռեժիսորի, իսկ եթե սխալ են ընտրված լինում, ռեժիսորը մի կերպ փորձում է փրկել կինոն կամ էլ անհաջողության մատնվում:

Այս մասին Քշիշտոֆ Զանուսին նշեց իր երևանյան վարպետության դասընթացի ժամանակ, որն անցկացվեց հուլիսի 18-ին: «Մարդիկ ատում են տեղեկատվությունը, հատկապես երբ ֆիլմով ներկայացնում ես տեղեկատվություն: Պետք է կոնֆլիկտ լինի՝ մի բան մյուսի դեմ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Զանուսին: Աշխարհի տարբեր երկրներում վարպետության դասեր անցկացնող լեհ ռեժիսորը վարպետության դասընթացի ժամանակ կինոսերներին ներկայացրեց իր վերջին՝ «Օտար մարմին» («Инородное тело») կինոնկարից հատվածներ:

«Վերջերս եմ ավարտել մի կինոնկար, որով ճամփորդում եմ տարբեր փառատոններով: Այն արդեն անցել է 20 փառատոններով: Այս կինոնկարը տարբեր քննարկումներ է առաջացրել, հատկապես ֆեմինիստների մոտ: Ծայրահեղ ֆեմինիստներն ինձ ատում են այս կինոնկարի համար: Ես ֆեմինիզմին դեմ չեմ, ես կողմ եմ լավ ֆեմենիզմին: Լավ ֆեմինզմը պահանջում է հավասար իրավունքներ, շանսեր կանանց համար»,-նշեց նա՝ հավելելով, որ ֆիլմում խաղում են նաև Չուլպան Խամատովան և Միխայիլ Եֆրեմովը:

Լեհ կինոռեժիսորը կինոյի վերելք է համարում նախորդ դարի 60-70-ականները՝ այն ժամանակաշրջանը, երբ Ֆելինին, Գոդարը և այլք իրենց հետ նորություններ էին բերում: «Այսօր կինոարտադրության ոլորտում հսկայական հետ քայլ է կատարվել: Տարածված է ավելի մասսայական, հասկանալի կինոն, բարձրակարգ կինոն քիչ է»,-ընդգծեց նա: Խոսելով իր տանը բնակվող բազմաթիվ շների մասին, Զանուսին կատակեց, թե շներն են խնամում իրեն, և ոչ հակառակը: «Երբ դեպրեսիա եմ ունենում, նայում եմ շան աչքերին և տեսնում կյանքի ուրախությունը»,-խոստովանեց նա:

Քշիշտոֆ Զանուսին ծնվել է 1939 թվականին Վարշավայում: 1955-59 թթ. ֆիզիկա է ուսանել Վարշավայի համալսարանում, 1956-57-ին` կինոդասախոսությունների հաճախել Լեհաստանի գիտությունների ակադեմիային կից Արվեստի ինստիտուտում: 1959-ին ընդունվել է Կրակովի Յագելոնյան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, բայց չի ավարտել 1963-ին համալսարանի փակվելու պատճառով: 1960-ին ընդունվել է Լոձի կինոդպրոցի ռեժիսորական բաժինը, որն ավարտել է 1966-ին: Այդ ժամանակից ի վեր նկարահանել է բազմաթիվ վավերագրական, խաղարկային կինոֆիլմեր եւ հեռուստաֆիլմեր թե Լեհաստանում, թե արտասահմանում: Ինքն է գրում իր ֆիլմերի սցենարները կամ դրանց համահեղինակն է: 1974-1981 թթ. եղել է Լեհաստանի կինեմատոգրաֆիստների միության փոխնախագահը: 1979-ից «Տոր» ստեղծագործական միավորման (այժմ` «Տոր» կինոստուդիա) տնօրենն է: 1994-ին դարձել է Վատիկանում գործող Մշակույթի հայրապետական հանձնաժողովի անդամ: 1992-ից Կատովիցեի Սիլեզյան համալսարանի պրոֆեսոր է:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ