Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Ապրիլ

Ռոբեր Գեդիկյանն Ամենայն հայոց կաթողիկոսից ստացավ «Եղիցի լույս» մրցանակը


ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, «Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուր Ռոբեր Գեդիկյանը պարգևատրվեց «Եղիցի լույս» մրցանակով: Մրցանակը հուլիսի 16-ին անվանի ռեժիսորին հանձնեց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության մեկնարկը նշանավորվեց Տերունական աղոթքով:

«Ցավում եմ, որ հայերեն չեմ խոսում: Ես շատ շոյված եմ և երջանիկ այս մրցանակի համար: Հատկապես, որ միայն բառը՝ լույսը, ուղղակիորեն կապված է կինոյի հետ: Կինոն ինձ համար լույս է մթության մեջ: Այն կարող է օգնել մարդկանց դուրս գալ մթությունից: Ես միշտ համոզված եմ եղել, որ կինոն ուղղակիորեն կապված է կրոնի հետ: Հավատացած եմ, որ այն փառատոնը, որի ժյուրիի նախագահն եմ այսօր, լի է լույսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ռոբեր Գեդիկյանը՝ շնորհակալություն հայտնելով մրցանակի համար:

«Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն արարողության ժամանակ ընդգծեց, որ Ռոբեր Գեդիկյանին ներկայացնելն իմաստ չունի, նրան ամբողջ աշխարհն է ճանաչում:

«Մենք 4 տարի առաջ Վեհափառ հոր հետ հանդիպման ժամանակ հասկացանք, որ եկեղեցին պետք է մասնակցի «Ոսկե ծիրան»-ի գործունեությանը: Նրա առաջարկությամբ ստեղծվեց «Եղիցի լույս» մրցանակը: Այն ստացել են մարդիկ, որոնք հոգևոր արվեստով աշխարհին ճանաչելի են դարձել՝ Ալեքսանդր Սակուրովը, Արտավազդ Փելեշյանը, Քշիշտոֆ Զանուսին և այսօր էլ Ռոբեր Գեդիկյանը»,-նշեց Հարություն Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով Ռոբեր Գեդիկյանին և Գարեգին Բ կաթողիկոսին:

Ռոբեր Գեդիկյանն այս տարի գլխավորում է «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին: Գեդիկյանն արդեն 35 տարի է` ստեղծագործում է կինոյի ասպարեզում և հաստատուն տեղ ունի իր սերնդի լավագույն ֆրանսիական կինոգործիչների շարքում: Նրա հեղինակած շուրջ երկու տասնյակ ֆիլմերը ամենատարբեր ժանրերի են ՝ կատակերգություններ, դրամաներ, պատմական ֆիլմեր և այլն:  Գեդիկյանի ֆիլմերը մշտապես ընդգրկվում են եվրոպական հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի Սան-Սեբաստյանի և այլ կինոփառատոների մրցութային ծրագրերում: Մի շարք ֆիլմերում Գեդիկյանն անդրադարձել է հայկական թեմային: Այս տարվա Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկվել էր Գեդիկյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարը, որը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության թեման այդ կարևորագույն կինոհարթակում: 2006 թվականին Գեդիկյանն իր «Ուղևորություն դեպի Հայաստան» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե ծիրան» կինփառատոնի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ