Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Եղեռն եղեռնից հետո» գիրքը Թուրքիայում մշակութային եղեռնի զոհ դարձած հուշարձանների մասին է

«Եղեռն եղեռնից հետո» գիրքը Թուրքիայում մշակութային եղեռնի զոհ դարձած հուշարձանների 
մասին է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորընծա «Եղեռն եղեռնից հետո» գիրքը կարող է դառնալ մի զենք, որով հնարավոր կլինի պայքարել Թուրքիայում հայկական մշակութային հուշարձանների ցեղասպանության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 16-ին գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց  Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

«Մեր ստեղծած աշխատությունը նպատակաուղղված է իրազեկելու հայերին և աշխարհի մարդկանց մեր պատմական հայրենիքում մեր իսկ հուշարձանների հանդեպ եղեռնագործության մասին: Այս ձևով մենք պատռում ենք կամ գոնե պետք է ձգտենք պատռել թուրքերի դիմակը՝ բարձրաձայնելով կատարված ոճրագործությունների մասին», - ասաց Սամվել Կարապետյանը

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավարը տեղեկացրեց, որ ծավալուն հատորի ստեղծման մեջ մեծ ներդրում են ունեցել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, մշակույթի նախարարությունը, «Մոնարխ» ընկերությունը  և Հայաստան հիմնադրամը:

«Նախկինում կարծում էի, որ կհրատարակվի փոքր աշխատություն, սակայն մեզ հաջողվեց տպագրել մեծածավալ եռալեզու աշխատություն 2000 օրինակ տպաքանակով, որի մի փոքր մասը կհանվի վաճառքի: Իսկ ծավալուն գրքի թվային օրինակները հասանելի են Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում», -ասաց Սամվել Կարապետյանը:

Գրքում ներառված հուշարձաններից 32-ը տեղ են գտել շարժական ցուցահանդեսում: «Հոգու պարտք» ՀԿ-ի  հետ համագործակցության շնորհիվ և ՀՀ նախագահի դրամաշնորհային մրցույթի միջոցով տպագրվել է նաև հակիրճ գրքույկ:

«Ցուցահանդեսի գրքույկում և ավելի մեծ ծավալով բուն գրքում կան ոչ միայն ոչնչացված, այլ նաև խեղված հուշարձաններ: Օրինակ, Անի քաղաքի զինանշանի նախնական տեսքում առկա է խաչը, իսկ թուրքերը «վերականգման» ընթացքում այն ոչ միայն վերցրել են ուղղանկյուն շրջանակի մեջ, որը բացակայում էր, այլ նաև վերացրել են խաչը: Գոյություն ունեն այդ զինանշանի լուսանկարները՝ արված մինչև 1920 թ.: Այսինքն, գրագետ վերականգնում կատարելու ցանկության դեպքում կարելի էր այն վերականգնել», - ասաց Սամվել Կարապետյանը:

Հուշարձանագետը նշեց, որ մեծ հատորում մշակութային ցեղասպանության խնդրին առնչվող նյութերի շարքում կա Տիգրան Հոնենցի  եկեղեցին, որի գմբեթը վերականգնվել է թերի: Նրա հավաստիացմամբ՝ ակնհայտ է, որ գմբեթը հնարավոր էր վերականգնել ամբողջությամբ, սակայն այդ դեպքում ի հայտ կգար խաչի տեղադրման հարցը, ինչը թուրքական կողմի համար ցանկալի չէ:

Ինչպես տեղեկացրեց  «Հոգու պարտք» ՀԿ ներկայացուցիչ Շողինե Հովհաննիսյանը, համագործակցության արդյունքում 32 ցուցանմուշից կազմված ցուցահանդեսի բացումը Երևանում տեղի կունենա հուլիսի 17-ին Ճարտարապետների միության սրահում: Ցուցահանդեսում ներկայացված են Արևմտյան Հայաստանի մշակութային եղեռնի ենթարկված  հուշարձանները: Դրանից առաջ ցուցահանդեսը ներկայացվել է Ստեփանակերտում, Իջևանում և Վանաձորում: Երևանից հետո ցուցահանդեսը կուղևորվի դեպի Բրյուսել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]