Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վիեննայում ձեռք բերված համաձայնությունը պատմական է նաեւ հայ-իրանական հարաբերությունների առումով

Վիեննայում ձեռք բերված համաձայնությունը պատմական է նաեւ հայ-իրանական 
հարաբերությունների առումով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի  եւ «վեցյակի» միջեւ Վիեննայում ձեռք բերված համաձայնությունը իրանագետ Վարդան Ոսկանյանը գնահատում է պատմական ոչ միայն այն առումով, որ Իրանն ու Արեւմուտքը երկարամյա բանակցություններից հետո կարողացան հասնել հարաբերությունների նորմալացման, այլեւ` հայ-իրանական տնտեսական հարաբերությունները կարող են ավելի լայն թափով զարգանալ: Եթե մինչ այժմ չիրականացված ծրագրերը կյանքի չէին կոչվում Իրան-Արեւմուտք հարաբերությունների սրման եւ պատժամիջոցների առկայության պարագայում, ապա այժմ, առանց այդ հավելյալ բարդությունների, կարելի է դրանք կյանքի կոչել:  

«Պատժամիջոցերի ռեժիմից դուրս գալը Իրանին տալու է հավելյալ հնարավորություններ առաջին հերթին տնտեսության ոլորտում: Լրացուցիչ ֆինանսական միջոցների առկայությունը խթան կհանդիսանա Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ոսկանյանը` հավելելով, որ Իրանը շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ:

«Չնայած ինչ-որ առումով, պատժամիջոցներից դուրս եկած Իրանի համար միգուցե Հայաստան ուղղությունը չունենա այն կարեւոր նշանակությունը, որն ունեցել է շրջափակման մեջ գտնվելու պարագայում, սակայն Հայաստանն Իրանի համար կարեւոր գործընկեր է եւ շատ առումներով երկու երկրների միջեւ հարաբերությունները ռազմավարական են: Այս տեսանկյունից, իրանական կողմը գիտակցում է Հայաստանի կարեւորությունը, քանի որ Հայաստանը կարեւոր երկիր է եւ մեծ նշանակություն ունի Հարավային Կովկասում, Իրանի համար դեպի Սեւ ծով ելք ապահովելու հարցում եւ Հայաստանն ամենակարճ ուղին է Իրանը Եվրոպային կապելու տեսանկյունից»,- ասաց իրանագետը:

Վարդան Ոսկանյանի գնահատմամբ, համաձայնության ձեռքբերումից հետո պարզ դարձավ, որ իրանական կողմն իր հիմնական հավակնությունները չի զիջել, պահպանել է միջուկային ծրագիր ունենալու իր իրավունքն ու Մերձավոր Արեւելքում իր ազդեցությունը : «Իրանը շարունակելու է զարգացնել իր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում ահաբեկչության դեմ պայքարում եւ ստանալու է լրացուցիչ լծակ ներգրավվելու այդ տարածաշրջանի բոլոր երկրների խնդիրների լուծման գործում: Սպառազինությունների վերաբերյալ պատժամիջոցների խնդիրն ուներ երկու ուղղվածություն: Մեկը Իրանի կողմից սպառազինության ձեռք բերման արգելքի հանումն է, որն ամենախրթին հարցն էր բանակցային գործընթացում եւ հնարավորություն, որ Իրանը սպառազինություն մատակարարի Մերձավոր Արեւելքում իր գործընկեր պետություններին: Այդ շարքում Սիրիան առաջնային տեղ է զբաղեցնում եւ շատ բնական է, որ Իրանը ռազմական աջակցություն է տրամադրելու, թե Սիրիային, թե Լիբանանին, թե Իրաքին»,- ասաց Ոսկանյանը:

Վիեննայում ավարտված քննարկումները եղել են արդյունավետ: Շուրջ երկու տարի ընթացող բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել համաձայնության հասնել «վեցյակի» եւ Իրանի միջեւ, ինչը միջազգային վերլուծաբաններն ու ԶԼՄ-ները բնութագրում են պատմական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am