Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ֆիլմ նկարահանելու համար արտահայտվելու ուժեղ ցանկություն է պետք. Ռոբեր Գեդիկյան

Ֆիլմ նկարահանելու համար արտահայտվելու ուժեղ ցանկություն է պետք. Ռոբեր Գեդիկյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանը փաստում է՝ կինոյի ասպարեզում պատահաբար է հայտնվել, երբ իրեն խնդրել են համատեղ սցենար գրել: Կյանքի այդ դրվագից հետո ռեժիսորը երկու տասնյակ ֆիլմեր հեղինակեց: Հուլիսի 14-ին Ռոբեր Գեդիկյանը վարպետության դաս անցկացրեց, որի ընթացքում հայ կինոսերները նրան հարցեր ուղելու հնարավորություն ունեցան: «Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիպման ուշագրավ դրվագները:

Ռոբեր Գեդիկյանը՝ Մարսելի ու ընտանիքի մասին

Մարսելը հայ համայնքով լի է, քանի որ Հայոց ցեղասպանությունից հետո շատերը Բեյրութով Մարսել են եկել: Իմ մայրը գերմանացի է, հայրս հայ, ինչն էլ մասամբ բացատրում է այն փաստը, որ ես հայերեն չեմ խոսում: Լեզուն մայրենի է լինում, հետևաբար ես խոսում եմ գերմաներեն: Ես կինոյով արդեն զբաղվում եմ երկար տարիներ, իսկ իմ առաջին ֆիլմն արել եմ 26 տարեկանում: Վերջին ֆիլմս («Խենթ պատմություն») ներկայացրել եմ այստեղ, 19-րդն է, կփորձեմ անել ևս մի քանիսը:

Կինոաշխարհում հայտնվելու մասին

Պատահականություն տեղի ունեցավ. մի մարդ, որ հայտնի ֆիլմեր էր նկարել, և որին Արիանը՝ կինս, ճանաչում էր, ինձ առաջարկեց իր հետ սցենար գրել: Ես շատ երիտասարդ էի, 22 տարեկան էի, ընդունեցի առաջարկը, մի քանի օր հետո հասկացա, որ կգրեմ ինձ համար: Ասացի, որ իմ պատմությունը չեմ կարող տալ: Սցենար գրելն այլ մարդկանց համար դրանով սահմանափակվեց:

Ֆիլմ նկարահանելու գաղտնիքներ

Ֆիլմ նկարահանելու և կինոյում աշխատելու համար մարդ արտահայտվելու շատ ուժեղ ցանկություն պետք է ունենա՝ բոլոր հնարավոր միջոցներով: Իհարկե, արտահայտվելու այլ միջոցներ կան: Ես երիտասարդ ժամանակ զբաղվում էի քաղաքականությամբ:

Մարդ չի կարող ապրել միմիայն իր համար, պետք է մտածել ուրիշների մասին: Պետք է անել առաջարկներ, մտքեր փոխանակել, երկխոսության մեջ մտնել, որպեսզի բոլորս կարողանանք հասկանալ այն աշխարհը, որում ապրում ենք, և փոխել այն: Կինոյով զբաղվելը մեծ պատասխանատվություն է, ես չեմ կարծում, որ մենք կինոյով ենք զբաղվում ծիծաղելու, հանդիպելու դերասանուհիների հետ, գումար աշխատելու համար: Իրոք, պետք է կամք ունենալ և նվիրվել մինչև վերջ: Եթե ցանկություն չկա, կան բազում այլ մասնագիտություններ, որոնք շատ հետաքրքիր են, գեղեցիկ:

Կինոյի թեման կարող է դառնալ ամեն ինչ

Գերմանացի փիլիսոփա Հեգելն ասում է, որ եթե ուզում եք զբաղվել փիլիսոփայությամբ, պետք է ամեն առավոտ թերթեր կարդաք: Կինո նկարահանելու համար էլ է դա պետք, հենց այնտեղ է, որտեղ ստեղծվում են գաղափարներ, այնուհետև մենք վերափոխում ենք մտքերը, վերածում հերոսների, որոնք խոսում են, միմյանց հետ վիճաբանում են. այդպես ծնվում է դրամատուրգիան: Այն ամենն, ինչ օրվա ընթացքում մեր շուրջը տեղի է ունենում, կարող է վերածվել ֆիլմի: Պատմությունը պետք է զարգացնել, մի քիչ աշխատել ֆիլմ ունենալու համար:

Ֆիլմ նկարահանելու համար ընդհանուր զարգացվածության աստիճան է պետք, և ոչ միայն կինեմատոգրաֆիկ: Կինոյի աշխարհում բոլոր բնագավառները միմյանց հետ փոխկապակցված են:  

Ֆրանսիական կինոյի մասին

Մենք Ֆրանսիայում ավելի շատ արտասահմանյան ֆիլմեր ենք տեսնում, քան ԱՄՆ-ում և ՌԴ-ում, շատ փառատոններ ունենք, օրինակ՝ Կաննի փառատոնը, բայց տասնյակ փառատոններ կան, որոնք ավելի փոքր են,ներառում են համաշխարհային կինոն: Փելեշյանը, Փարաջանովը շատ ճանաչված են Ֆրանսիայում: Ֆրանսիական փոքր գյուղում կարող եք Փարաջանովի փառատոն գտնել: Տարեկան մոտ 200 ֆիլմ է ստեղծվում, տեղի են ունենում 40 ֆիլմերի պրեմիերաներ: Բոլոր սերունդների ներկայացուցիչներ կան կինոյի ոլորտում: Ես շատ գոհ եմ այն ամենից, ինչ անում է ֆրանսիական կինոարվեստը, մնացածն ինձ դուր չի գալիս, ինչպես և գինին ու պանիրը (ծիծաղում է):

Ներշնչանքի աղբյուրի մասին

Իմ ներշնչանքի աղբյուրը ես եմ՝ ինձ կապող մարդկանց ու շրջապատի հետ հարաբերություններում:  Ես վստահաբար կարող եմ ասել, որ իմ մտքերն ու գաղափարներն ավելի շատ են, քան ֆիլմերը, շատ առեղծվածային է այն ընտրությունը՝ այս ֆիլմը անեմ, թե այն:

Ցեղասպանության թեմայով ֆիլմերի մասին

Ես իհարկե շատ լավ եմ ճանաչում Ատոմ Էգոյանին և Ֆաթիհ Աքինին, դժվարանում եմ ինչ-որ ֆիլմի քննադատություն անեմ, գովաբանում եմ ֆիլմ նկարահանելու նրանց փորձը, այդ թեմաները շատ բարդ են: Նրանց շնորհակալություն եմ հայտնում ճանապարհ բացելու համար:

Դերասանների հավերժական լինել-չլինելու մասին

Դերասանը հավերժական է, երբեք չի սպառվում, ժամանակի ընթացքում փոխվում է, որովհետև մարդիկ նույնը չեն լինում 20, 30, 40 տարեկանում: Կենսափորձը նրանց փոխում է, մեր բոլորի մեջ ռեսուրսներ կան, որոնք վերջ չունեն, մենք փորձում ենք մաքսիմում օգտագործել, բայց մեր սեփական անձն անսպառ է:

Ռոբեր Գեդիկյանն այս տարի գլխավորում է «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրինԳեդիկյանն արդեն 35 տարի է ստեղծագործում է կինոյի ասպարեզում և հաստատուն տեղ ունի իր սերնդի լավագույն ֆրանսիական կինոգործիչների շարքում: Նրա հեղինակած շուրջ երկու տասնյակ ֆիլմերը ամենատարբեր ժանրերի են ՝ կատակերգություններ, դրամաներ, պատմական ֆիլմեր և այլն: Գեդիկյանի ֆիլմերը մշտապես ընդգրկվում են եվրոպական հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի Սան-Սեբաստյանի և այլ կինոփառատոների մրցութային ծրագրերում: Մի շարք ֆիլմերում Գեդիկյանն անդրադարձել է հայկական թեմային: Այս տարվա Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկվել էր Գեդիգյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարը, որը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության թեման այդ կարևորագույն կինոհարթակում: 2006 թվականին Գեդիկյանն իր «Ուղևորություն դեպի Հայաստան» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե ծիրան» կինփառատոնի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]