Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրք ռեժիսորը Ցեղասպանության մասին պատմող ֆիլմում ներկայացրել է Էնվեր Փաշայի և Յոհանես Լեփսիուսի հանդիպումը

Թուրք ռեժիսորը Ցեղասպանության մասին պատմող ֆիլմում ներկայացրել է Էնվեր Փաշայի և 
Յոհանես Լեփսիուսի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ծրագիրը մանրակրկիտ ծրագրված և ուսումնասիրված իրողություն էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 14-ին նշեց թուրք ռեժիսոր Հաջի Օրմանը: Նա իր հետ Հայաստան է բերել իր առաջին ռեժիսորական աշխատանքը՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Homo Politicus» կարճամետրաժ ֆիլմը: Այն ընդգրկված է երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի՝ ցեղասպանությանը նվիրված «Մենք կանք» ծրագրում: 

« Շատ ուրախ եմ «Ոսկե ծիրան» փառատոնին մասնակցելու համար: Սա իմ առաջին ֆիլմն է: Առաջին անգամ ֆիլմի նախագիծը ներկայացրել ենք հայ-թուրքական կինոպլատֆորմին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հաջի Օրմանը:

Նրա խոսքով՝ ֆիլմում ներկայացված է Էնվեր Փաշայի և Յոհանես Լեփսիուսի հանդիպումը:  Յոհանես Լեփսիուսն ազդեցիկ աստվածաբան էր, որը հանդես էր գալիս գերմանացի միսիոներների անունից: Օսմանյան կայսրությունում հայերի «արտաքսման» քաղաքականությանը վերջ տալու համար նա մեկնում է Ստամբուլ՝ ռազմական շտաբ, որտեղ կարող է հանդիպել Թուրքիայի ամենազորեղ գեներալի` Էնվեր Փաշայի հետ: Նրա նպատակն է դիվանագիտական և քաղաքական ճնշում գործադրել Էնվեր փաշայի նկատմամբ: Լեփսիուսի բերած բոլոր փաստարկները անտեսվում են Էնվերի քաղաքավարի և անտարբեր վերաբերմունքով: Հանդիպման կեսից մթնոլորտը փոխվում է փիլիսոփայական, ինտելեկտուալ բանակռվի, որը մերթ հիշեցնում է շախմատ, մերթ էլ բռնցքամարտ: Մինչ Էնվերը փորձում է հետզհետե Լեփսիուսին վզին «անպատշաճ առաջարկ» փաթաթել, վերջինս կարևոր որոշում է ընդունում և թողնում խոսակցությունը:

«Այս հանդիպումը տևել է մեկ ժամ, ֆիլմում տեղավորել ենք 20 րոպեի մեջ: Լեփսիուսը՝ որպես պատվարժան մարդ, հայերի բարեկամ, հավատում էր, որ կարող է ազդեցություն ունենալ Էնվերի վրա, սակայն որպես միամիտ մարդ, նա տեղյակ չէր, որ Գերմանիան թուրքական պետության հետ համագործակցության մեջ էր. սրա մասին նա ավելի ուշ է իմանում»,-նշեց Հաջի Օրմանը:

Ռեժիսորի խոսքով՝ հանդիպումը ցույց է տալիս, թե ինչ մոտիվացմամբ է թուրքական պետությունը մոտենում ցեղասպանության ծրագրին:

«Ցանկացա, որ մարդիկ իմանան այս իրողության մասին և նկարեցի այս ֆիլմը: Հանդիպումը միտք է տալիս այն մասին, թե ինչպես է սկսվել ցեղասպանությունը»,-ընդգծեց կինոռեժիսորը՝ փաստելով, որ հետագայում էլ իր գործունեության ընթացքում անդրադառնալու է քաղաքական խնդիրներին:

Հաջի Օրմանը համալսարանական ուսումից հետո տասը տարի եղել է BEKSAV-ի (Գիտական, կրթական, գեղագիտական, մշակութային, գեղարվեստական հետազոտությունների հիմնադրամ) գործադիր խորհրդի տնօրենը և միաժամանակ «Sanat and Hayat» (Արվեստ և կյանք) ամսագրի գլխավոր խմբագիրը: Երկու անգամ քաղաքական պատճառներով ձերբակալվել է, հայտնվել բանտում և ազատ արձակվել: Ռագիբ Զարաքոլուի հետ բազմաթիվ գրքեր է պատրաստել տպագրության: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]