Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Օռնելա Մուտին խոստովանեց՝ Հայաստանում ամենաշատն է հուզվել

Օռնելա Մուտին խոստովանեց՝ Հայաստանում ամենաշատն է հուզվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական կինոյի ճանաչված և սիրված դերասանուհի Օռնելա Մուտին խոստովանեց, որ ոչ մի երկրում այնպես չի հուզվել, ինչպես Հայաստանում: Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն այս մասին նշեց հուլիսի 13-ին՝ իր մասնակցությամբ «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերային:

«Հայաստանում բոլորը բոլոր լեզուներով խոսում են: Հետևաբար, ժամանակ առ ժամանակ խառնում եմ անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը: Երեկ ասուլիսին ասացի, որ «Սվանի սերը»  շատ ռեժիսորներ են փորձել նկարահանել, և երկար տարիներ: Վերջապես մենք կարողացանք անել դա: Հույս ունեմ, որ ձեզ այն դուր կգա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Օռնելա Մուտին:

Անվանի դերասանուհին հուլիսի 13-ի երեկոյան մեկնելու է Հայաստանից: «Ես շատ եմ ճանապարհորդում աշխարհում, և միշտ լավ ընդունելության եմ արժանանում: Բայց Հայաստանում ավելի շատ հուզվեցի, քան որևէ այլ երկրում: Այստեղ կա խորհուրդ, դաստիարակություն, հարգանք և սեր, որն ինձ ցույց տվեցիք: Շնորհակալություն»,- նշեց անվանի դերասանուհին:

Իտալացի կինոաստղ Օռնելա Մուտին իր կինոդեբյուտն արեց 1970 թվականին՝ «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմով: Հայտնի գեղեցկուհին հիմնականում նկարահանվել է եվրոպական ֆիլմերում: Առավել հայտնի աշխատանքներից են գերմանական նոր կինոյի հայրերից մեկի` Ֆոլկեր Շլյոնդորֆի «Սվանի սերը» (1984) ֆիլմում կերտած նրա կերպարը: «Սվանի սերը»Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակների որոնումներում» առաջին գրքի էկրանավորումն է, որտեղ Մուտիի խաղընկերներն են Ջերեմի Այրոնսը և Ալեն Դելոնը: 1985-ին կինոնկարն առաջադրվեց ԲԱՖՏԱ մրցանակաբաշխության երկու անվանակարգում: Մուտին նկարահանվել է նաև անվանի իտալացի ռեժիսորներ Մարկո Ֆերրերի և Դինո Ռիզզիի ֆիլմերում: Սակայն հայ հանդիսատեսին նա առավելապես ծանոթ է «Անսանձի սանձահարումը» (1980) կատակերգական ֆիլմից, որտեղ նա խաղում է Ադրիանո Չելենտանոյի հետ: Օռնելա Մուտին Կաննի կինոփառատոնի մշտական պատվավոր հյուրերից է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]