Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խելացի լինելը կրկին դարձել է նորաձև. հայ գիտակ

Խելացի լինելը կրկին դարձել է նորաձև. հայ գիտակ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկ Ղազազյանը «Ինչ, որտեղ, երբ» խաղի հայաստանյան հեռուստատեսային տարբերակում երկու անգամ հայտարարվել է որպես եթերաշրջանի լավագույն գիտակ՝ արժանանալով մարմարե արծիվի: Մասնագիտությամբ իրավաբանին այն թույլ է տվել Ռուսաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայ գիտակների մասնակցությունից 15 տարի անց կրկին հայտնվել հեռուստատեսային մայր խաղում՝  հանդես գալով աշխարհի ուժեղագույն ռուսալեզու խաղացողների շարքում: «Արմենպրես»-ը հանդիպեց երիտասարդ իրավաբանի հետ, ով միաժամանակ խաղում է Հայաստանի իտելեկտուալ խաղերի բազմակի չեմպիոն «Պերեզագրուզկա» թիմում և ֆուտբոլասերներին ծանոթ է որպես ռադիոկայաններից մեկում ֆուտբոլային հաղորդման համավարող:

-Ինչպե՞ս կայացավ ձեր մուտքը գիտակների աշխարհ:

-Ինտելեկտուալ խաղերով սկսեցի զբաղվել բարձր դասարաններում, և 2002թ. ընդգրկվեցի «Ինչ, որտեղ, երբ» խաղի սպորտային շարժման մեջ: Շատերը չգիտեն, որ բացի հեռուստատեսային խաղից, կա դրա սպորտային տարբերակը, և դրանք բացարձակապես տարբեր ձևաչափեր են: Եթե առաջինը մենք բոլորս տեսնում ենք հեռուստատեսության եթերով, ապա սպորտայինը՝ ինտելեկտուալ խաղերի «այսբերգի» ստորջրյա մասն է, որն ավելի ընդգրկուն է, այնտեղ խաղում են հազարավոր պատանիներ, հասուն մարդիկ: Եթե մարդ մանկուց հետաքրքրվում է ինտելեկտուալ խաղերով՝ վաղ թե ուշ նա ներառվում է այս շարժման մեջ:

-Ինչպե՞ս կնկարագրեք Հայաստանում սպորտային ինտելեկտուալ խաղերի մասնակցի ընդհանրական կերպարը:

- Շատ դժվար է պատկերել ընդհանրական կերպարը. մասնակիցները տարբեր ոլորտներից են, տարբեր ընտանիքների ներկայացուցիչներ: Նրանց համախմբում է գիտելիքի ծարավը՝ տիրապետելով բազում գիտելիքների: Սակայն կարող եմ նշել, որ գիտակների մեծ մասը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից են: Իսկ տարիքային առումով՝ հիմնականում երիտասարդ սերնդի գիտակներն են ակտիվ, քանի որ նրանց մոտ դեռ այդքան սուր չի զգացվում ազատ ժամանակի սղությունը: Խաղերը կազմակերվում են «Ինչ, որտեղ, երբ» ակումբների միջոցով: Հայաստանում կան մի քանի ակումբներ՝ մասնավորապես Գիտակների հայկական ասոցիացիան, որը կիրակի օրերին հանդիպումներ է ունենում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Երևանի կենտրոնում: Այստեղ ընթանում են շաբաթական մրցաշարեր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է գալ՝ մենակ կամ ընկերների հետ թիմ կազմելով: Հիմնականում մրցաշարերը տեղի են ունենում Երևանում, սակայն կան առանձին շարժումներ տարբեր մարզերում՝ օրինակ Գյումրիում, որը Հայաստանի ինտելեկտուալ խաղերի բնօրրանն է եղել 80-ական թվականներին:

-Որքանո՞վ են փոխկապակցված հեռուստատեսային խաղը և սպորտային ձևաչափը:

-Դրանք տարբեր հարթությունների վրա են՝ կա սպորտային «Ինչ, որտեղ, երբ»-ի հսկայազանգված հատված, որտեղ խաղում են գիտակներ աշխարհի տարբեր հատվածներից: Բնականաբար եթե մարդ ցանկանում է խաղալ հեռուստատեսային տարբերակում, ապա նա պետք է որևիցե կերպ աչքի ընկնի կամ լինի ճանաչված: Սակայն սխալ է ասել, որ հեռուստատեսային տարբերակում հայտնվելը բոլոր խաղացողների համար գերնպատակ է, սխալ է նաև հեռուստատեսային խաղը բարձրագույն լիգան անվանելը:

-Եթե չեմ սխալվում, մրցաշարերի հարցերը միայն ռուսերեն են, քանի որ հարցերի շտեմարանները համացանցում գերազանցապես ռուսերեն են: Որքանո՞վ է ձեզ փոխարինելու եկող սերնդին հետաքրքիր լինելու խաղալ և մրցել այլ երկրների թիմերի հետ` հաշվի առնելով ռուսերենին վարժ տիրապետողների նվազումը:

-Իհարկե, մրցաշարերի հարցերը, որոնց կիրակի օրերին միաժամանակ մասնակցում են թիմեր Հայաստանից, Բելառուսից կամ Իսրայելից, բնականաբար, ռուսերեն են կազմվում, չէ որ ի սկզբանե «Ինչ, որտեղ, երբ» խաղը ծնվել է Ռուսաստանում: Սակայն միաժամանակ կազմակերպվում են հայալեզու մրցաշարեր, ինչը միանշանակ շատ կարևոր է, քանի որ գիտելիքի ծարավ բազում երեխա չպետք է տուժի ռուսերենի վատ իմացությունից: Սակայն միջազգային մրցաշարերում մասնակցելու համար անհրաժեշտ է տիրապետել ռուսերենին: Միգուցե այսօր շատ գիտունիկներ այդքան լավ չեն տիրապետում այդ լեզվին, բայց կա մարդկանց մի զանգված, որը տիրապետում է ռուսերենին և շարունակելու է խաղալ այդ լեզվով: Այլ հարց է, թե որքան է լինելու այդ մարդկանց թիվը հետագայում: Ցավոք, մեր շարժումը միայնակ ի զորու չէ մեծացնել ռուսերենին լավ տիրապետողների թիվը:

-Շատերը բարձրաձայնում են, որ Հայաստանից վերսկսվել է ինտելեկտուալ խավի արտահոսքը: Ձեր շարժումը զգու՞մ է իր վրա նման ազդեցություն:

-Ոչ մի կերպ այն որակական առումով զգացնել չի տալիս: Կարծում եմ՝ նման մտքերը չափազանցված են: Իհարկե, շատ խելացի պատանիներ լքում են երկիրը, սակայն ոչ պակաս խելացիները մնում են Հայաստանում: Եվ մենք մեր շարժման մեջ չենք տեսնում ինտելեկտի արտահոսք: Նաև նկատեմ, որ ի հեճուկս շատ կարծիքների, խելացի լինելը կրկին դարձել է նորաձև:

-Գարնանը տեղի ունեցան Դիլիջանյան երրորդ ինտելեկտուալ միջազգային խաղերը, որտեղ եկել էին մասնակցելու «Ինչ, որտեղ, երբ» շարժման ամենաուժեղ թիմերից ներկայացուցիչներ: Ի՞նչ է նշանակում մեզ համար Հայաստանում նման կարգի մրցաշարի իրականացումը և որքանո՞վ է այն խթանում հայ գիտակների որակի բարձրացմանը:

- Երկար տարիներ Հայաստանում գոյություն չուներ որևիցե միջազգային ինտելեկտուալ մրցաշար, իսկ մեր հյուսիսային հարևանները երկար տարիներ ունեն արդեն կայացած մրցաշարեր: Արդյունքում Գիտակների հայկական ասոցիացիան, Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, արդեն երրորդ անգամ իրականացրեց Դիլիջանյան խաղերը, որոնց այս տարի մասնակցում էին հինգ երկրների ներկայացուցիչներ: Այսպիսով, ամենահայտնի խաղացողները՝ Մաքսիմ Պոտաշովը, Իլլիա Նովիկովը, Ելենա Պոտանինան, Ալեքսանդր Ռուբինը և բազում այլ գիտակներ սկսեցին բացահայտել Հայաստանը, շրջագայել մարզերով: Մեր գերնպատակն էր, որպեսզի Հայաստանը ճանաչեն որպես տարածաշրջանային ինտելետուալ կենտրոններից մեկը:

-Ինչպե՞ս հանդես եկան հայկական թիմերը այս տարվա Դիլիջանյան խաղերին:

-Այս տարի հայկական թիմերը մի փոքր ավելի վատ խաղացին՝ նախորդ տարիների համեմատ: Սակայն կան բավականին ուժեղ թիմեր, և անցած տարի «Բրեյն-ռինգի» աշխարհի առաջնությանը, որը յուրաքանչյուր տարի անցկացվում է Մինսկում, հայկական «Դաֆ» թիմը դուրս եկավ եզրափակիչ և ամենավերջին հարցով պարտվեց Բելառուսը ներկայացնող շատ ուժեղ թիմի: Բայց վերջին տարիների ընթացքում հայկական թիմերն արձանագրում են բավականին լավ արդյունքներ թե խաղի, թե մրցաշարերի կազմակերպման ընթացքում: Ի դեպ, անցած տարի Դիլիջանյան խաղերը Գիտակների համաշխարհային ասոցիացիայի կողմից ճանաչվեցին տարվա լավագույն մրցաշար, ինչը երեք տարի առաջ մենք չէինք կարող նույնիսկ պատկերացնել:

Զրուցեց Անահիտ Մինասյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]