Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Ապրիլ

Իրանը եւ «վեցյակը» մոտեցել են բանակցային գործընթացի եզրագծին


ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի միջուկային դոսյեի շուրջ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Իրանի բանակցությունները թեւակոխել են վճռորոշ փուլ, եւ, հնարավոր է, ընդամենը մի քանի օր կպահանջվի պատմական համաձայնագրի հասնելու համար, որի պատրաստումը տեւել է ավելի քան տասը տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այն բանից հետո, երբ հուլիսի 2-ին «վեցյակի» արտաքին գործերի նախարարների մեծամասնությունը մեկնեց Վիեննայից, աշխատանքն այնտեղ շարունակվում Է փորձագետների մակարդակով: Չնայած դրան, վստահությունը, որ բանակցությունները կավարտվեն համապարփակ համաձայնագրի ձեռքբերմամբ, այսօր ավելի մեծ է, քան երբեւէ:

Հուլիսի 2-ին Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Քոբուրգ» պերճաշուք հյուրանոցում, որն ընտրվել է պայմանագրի քննարկման ավարտական փուլի համար, վերստին հավաքվել էր «վեցյակի» ԱԳ նախարարների մեծամասնությունը, ինչպես նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը: Հնչած հայտարարությունների ընդհանուր տոնը մոտավորապես նույնն էր: Նախարարները, որոնք ծանրութեթեւ էին արել մամուլի համար արված իրենց կարճ հայտարարությունների յուրաքանչյուր բառը, նախազգուշացնում էին բարդ եւ մինչեւ վերջ չլուծված հարցերի մասին, բայց միեւնույն ժամանակ նշում էին ձեռքբերված առաջընթացը:

«Կան բաներ, որոնցում առաջ ենք շարժվել, բայց մենք դեռ չենք հասել բանակցությունների ավարտման փուլին»,- լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը:

ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան ին վստահություն է հայտնել, որ կոնսուլտացիաները կարելի է ավարտել մինչեւ հուլիսի 7-ը, այսինքն՝ մինչեւ այն ժամկետը, որն այժմ սահմանված է որպես գործարքի ձեռքբերման վերջնաժամկետ: «Կարծում եմ՝ դրա հավանականությունը մեծ է, բայց մենք պետք է խորհրդակցենք գործընկերների հետ»,- ասել է չինական դիվանագիտության ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք պայմանավորվածության հասնել մինչեւ հուլիսի 7-ը:

«Ինձ հարկավոր է պահպանել հույսը»,- իր հերթին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆը:

Վիեննայի քննարկումներին զուգահեռ հանրագումարային փաստաթղթի հասնելու շուրջ աշխատանքը հուլիսի 2-ին շարունակվել է նաեւ Թեհրանում, որտեղ այցով գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն:

Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Իրանի ներկայացուցիչ Ռըզա Նադաժֆին նշել է, որ «Իսլամական Հանրապետության պաշտոնատարների հետ Յուկիա Ամանոյի հանդիպումները շատ դրական էին ու կառուցողական», հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ