Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո մեկնարկեց Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը

Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո մեկնարկեց Հայաստանի 4-րդ 
միջազգային բժշկական համագումարը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո հուլիսի 1-ին մեկնարկեց Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը` միջազգային ճանաչում ունեցող փորձագետների, առողջապահության ոլորտի մասնագետների, բժիշկների և բուժքույրերի մասնակցությամբ: Հատկանշական է, որ այս տարի համագումարի բացման օրը համընկել է «Հայաստանի բուժաշխատողի օրվա» հետ: «Այս տարի մեր գերակայություններում առաջ ենք բերում հանրային առողջապահության խնդիրները` հաշվի առնելով, որ հանրային առողջությունն ազգի հարստություններից մեկն է, և անհրաժեշտ է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծրագրերը: Հաշվի առնելով, որ այդ ծրագրերն իրենց արդյունքին հասնում են տարիների ընթացքում՝ մենք չենք ակնկալում արագ և դրական արդյունք: Հուսով եմ, որ այդ ծրագրերն իրենց ուրույն տեղը կգտնեն մեր առօրյա աշխատանքներում և հաջողությամբ կպսակվեն: Մեր գերակա խնդիրներից են մոր և մանկան առողջությունը, «Դեղերի մասին» նոր օրենքը, իմունիզացիայի ծրագիրը, ծխելու դեմ պայքարը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա շնորհավորեց նաև Բուժաշխատողի օրվա կապակցությամբ` ոլորտի մասնագետնեին ցանկանալով քաջառողջություն, ընտանեկան ջերմություն, նորանոր ձեռքբերումներ աշխատանքում և խաղաղություն:

Հուլիսի 2-4-ը կայանալիք համագումարին կմասնակցեն 16 երկրների մոտ 500 մասնագետներ, իսկ սատելիտային սիմպոզիումներին` 1500-2000-ը: Բացման արարողությանը ներկա էր առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, պետական և հոգևոր այրեր, բժիշկներ, առողջապահության ոլորտի այլ մասնագետներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստարյանն ընթերցեց Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: «Հայոց մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցի տարում կազմակերպելով հերթական համագումարի կազմակերպումը պարտադրում է իրադարձություններին գնահատական տալ մի քիչ այլ տեսանկյունից: Սփյուռքն արդյունք է 100 տարի առաջ կատարված մարդկային ամենածանր եղեռնագործության: Սակայն այսօր ուժեղ ենք Հայրենիք-Սփյուռք-Արցախ միասնականության մեջ: Ոլորտ առ ոլորտ ամրացող մեր կապերն ավելի ինքնավստահ և անպարտելի են դարձնում մեզ: Պատահական չէ, որ բավական խոր ակունքներ ունեցող այս նախաձեռնության հեղինակներն ունեն մարդկային անգնահատելի արժեքների, գթասրտության և կարեկցանքի վրա հիմնված մասնագիտություն: Ես հպարտությամբ եմ արձանագրում, որ հայ բժիշկները թե′ հայրենիքում, թե′ սփյուռքում բարձր են պահում իրենց մասնագիտական արժանապատվությունը»,- ասվում է ՀՀ Նախագահի ուղերձում:

Համագումարի մասնակցիներին ուղերձ էր հղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց  Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը, որը կարդաց Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը:

Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարին կքննարկվեն ՀՀ և ԼՂՀ առողջապահությանն առնչվող բարդ խնդիրներ, քաղցկեղի բուժման և վերարտադրողական առողջության նորագույն ձեռքբերումները, տեխնոլոգիական առաջընթացը, կիզակետում կլինի թերի և գերսնուցման համընդհանուր խմդիրը: Համագումարին կկազմակերպվեն 17 սատելիտային սիմպոզիումներ` առողջապահության ոլորտի նորագույն մոտեցումները մարզերում աշխատող բժիշկներին փոխանցելու նպատակով:

1980 թվականից սկսած համագումարն իրականացվում է 2 տարին մեկ՝ աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանում առաջին միջազգային համագումարը տեղի է ունեցել 2003 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]