«Պատասխան` 100 տարի անց» ծրագիրը պատկերագիրք և ֆիլմ կներկայացնի
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատասխան` 100 տարի անց» համալիր ծրագրի շրջանակում կանցկացվի պատկերագրքի և ֆիլմի շնորհանդես: Այս մասին հուլիսի 1-ին տեղեկացրին ծրագրի նախաձեռնողները՝ ներկայացնելով կատարած աշխատանքները:
Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրի շրջանակում անցկացվել է ուխտագնացություն Արևմտյան Հայաստան:
«Բացի մեր առժամանակ կորուսյալ տարածքները դիտելուց, ես փորձում էի հետևել մեր մասնակիցներին, թե ինչպիսի ապրումներ են ունենում: Մեկ բան է կարդալը և լսելը, մեկ այլ բան է այդ ամենը սեփական աչքով տեսնելը: Մեծ տպավորություններով վերադարձանք: Պատկերագիրքը կլինի վերջնական հաշվետվություն հասարակությանը: Մտածում ենք նաև ծրագրի ընթացքում ստեղծված աշխատանքները ներկայացնել Արցախում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կարո Վարդանյանը:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության և մասնավոր հատվածի աջակցությամբ իրականացնում է «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը։ Անդրադառնալով 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին՝ մինչև հունիսի 1-ը նախագծի շրջանակում իրականացվել են 2 ենթածրագրեր: Ներկայումս ընթանում են «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում ներառվելիք նյութերի ամփոփման, խմբագրման, թարգմանության և ձևավորման աշխատանքները:
Պատկերագիրքը բաղկացած կլինի երեք՝ գրական-հասարակական, կերպարվեստի և պատմական ակնարկների բաժիններից: Առաջին բաժնում կներկայացվեն նաև արխիվային նամակներ, այդ թվում Անրի Վեռնոյի և թուրք նախարար Բյուլենտ Ակարցալիի նամակագրությունը: Կերպարվեստի բաժինը ծրագրի շրջանակում իրականացված «Անցյալը՝ ներկայում» մրցութային նախագծի ամփոփումն է: Բաժինը կավարտվի երիտասարդ ստեղծագործողների՝ Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության վերաբերյալ պատկերավոր հոդվածով: Ուխտագնացության մասին նկարահանվել է ֆիլմ, որի պրեմիերան կկայանա պատկերագրքի շնորհանդեսի հետ միաժամանակ: Պատմական ակնարկների բաժնում էլ ընթերցողները թեմայի վերաբերյալ տեղեկություններ կստանան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում