Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մայրենիին տիրապետելը մարտահրավերների դեմ պայքարելու միջոցն է. Արմեն Աշոտյան

Մայրենիին տիրապետելը մարտահրավերների դեմ պայքարելու միջոցն է. Արմեն 
Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 15 երկրից 60-ից ավելի ուսուցիչ Հայաստանում մասնակցում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագրին: Ծրագրի մեկնարկը տրվեց հուլիսի 1-ին Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցում:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով ծրագրի մասնակից ուսուցիչներին, մաղթեց, որ այս չորս շաբաթներն այնպես լիցքավորեն նրանց, որ ուսուցիչները  վերադառնան գաղթօջախներ և ոչ միայն գիտելիք հաղորդեն երեխաներին, այլև սեր դեպի հայրենիք:

«Սա ավանդական վերապատրաստման դասընթաց չէ, մեզ համար շատ կարևոր է մշտական ու հետադարձ կապ պահել մեր սփյուռքահայ ուսուցիչների հետ: Յուրաքանչյուր առիթի դեպքում մենք հիշում և մեծարում ենք ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև սփյուռքի մանկավարժներին: Դուք Հայաստանի կրթական համակարգի մի մասն եք, հայկական կրթությունն ապահովող առաքյալներից եք և ճակատագրի բերումով ստիպված եք այդ գործն անել Հայաստանից դուրս»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարն ընդգծեց, որ մայրենիի տիրապետումն այսօրվա մարտահրավերների դեմ պայքարելու միջոցն է: «Ցավոք, դրսում տեսնում եմ հայերի, որոնք հայերեն չեն խոսում: Բազում խնդիրների պարագայում շատ կարևոր է ուսուցչի դերը: Մենք շատ ենք ցանկանում, որ ծրագրերը ձեզ համար լինեն պիտանի և օգտակար»,-նշեց Արմեն Աշոտյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարի խոսքով՝ շատ կարևոր է, որ կրթական ասպարեզում մաքսիմալ օգտագործվեն տեխնոլոգիական միջոցները:

«Խնդրում եմ և պահանջում՝ դասապրոցեսի ժամանակ մաքսիմալ օգտագործեք տեղեկատվական տեխնոլոգիաները և հայալեզու կրթական բովանդակությունը»,-ընդգծեց Աշոտյանը՝ հորդորելով երեխաների մոտ դեպի մայրենին հետաքրքրությունն ավելացնել ոչ միայն ավանդական միջոցներով: Նախարարը շնորհակալություն հայտնեց սփյուռքահայ ուսուցիչներին իրենց աշխատանքի համար՝ ընդգծելով, որ մանկավարժ լինելը բարդ է, իսկ օտարության մեջ հայ մանկավարժ լինելն առավել բարդ է:

Անահիտ Ղևոնդյանը Սանկտ Պետերբուրգում աշխատում է մանկապարտեզում՝ որպես հոգեբան-մանկավարժ: «Առաջին անգամ եմ մասնակցում ծրագրին, մի տեսակ հուզված և ոգևորված եմ, հետաքրքիր է: Արդեն 7 տարի Ռուսաստանում եմ, 5 տարի էլ դասավանդում եմ: Մեր մանկապարտեզում 50-ից ավել երեխա է սովորում»,-նշեց նա:

Այս տարի նախատեսված է վերապատրաստում անկացնել վեց ուսումնական խմբերում. մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների , հայոց լեզվի ու գրականության դասավանդման, հայոց պատմության և հայրենագիտության, լրացուցիչ կրթության կազմակերպման: Սփյուռքահայ ուսուցիչների 2015 թվականի վերապատրաստման ուսումնական ծրագրով նախատեսված են լսարանային և գործնական պարապմունքներ, վարպետաց դասեր, կոնֆերանս:

ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության և ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]