Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ ուշադրությունը լինելու է շարունակական. Սեյրան Օհանյան

Անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ  ուշադրությունը 
լինելու է շարունակական. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են «Եռաբլուր» պանթեոն և հարգանքի տուրք մատուցել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցելուները ծաղիկներ են դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և  Անդրանիկ Զորավարի շիրիմներին: 

Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառմանը ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանն ընդգծել է, թր Արցախյան գոյամարտն այն պայքարն էր, որով հայ ժողովուրդը կարողացավ պահպանել իր արժանապատվությունն ու հայրենի հողի վրա ապրելու և արարելու իր իրավունքը: Նշելով, որ ցավոք, պատերազմում մարդկային կորուստներն անխուսափելի են, նախարարը հավելել է, որ մարտական գործողությունների ժամանակ եղել են նաև անհայտ կորածներ, որոնց ճակատագրերը մինչ օրս պատված են անհայտության մշուշով:

Սեյրան Օհանյանը ներկաներին վստահեցրել է, որ իբրև ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ՝ ինքն անձամբ ու հանձնաժողովի անդամներն արել և անելու են առավելագույնը՝ լրացնելու համար անհայտ կորած ազատամարտիկների ճակատագրի բաց էջերը, սփոփելու և հնարավորության սահմաններում աջակցելու նրանց հարազատներին։

Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Սեյրան Օհանյանն այցելել է նաև 23 տարի առաջ անհայտ կորած ազատամարտիկներից մեկի՝ Արթուր Ղարիբյանի հարազատներին։ Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է ազատամարտիկի ընտանիքի հոգսերով ու խնդիրներով, խոստացել հնարավորինս աջակցել դրանց լուծմանը: 

Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ պաշտպանական գերատեսչության ուշադրությունը լինելու է շարունակական, իսկ անհայտ կորած անձանց որոնման աշխատանքները, նրանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ տարվող որոնողական աշխատանքները չեն դադարելու մինչև չպարզաբանվեն նրանց ճակատագրերին առնչվող բոլոր մանրամասները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]