Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոչ թե փոխհատուցում, այլ տարածքի վերադարձ. Արամ Ա-ի թուրք փաստաբանը Թուրքիայի դեմ դատական գործի մասին

Ոչ թե փոխհատուցում, այլ տարածքի վերադարձ. Արամ Ա-ի թուրք 
փաստաբանը Թուրքիայի դեմ դատական գործի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիսի Հայոց կաթողիկոսարանը հայկական կողմին վերադարձնելու նպատակով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հարուցած դատականը գործը կարող է նախադեպ հանդիսանալ ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող այլ գույքի հետ վերադարձի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական «Ռադիկալ» պարբերականի հետ զրույցում հայտնել է Արամ Ա-ի Թուրքիայում գտնվող փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն:

«Կիլիկիայի Հայոց կաթողիկոսության նպատակը հետ ստանալն է ներկայիս Ադանայի Քոզան գավառում գտնվող և 1293-1915 թվականների ընթացքում կաթողիկոսարանի կրոնական և սուրբ կենտրոնը համարվող տարածքը, որի վրա դեռևս մնում են Սուրբ Սոֆիայի վանքի և մի եկեղեցու ավերակները: Սա է Թուրքիայի Սահմանադրական դատարանում մեր հարուցած գործի էությունը»,- նշել է փաստաբանը՝ ընդգելծով, որ դատական հայցում նշված 100 մլն թուրքական լիրայի (37 մլն ԱՄՆ դոլար) պահանջն արվել է՝ ելնելով դատական գործընթացի համար անհրաժեշտ ընթացակարգից, սակայն իրենց հիմնական նպատակը սեփականության տարածքը հետ ստանալն է, այլ ոչ թե փոխհատուցումը:

«Եթե այս գործը հանգուցալուծվի մեր օգտին, այն նախադեպ կդառնա այլ եկեղեցիների և վանքերի վերադարձի համար»,- ասել է Սոֆուօղլուն:

Անդրադառնալով 1915 թվականին տեղի ունեցած իրադարձություններին և դրանց ընկալմանը՝ փաստաբանը նշել է. «Ես ընդունում եմ, որ հայերի աքսորը ցեղասպանություն էր: Գիտեմ, որ «ցեղասպանություն» կամ «գենոցիդ» եզրույթի ստեղծող լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիան պատրաստելիս նկատի է ունեցել հայերի աքսորը և եզրույթը ստեղծել է այդ դեպքերի հիման վրա: Նրա աչքերով էլ կատարվածը ցեղասպանություն էր»,- ընդգծել է Սոֆուօղլուն՝ հավելելով, որ հրեաների Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միակ տարբերությունն այն է, որ հայերի հետ կատարվածը Հոլոքոստից 30 տարի առաջ էր և այն չունի Նյուրնբերգյան դատարանի նման որևէ միջազգային դատական ատյանի կողմից որոշում:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28-ին դատական հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսը վերադարձնել իր պատմական կաթողիկոսարանին:

Սիսի հայոց կաթողիկոսարանի վերադարձը պահանջելու և Թուրքիայի ՍԴ դիմելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն առաջին անգամ հայտարարել է «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացմանը: Հետագայում կաթողիկոսն իր հարցազրույցներում եւ հայտարարություններում բազմիցս նշել է, որ իրենց վերջնական նպատակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հարցի բարձրացումն է, քանի որ վստահ են, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը կմերժի հայցը:

Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293-1441-ին եղել է Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: 1292-ին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն և տարել Կահիրե, Գրիգոր Է Անավարզեցին Հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը տեղափոխել է Սիս և կաթողիկոսանիստ դարձրել քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող նախկին եպիսկոպոսանիստ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եռախորան եկեղեցին: Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո 1441-ին, Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ, Կիլիկիայում մեկուսացած և հայ ժողովրդի համար քաղաքական ու հոգևոր-կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը կորցրած, տնտեսապես քայքայված Մայր աթոռը Սիսից տեղափոխվել է բուն Հայաստան և վերահաստատվել իր նախնական վայրում՝ Վաղարշապատում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am