Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՄԻԵԴ-ի վճռում Ադրբեջանի տարածքները ՀՀ-ի կողմից օկուպացնելու վերաբերյալ պնդում չկա. Նալբանդյան

ՄԻԵԴ-ի վճռում Ադրբեջանի տարածքները ՀՀ-ի կողմից օկուպացնելու 
վերաբերյալ պնդում չկա. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Չիրագովն ընդդեմ Հայաստանի վճռի ՄԻԵԴ-ի դատական վճռի մեջ Ադրբեջանի տարածքները Հայաստանի կողմից օկուպացնելու վերաբերյալ պնդում չկա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԱԳ նախարարի հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Հարց. Պարոն նախարար, առաջին հարցը փոքր-ինչ ընդհանրական բնույթ ունի: Ինչպիսի՞ն է ՀՀ կարծիքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) գործունեության վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը բարձր է գնահատում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրների 800 միլիոն բնակչության մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության գործում: Հայաստանը մշտապես աջակցել է այն գործընթացներին ու բարեփոխումներին, որոնք ուղղված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացմանն ու դատարանի գործառույթների լիարժեք կատարմանը:

Հարց. Չիրագովն ընդդեմ Հայաստանի վճռի հրապարակման առաջին իսկ պահից Ադրբեջանը փորձեց շահարկել այն, տալ վճռի մեկնաբանության սեփական, յուրովի տարբերակը, մասնավորապես ասելով, թե Դատարանը Հայաստանին մեղադրում է Ադրբեջանի տարածքների օկուպացիայի մեջ: Արդյո՞ք դա այդպես է:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է Ադրբեջանի մեկնաբանություններին, թե իբր Չիրագովի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման համաձայն Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, անհրաժեշտ է ընդգծել, որ ՄԻԵԴ-ի դատական վճռի մեջ նման պնդում չկա: Իր հայտարարություններով Բաքուն փորձում է թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը: Ավելին, վճռի 168-րդ հոդվածում ՄԻԵԴ-ը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ այս որոշումը նշանակություն ունի միմիայն Եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքների պաշտպանության համար և ոչ ավելին: Ինչպես նշվում է գործում, դատավճիռը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից բխող իրավունքների պաշտպանությանը` սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, փոխհատուցման իրավունքներին:

Հարց. Պարոն նախարար դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Ձեր արած մեկնաբանության մեջ Դուք նշում եք, որ փախստականների և տեղահանված անձանց վերադարձի իրավունքի հետ կապված հարցերը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս են կազմում, դրանք կարող են լուծում ստանալ հիմնախնդրի համապարփակ կարգավորման արդյունքում։ Կարո՞ղ է արդյոք ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը ազդել բանակցային գործընթացի վրա:

Էդվարդ Նալբանդյան. Գործը դատարանի վարույթ ընդունելու ՄԻԵԴ-ի որշման մեջ նշվում է, որ ողջամիտ կլիներ, եթե դիմումատուները սպասեին քաղաքական գործընթացների` խաղաղ բանակցությունների ավարտին, ինչը ներկա իրավիճակում կարող էր տրամադրել հարցի լուծման միակ իրական հնարավորությունը: Միաժամանակ, որոշման մեջ նշվում է, որ, անկախ բանակցային գործընթացից, անհատներն իրավունք ունեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում հետամուտ լինել իրենց իրավունքների պաշտպանությանը:

Աշխարհում մարդու իրավունքների ոտնահարմամբ տխրահռչակ Ադրբեջանն իր քաղաքական հաշվարկներում չի խորշում օգտագործել նաև մարդու իրավունքների պաշտպանության ամենահեղինակավոր կառույցներից մեկի` ՄԻԵԴ-ի որոշումը: Բաքուն հերթական անգամ մարդու իրավունքների, մասնավորապես՝ փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, փորձում է ներկայացնել կամայական մեկնաբանություններով՝ ըստ այդմ, խեղաթյուրելով գործի ողջ էությունը: Չիրագովի հայցով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը վերաբերում է անհատական դատական գործի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքներին և չի կարող ազդել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա։

Հարց. Դատավճիռը որևէ կերպ անդրադառնու՞մ է այն պայմաններին, որոնք պատճառ հանդիսացան, որպեսզի դիմումատուները լքեն իրենց տները:

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի այն դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրականացրել է ինքնապաշտպանության իր իրավունքը, դատավճռի 197-րդ հոդվածում Դատարանը հաշվի է առել, որ Լաչինի շրջանն ունեցել է ռազմավարական նշանակություն և որ անհրաժեշտություն կար սննդամթերքի, դեղորայքի և այլ մթերքների մատակարարումը Լեռնային Ղարաբաղ ապահովելու համար: Փաստորեն, դատարանը հաշվի է առնում, որ Լաչինի ազատագրումը կենսական նշանակություն է ունեցել՝ Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առաջնային անհրաժեշտության ապրանքների հասանելիությունն ապահովելու համար:

Հարց. Իսկ ի՞նչ արձագանք է ստացել Բաքվում ՄԻԵԴ-ի կողմից կայացրած՝ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի վճիռը:

Էդվարդ Նալբանդյան. Դուք ճիշտ եք, Չիրագովի գործով ընդունված որոշման հենց նույն օրը ՄԻԵԴ-ը մեկ այլ որոշում է կայացրել` պաշտպանելով Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները: Վերը նշված երկու գործերում էլ Դատարանի կայացրած վճիռները գրեթե կրկնում են միմյանց, երկու դեպքերում էլ Դատարանն արձանագրել է, որ առկա են Կոնվենցիայի նույն իրավունքների խախտումներ: Հատկանշական է, որ Բաքուն փորձում է խուսափել Սարգսյանի գործով Դատարանի վճռի որևէ հիշատակումից:

Պետք է նշել, որ առաջին անգամ չէ, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Ինչպես նշվում է դատավճռի 129-րդ հոդվածում, ՄԻԵԴ-ն առաջին անգամ նման գործ քննել է դեռ 1996թ.-ին և հետագայում մի քանի անգամ կրկին անդրադարձել է նման գործերի` բավարարելով տեղահանված անձանց՝ Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները:

Հարց. Արդյո՞ք Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործում կան այնպիսի ձևակերպումներ, որոնց պատճառով, ինչպես Դուք նշեցիք, Ադրբեջանը խուսափում է հիշատակել ՄԻԵԴ-ի այդ որոշման մասին:

Էդվարդ Նալբանդյան. Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 32-րդ հոդվածում նշվում է, որ 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին ԽՍՀՄ ներքին զորքերը և Ադրբեջանի ԽՍՀ հատուկ ջոկատայինները (ՕՄՕՆ) ռազմական գործողություն սկսեցին, որի հայտարարված նպատակն էր, այսպես կոչված, անձնագրային ստուգումը: Սակայն դա միայն առիթ էր՝ Շահումյանի շրջանի մի շարք գյուղերից հայկական բնակչությունը տեղահանելու համար` ստիպելով նրանց լքել իրենց տները և փախչել Լեռնային Ղարաբաղ կամ Հայաստան: Տեղահանումներն ուղեկցվում էին քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացվող բռնությամբ և ձերբակալություններով: 1992թ., երբ հակամարտությունը վերաճեց լայնամասշտաբ պատերազմի, Շահումյանի շրջանը հարձակման ենթարկվեց ադրբեջանական ուժերի կողմից: Նույնը կատարվել էր այլ շրջաններում բնակվող հայերի նկատմամբ: Փաստորեն, ՄԻԵԴ-ը հաստատում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայկական ազգաբնակչության նկատմամբ իրականացված բռնությունները և տեղահանությունը: Սարգսյանի գործի 216-րդ հոդվածում դատարանը կրկին ընդգծում է, որ դիմումատուն այն հարյուր հազարավոր հայերից մեկն է, որոնք հակամարտության ժամանակ փախել են` լքելով իրենց տունն ու ունեցվածքը: Կարդալով դատավճռի նյութերը՝ պարզ է դառնում, թե ինչու է Ադրբեջանը լռում ՄԻԵԴ-ի այս որոշման մասին:

Հարց. Արդյո՞ք ՄԻԵԴ-ի որոշումները կարելի է դիտարկել որպես միջամտություն հիմնախնդրի կարգավորմանը:

Էդվարդ Նալբանդյան. Անդրադառնալով ՄԻԵԴ-ի իրավասության ոլորտում գտնվող հարցերին՝ Դատարանը Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 216-րդ հոդվածում նշում է, որ հակամարտության քաղաքական հանգուցալուծման պարտավորությունն ընկնում է հակամարտող կողմերի վրա: Այսինքն՝ Դատարանն ինքն ընդգծում է, որ իր որոշումը չի վերաբերում հակամարտության կարգավորմանը և ոչ էլ դրա տարրերին` այսպիսով ևս մեկ անգամ հերքելով ադրբեջանական խեղաթյուրումները: Շարունակելով իր միտքը՝ Դատարանը շեշտում է, որ այնպիսի հարցերի համապարփակ լուծումը, ինչպիսիք են` իրենց նախկին բնակության վայրերը փախստականների վերադարձը, կամ փոխհատուցում ստանալը, կարող է իրականացվել միայն խաղաղության համաձայնագրի միջոցով:

Գործի 236-րդ հոդվածում Դատարանը շեշտում է Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ընթացող բանակցությունների կարևորությունը և ընդգծում, որ բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունքը Մադրիդի հիմնարար սկզբունքների տարրերից մեկն է, որը մշակվել է Մինսկի խմբի շրջանակներում և ընկած է խաղաղության բանակցությունների հիմքում: Այստեղ ևս Դատարանը վերահաստատում է, որ իր որոշումը չի վերաբերում հակամարտության հանգուցալուծմանը կամ դրա տարրերին, ներառյալ՝ փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձի իրավունքին, որոնք պետք է լուծում ստանան միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող միակ` Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում: Սա ևս մեկ անգամ հերքում է ադրբեջանական այն պնդումները, թե իբր ՄԻԵԴ-ի որոշումը կապված է հակամարտության կարգավորման տարրերի հետ:

Այն, որ անկախ ՄԻԵԴ-ի վերոհիշյալ որոշումից, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, հունիսի 22-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հասատատեց նաև ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Բոսնիայի ԱԳ նախարար Իգոր Ցրնադակը: Նա, անդրադառնալով Չիրագովն ընդդեմ Հայաստանի և Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործերին, մասնավորապես նշեց, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հետևում է վճիռների իրականացման ընթացքին, միաժամանակ ընդգծեց, որ խնդրի կարգավորման միջնորդական առաքելությունն իրականացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցության պահից համատեղ պարտավորություն են ստանձնել՝ հիմնախնդիրը լուծելու խաղաղ ճանապարհով:

Սակայն, նույնիսկ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահի կողմից արված միանշանակ հայտարարությունների պայմաններում, Ադրբեջանը շարունակում է թմբկահարել, թե իբր Դատարանի որոշումը վերաբերում է հակամարտության կարգավորմանը:

Հարց. Նման քաղաքականությամբ ինչի՞ է ձգտում հասնել Ադրբեջանը:

էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի որոշման շահարկումը կարող է վնաս հասցնել ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծման Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Սույնով Ադրբեջանը կրկին փորձում է տեղափոխել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը այլ ձևաչափեր, թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը, ձախողել համանախագահ երկրների ջանքերը:

Օգտագործելով ՄԻԵԴ-ի որոշման իր կամայական մեկնաբանությունները` Ադրբեջանն արդեն իսկ հայտարարում է, թե իբր զորքերի դուրսբերումը պայմաններ կստեղծի փախստականների վերադարձի համար, և որ այս հարցերը որևէ կերպ չեն կարող որպես փոխզիջում դիտարկվել: Այսինքն՝ Ադրբեջանն՝ իր կամայական և ընտրովի մեկնաբանություններով, ևս մեկ անգամ հակադրվում է Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտնի հինգ հայտարարություններում հրապարակված առաջարկներին: Բաքուն մոռացության է մատնում, որ համանախագահներն այդ տարրերը դիտարկում են որպես մեկ ամբողջություն, որոնցից մեկին նախապատվություն տալը անհնար կդարձնի հավասարակշռված կարգավորումը: Սա ևս մեկ ապացույց է, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից ներկայացված՝ միջազգային իրավունքի նորմերի, սկզբունքների և տարրերի հիման վրա, որոնք արտացոլված են լ’Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում, Էնիսքիլենում եռանախագահող երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Ադրբեջանի այդ մոտեցումները թույլ չեն տալիս հասնել համապարփակ կարգավորման, ինչի պարագայում կլուծվեին նաև փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցերը:

Չունենալով որևէ հիմք՝ արդարացնելու համար իր ապակառուցողական քաղաքականությունն ու եռանախագահներին հակադրվելը` Ադրբեջանը գործի է դնում իր ձեռքի տակ առկա միակ հնարավորությունը` կեղծարարությունը: Չիրագովի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման շահարկումը դրա վերջին դրսևորումներից է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]