1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արտակ Զաքարյանը եվրապատգամավորների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Արտակ Զաքարյանը եվրապատգամավորների հետ քննարկել է ԼՂ 
հակամարտության կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցությանն առնչվող խնդիրներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հունիսի 24-25-ն աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Զաքարյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի ներկայացուցիչ Ռիչարդ Չառնեցկու, Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ Յացեկ Սարյուշ-Վոլսկու, ԵԺԿ խմբի պատգամավորներ Ֆրանկ էնգելի եւ Ագնեշկա Կոզլովսկա-Ռաեւիչի, Եվրոպական խորհրդարանում սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքի խմբի փոխնախագահ Կնուտ Ֆլեքենշտայնի եւ պատգամավոր Գեորգ Պիրինսկու, Եվրախորհրդարանի Կանաչների խմբի/Եվրոպական ազատ դաշինքի փոխնախագահ, Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալայի, Եվրախորհրդարանի Ազատության Եվրոպա եւ ուղիղ ժողովրդավարություն խմբի փոխնախագահ Ռոլանդաս Պակսասի, խմբի պատգամավորներ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի եւ Լաուրա Ագեայի հետ:

Քննարկումների ընթացքում բարձր է գնահատվել արտաքին քաղաքական տարբեր ոլորտներում Հայաստանի կողմից վարվող կառուցողական քաղաքականությունը: Կարեւորվել են Ռիգայի գագաթաժողովում Հայաստանի կողմից ամրագրված դիրքորոշումներն ու համաձայնությունները:

Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանի խորհրդարանը բարձր է գնահատում 2015 թ. ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, ինչպես նաեւ եվրոպական շատ երկրների ազնիվ արձագանքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է նաեւ եվրապատգամավորների հաճախակի այցելությունները Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ նշել, որ այդ այցելությունները շարունակական լիցքեր են հաղորդում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության զարգացմանը, ինչպես նաեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Քննարկվել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում առկա իրավիճակի, լարվածության աճի եւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը վերաբերող հարցեր:

Հանդիպումների ընթացքում Արտակ Զաքարյանը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի անունից Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների հանձնել է ԱԺ պատվոգրեր եւ շնորհակալագրեր` ՀՀ-ԵՄ խորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Եվրախորհրդարանի պատգամավորները բարձր են գնահատել հայ խորհրդարանականների հետ ակտիվ կապերի ու գործնական հարաբերությունների առաջմղման անհրաժեշտությունը եւ այդ հարցում վերահաստատել են իրենց պատրաստակամությունը:

Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկայում իրականացվելիք մի շարք համատեղ նախաձեռնությունների շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]