Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Թևան Պողոսյանը ցուցարարների կողմից նախագահի հետ հանդիպման առաջարկը մերժելը կապում է փորձի պակասի հետ


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը կարևորում է Բաղրամյան պողոտայում ընդդեմ հոսանքի թանկացման բողոքի ակցիա իրականացնող երիտասարդների մոտ թիմային որոշումներ կայացնելու ունակությունը: Հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորն ընդգծեց, որ շատ կարևոր է, որ ակցիայի մասնակիցների միջև ընդգծված լիդերներ չկան և որ բոլոր որոշումները կայացվում են թիմային քննարկումների արդյունքում: «Սա իսկապես ունիկալ երևույթ է, որովհետև մենք նախկինում Հայաստանում նման բանի ականատես չենք եղել: Մենք նախկինում ունեցել ենք քաղաքական նախաձեռնություններ, որտեղ եղել են լիդերներ, և արդյունքում այդ նախաձեռնություններն անհաջողության են մատնվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պողոսյանը:

Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ ակցիայի մասնակիցները մերժում են երկրի ղեկավարի հետ հանդիպելու առաջարկը, պատգամավորը դա կապեց փորձի և պրակտիկայի պակասի հետ: «Գիտեք, ցանկացած կողմ, երբ զգում է, որ իր դիրքերն ավելի թույլ են, քան դիմացինի դիրքերը, հրաժարվում է բանակցություններց: Միգուցե, ակցիայի մասնակիցները սպասում են, որպեսզի իրենց դիրքերն ուժեղացնեն և նոր միայն գնան բանակցությունների ճանապարհով: Չեմ կարող հստակ ասել, սակայն կարևորում եմ այն վճռականությունը, որը տեսնում եմ այդ երիտասարդների մոտ»,- ասաց պատգամավորը:

Նա ևս մեկ անգամ հստակեցրեց, որ պատգամավորները, շոու բիզնեսի ներկայացուցիչներն ու մտավորականները Բաղրամյան պողոտայում են, որպեսզի կանխեն ոստիկանության և ցուցարարների միջև հնարավոր բախումները: Պողոսյանն ընդգծեց, որ պողոտայում գտնվող պատգամավորները ոչ մի դեպքում չեն խառնվում ակցիայի մասնակիցների գործողություններին, չեն միջամտում նրանց որոշումներին, չեն մասնակցում ոստիկանության հետ նրանց կողմից տարվող բանակցություններին: 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ